Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շահեն Պետրոսյան. «Կարող է՝ Ալիեւի ականջին Պուտինը շշնջացել է՝ կհարձակվեք, մեր «Սմերչ»-երը լավ էլ կաշխատեն»

Օգոստոս 16,2013 15:11

ՀՀ-ի ռազմավարական գործընկեր երկրի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի՝ Բաքվում արած հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի քաղաքական մեթոդներով, հայաստանյան իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների ձեռքին դարձել է դրոշակ: Երկու օր է, տարբեր մեկնաբանություններում իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները հղում անելով այդ հայտարարությանը՝ որակումներ են տալիս, թե դա Ադրբեջանի համար «սառը ցնցուղ», «ապտակ» կամ էլի նման մի բան է: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ հրապարակային հայտարարություն պետք է աներ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարը: Արդյո՞ք Ադրբեջանին չորս միլիարդ դոլարի զենք վաճառելուց հետո Պուտինը պետք է հրապարակային խոսեր ԼՂՀ խնդրի ռազմական լուծման մասին:

Այս հարցերի շուրջ «Առավոտի» հետ զրույցում նախկին ՀՀՇ վարչության անդամ Շահեն Պետրոսյանը նկատեց, որ ՌԴ-ն ԼՂՀ խնդրի կարգավորման մադրիդյան սկզբունքների մեջ վաղուց ունի այդ հարցի լուծման իր պատկերացումներն ու մոտեցումները, որոնք լիովին քաղաքական են, եւ Մինսկի խմբի անդամ երկրի նախագահն այլ հայտարարություն չէր էլ կարող անել: «Ես չգիտեմ, թե իրենք ի՞նչ են խոսել: Կարող է՝ Ալիեւի ականջին Պուտինը շշնջացել է՝ կհարձակվեք, մեր «Սմերչ»-երը լավ էլ կաշխատեն: Չգիտեմ: Բայց հրապարակային ուրիշ ի՞նչ կարող էր ինքն ասել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով միջազգային պատմությունից էթնիկական զտումների մի քանի դեպքեր, որոնց ժամանակ որեւէ առաջնորդ բացահայտ չի հայտարարել բնաջնջումների մասին, բոլորն էլ ասել են, որ երկրում կարգ ու կանոն են հաստատում:

Արդեն Հայաստանի նորագույն շրջանից օրինակ բերելով՝ պարոն Պետրոսյանը հարց է տալիս ՀՀ իշխանավորներին. «Մարտի 1-ին, որ սպանդ եղավ Հայաստանում, իրենք հայտարարեցին որ սպանելո՞ւ են մարդկանց: Հայտարարեցին, որ կարգ ու կանոն են ստեղծում: Կարգ ու կանոն ստեղծելը քաղաքական լուծում է, բայց դրանից հրճվել, որ տեսա՜ք Պուտինն ի՞նչ ասեց, տաֆտալոգիա է: Դա նույնն է, որ իշխանություններն ասեն, թե արեւը ծագում կամ մայր է մտնում իրենց հրամանով»:

Իսկ Պուտինի՝ Բաքու կատարած այցից մեր զրուցակիցը տպավորություն ունի, որ ՌԴ-ն խնդիր ունի «զենքի շուկա» չկորցնելու. «Աշխարհում շուկաների մեծ մրցավազք է սկսվել: ՌԴ-ն գնալով իր զենքի շուկաները կորցնում է, իսկ զինամթերք վաճառելն ամենաեկամտաբեր բիզնեսն է, մանավանդ, իշխանական խավերն ամենաբարձր մակարդակով խառնված են այդ բիզնեսի մեջ: Որպեսզի ՌԴ-ն չկորցնի իր այդ շուկան, չգիտեմ ինչ-ինչ գործարքների դիմաց ՌԴ-ն Ադրբեջանին պարտադրել է, որպեսզի իրենից գնի զենքը: Ու քանի որ ՌԴ-ն պետք է այդ զենքը կիրառող մասնագետներին ուսուցանի, Ադրբեջանը կախվածության մեջ է ընկնում ՌԴ-ից այնպես, ինչպես հիմա Հայաստանն է: Ի դեպ, Ադրբեջանն ազատ փող ունի, Հայաստանը չունի, այլապես, Հայաստանն էլ կգներ այդ զենքերը»: Այն, որ լինելով, այսպես ասած, թուրքական ալյանսի մեջ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ից չի զենք գնում եւ փորձում է խորացնել Կասպյան տարածաշրջանային համագործակցությունները, մեր զրուցակցին հիմք է տալիս ենթադրելու, որ այսպիսով ՌԴ-ն փորձում է մեկուսացնել արեւմտյան ընկերություններին. «ՌԴ-ն «Ռոսնեֆտով» մտնում է այն ընկերությունների մեջ, որոնք տնօրինում էին կասպյան նավթային բազաները: Արեւմտյան ընկերություններն աշխատում են նորմալ տոկոսային հարաբերությամբ, ոչ ատկատներով, ու ինչ-որ բան էդտեղ Ալիեւին, հավանաբար, ձեռնտու չի եղել, դրա համար ռուսների հետ է սկսում աշխատել, քանի որ ատկատների տարբերակը լավ է ստացվում»:

Շահեն Պետրոսյանը չի բացառում նաեւ, որ Ալիեւն այդ քայլերին գնա հանուն նրա, որ երրորդ անգամ էլ ազատ «վերընտրվի», եւ ՌԴ-ն չփորձի Իբրահիմբեկովին սատարելով՝ բարդացնել իր պաշտոնավարումը: Մեր զրուցակիցը նկատում է, որ ՌԴ-ին էլ ձեռնտու է օլիգարխիկ եւ կախյալ իշխանությունը:

Շահեն Պետրոսյանն, ի դեպ, դեմ է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու առիթով Հայաստանում ծավալված հիստերիային. «Հայաստանը չպետք է քիթը խոթի ուրիշի գործարքների մեջ, պետք է իր գործով զբաղվի ու գործոն դառա: Ադրբեջանը գործոն է իր հարստությունների շնորհիվ, բայց Հայաստանի խնդիրն էլ պետք է լինի գործոն դառնալը, իսկ մեր դեպքում գործոն լինելու միակ պոտենցյալը դեմոկրատական համակարգն է, արեւմտյան արժեքները, որոնց կրողը պետք է լինենք»:

Այս իմաստով, սակայն, մեր զրուցակցին այդքան էլ չեն ոգեւորում ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ տեղի ունեցող զարգացումները, քանի որ Շահեն Պետրոսյանն այնքան էլ վստահ չէ, որ նոյեմբերին Վիլնյուսում Հայաստանը կստորագրի այդ պայմանագիրը: Նա անգամ գրազ է եկել, որ վերջին պահին Հայաստանի նկատմամբ ճնշումներ կգործադրվեն, ու ՀՀ իշխանությունն իր իշխանությունը պահելու համար Հայաստանը նորից կգցի ռուսական ազդեցության տակ: Սա, իհարկե, մեր զրուցակիցը ցավով է ասում:

Անկախ ամեն ինչից, նա ճիշտ է համարում Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, կարծում է, որ վերջապես մի «նորմալ քայլ» է կատարվում, բայց էլի ցավում է, որ դարձյալ պարտադրանքով. «Մենք անընդհատ կամ այս, կամ այն կողմից պարտադրանք ենք ստանում: Ու ոչ մի նախաձեռնողականություն էլ չկա: Նույն հայ-թուրքական պատմությունը պարտադրանք չէ՞ր: Պարտադրանք էր, որի շնորհիվ Արեւմուտքը 2008-ին Սերժին ճանաչեց նախագահ, իսկ ռուսները ամեն ինչ արեցին, որ դա տեղի չունենա, քանի որ ռուսներին ձեռնտու չեն հայ-թուրքական բարիդրացիական հարաբերությունները»:
Ինչ մնում է այն մեկնաբանություններին, որ ՌԴ նախագահն այդպես էլ Հայաստան չեկավ, Շահեն Պետրոսյանը համարում է, որ դա էական չէ. «Նա կարող է զանգով էլ պարտադրել, եթե պետք է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ashot says:

    Ինչ խելոք մտքեր ա արտասանու էս ՀՀՇ-ականը: Բա նստած էիք իշխանության աթոռներին և մասնավորապես դու պարոն կաշառակեր մի լավ բան անեիք, ինչի քանդեցիք ամբողջ տնտեսությունը և քամուն տվեցիք:

  2. Ալեքսանդր says:

    Հարգելի լրագրող Նելի

    Կարծում եմ` ժամանակն է ‘օտկատի’ փոխարեն օգտագործել հայերեն հարարժեքը – ‘դարձավճար’ բառը, որն առաջին անգամ օգտագործվել է հայերեն թարգմանված ‘Կաշառվածությունը և պետությունը’ ամերիկացի Ս. Ռոուզ-Ակերմանի գրքում / տես` գրախանութներում/: Առավել ևս, որ այդ երևույթը շատ հայկական է;

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031