Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Գինոսյան. «Փարաքար գյուղը «Գինու վերնիսաժին» 1 օրով կդառնա «Դյութի Ֆրի»

Օգոստոս 16,2013 16:48

«Արենի» փառատոնի հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը եւ «Կարին» ավանդական երգի եւ պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում օգոստոսի 18-ին տեղի ունենալիք գինեգործական երկրորդ «Վերնիսաժը»:

Նունե Մանուկյանի խոսքերով, այդ օրը նրանք հատուկ են ընտրել, քանի որ այն համընկնում է «Խաղողօրհներքի» տոնի հետ: Նման միջոցառում այդ օրը տեղի է ունենալու ոչ միայն Փարաքարում, այլ նաեւ Նորավանքում. «Այդ օրը հյուրերը կկարողանան տեսնել եւ համտեսել ոչ միայն հայկական խաղողից պատրաստված գինին, այլեւ կկարողանան ունկնդրել հայկական ավանդական երգերն ու պարերը»:

Նունե Մանուկյանն ասաց, որ իրենք պատահաբար չեն ընտրել Փարաքար գյուղը. «Փարաքարը մի վայր է, որտեղից սկսվում է Հայաստանի ճանաչումը: Այն դեպի օդանավակայան տանող ճանապարհի վրա է, որտեղ ցանկացած ոք կարող է կանգ առնել եւ միանալ խնջույքին՝ ճանաչելու համար իսկական հայկական մշակույթը»:

Շարունակելով Տիկին Մանուկյանի խոսքերը՝ Գագիկ Գինոսյանն ասաց, որ իրենք հայտնվում են այնտեղ, որտեղ կա հայ մարդ, որոնց կարելի է ներկայացնել հայկական մշակույթը. «Նախկինում նման միջոցառումներն անցկացվել են ծեսերի միջոցով, այժմ էլ փորձում ենք հետ վերադարձնել մեր հին հայկական մշակույթը եւ «Գինու վերնիսաժի» միջոցով մեր ժողովրդին մատուցել հայկական ավանդական երգն ու պարը»:

Գագիկ Գինոսյանը նույնպես կարծում է, որ Փարաքարը նման միջացառման համար ամենահարմար վայրն է. «Մեկ օրով այն կդառնա կենդանի «Դյութի Ֆրի», որտեղից մարդիկ կկարողանան գնել հուշանվերներ եւ գինիներ՝ առանց օդանավակայան հասնելու»:

Փառատոնին ներկայացված է 6 հայտ, այսինքն՝ 6 հոգի կարող են հյուրերին ներկայացնել իրենց պատրաստած գինիները: Տիկին Մանուկյանի խոսքերով, անցած «Վերնիսաժից» հետո, որը տեղի էր ունեցել այս տարվա հուլիսի 5-ին, 30%-ով տեղական գինիների վաճառքը աճել է: Պարբերաբար դարձնելով նման միջոցառումները Հայաստանում՝ բանախոսները հույս ունեն, որ ողջ աշխարհը կսկսի ճանաչել հայկական գինին եւ մշակույթը:

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031