Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էին հրավիրել անհատական տաքսու մի քանի վարորդներ` դժգոհելով, որ Շիրակի մարզի գազալցակայաններում թանկացրել են գազի գները:
«Գազի թանկացումից հետո ամբողջ Հայաստանում ամենամաքսիմալ գինը 1 խորանարդի դիմաց 185 դրամ է, տեղեր կան՝ 170 դրամ: 160 դրամ նույնիսկ կա, բայց մեզ մոտ, չգիտես ինչից ելնելով, երևի թե գյումրեցիներս շատ հարուստ, սոցիալապես ապահով վիճակում ենք, իբրև թե մեծահարուստների քաղաքն է, 200 դրամ են դարձրել: Երբ հարցնում ես ինչո՞ւ, պատասխանում են՝ չես ուզում, գնա բողոքի, կամ մի զապռավկա արա:
Ես Երևան միշտ գնում, գալիս եմ, շատ հետաքրքրված եմ, ճանապարհներին զապռավկա եմ անում, էդպիսի գին գոյություն չունի, մարդ կա, որ քաղաքից դուրս չի գալիս, տեղյակ չէ: Հենց երեկ Քարակերտում եմ եղել, 170 դրամ է, բա ամոթ չէ՞:
Սկզբում Գյումրում էր այդպես, հետո տարածվեց ամբողջ Շիրակի մարզում, չգիտես նույնիսկ ում բողոքես, գազի լցակայանները կամ նախկին մարզպետներինն են, կամ քաղաքապետերինը , դատախազներինը, գազալցակայանը քյասիբ մարդու բան չէ:
Կարդացեք նաև
Հայաստանում արդեն թանկացած ձևով գազի գինը սահմանվել է 180 դրամ, իսկ Գյումրին, որը արդեն անմարդաբնակ քաղաք է դարձել, 200 դրամ է: Ու վատն էն է, որ ում էլ բողոքես, հենց էդ պաշտոնյան է գազալցակայանի տերը: Գազն էլ որակ չունի, էստեղ լցնում ես, էնտեղ վերջանում է: Վերջը էս երկիրը տեր ունի՞, թե ով ինչ ուզի պիտի անի», – սրտնեղեց Գևորգ Հովհաննիսյանը:
Մենք եղանք Գյումրու մի քանի գազալցակայաններում`ճշտելու թանկացման պատճառները, սակայն բոլոր սեփականատերերը մի մարդու պես թաքնվում էին`ոչ մի հիմնավոր պատճառաբանություն չունենալով:
Թեմայի մանրամասները՝ վաղը «Առավոտ» օրաթերթում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ