Օգոստոսի 16-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Դրագանա Ռանկովիչի հետ` օգոստոսի 8-ին Ադրբեջանում գերի ընկած հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հարցում ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության կատարած աշխատանքների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով:
Փոխնախարար Հովակիմյանը կոչ արեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակությանը հարցի առնչությամբ գործադրել ավելի ակտիվ միջնորդական ջանքեր՝ կարեւորելով Բաքվում ԿԽՄԿ պատվիրակության հետ սերտ համագործակցությունը:
Իր հերթին տիկին Ռանկովիչը հայտնեց, որ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության կողմից կազմակերպության մանդատի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քայլեր` Բաքվի ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչների կողմից հայ զինվորին այցելելու թույլտվություն ստանալու նպատակով:
ԱԳՆ մամուլի հաղորդագրություն