Վարչական դատարանը վարույթ չի ընդունել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի խմբակցության ներկայացրած երկու հայցադիմումները, որոնցով խմբակցությունը պահանջում էր անվավեր համարել քաղաքապետ Տարոն Մարգարյանի երկու որոշումները` տրոլեյբուսների ու մյուս փոխադրամիջոցների ուղեվարձերի սակագները բարձրացնելու մասին` պատճառաբանելով, որ այն սխալ է ներկայացված :
Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի որոշման մեջ նշվում է, որ հայցադիմումը ներկայացվել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անունից, իսկ հայցադիմումը ստորագրել է խմբակցության ղեկավարը։ Հայցադիմումին կից բացակայում է որեւէ ապացույց այն մասին, որ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավարը լիազորված է խմբակցության անունից հայց հարուցելու վարչական դատարանում։
Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն ասաց, որ հայցը ներկայացնելիս, իրենք իրավաբանների հետ խորհրդակցել են, վերջիններս ասել են, որ «այդպես կարելի է»:
Բայց տիկին Բախշյանը խնդիր չի տեսնում, ինքն այժմ քաղաքում չէ, կվերադառնա եւ հայցը կներկայացնեն այնպես, ինչպես որ պահանջվում է: «Դա շարունակվելու է, չենք ընկրկելու: Տեղում կտեսնենք, թե իրենց պատճառաբանությունն ինչքանով է հիմնավորված, եթե հիմնավորված է՝ կանենք այնպես, ինչպես որ պահանջում են»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Կարդացեք նաև
Իսկ «Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանը տեղեկացրեց, որ եկող երեքշաբթի օրը հայցը նորից կներկայացվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ