Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկի մորը հանել են հաշվառումից եւ զրկել սեփականության իրավունքից

Օգոստոս 16,2013 13:59

Աշոտ Պետրոսյանի պատմելով, հորը խորթ քույրը հոգեկան է հանել, որ մորից խլի սեփականությունը

Վարդենիսի Ծափաթաղ գյուղի բնակիչ ազատամարտիկ Աշոտ Պետրոսյանի մորը ամուսնու մահից հետո զրկել են սեփականության իրավունքից: «Առավոտ»-ի հետ զրույցում այս մասին պատմեց ազատամարտիկ Աշոտ Պետրոսյանը, վստահեցնելով, որ հանցավոր ճանապարհով, գյուղի ծխամատյանից հանել են հաշվառումից՝ ջնջելով մոր անունը:

«Մայրս այլեւս ոչ մի տեղ գրանցում չունի: Ժամանակին մորս անունով 1800 քառակուսի մետր հողատարածք էր ձեւակերպված: Սակայն խորթ քույրս՝ Կարինե Բադալյանը, այն սեփականաշնորհեց»,- պատմում է Աշոտ Պետրոսյանը: Հողատարածքը սեփականաշնորհելուց հետո, Աշոտի մայրը պարզել է, որ խորթ քույրը նաեւ դարձել է իրենց տան համասեփականատերը:

«Հայրս՝ Արամայիս Բադալյանը, տեսնելով այս իրավիճակը եւ գիտակցելով, որ մորս ոչինչ կարող է չմնալ, ձեւակերպեց կտակ»,- ասաց Աշոտը: Կտակում գրվել է, որ Աշոտ Պետրոսյանի հայրը իր տունն ամբողջությամբ կտակում է իր կնոջը՝ Սեդա Պետրոսյանին:

«Համատեղ սեփականության իրավունքով մեզ պատկանող սեփական բնակելի տան՝ տնամերձ հողամասով, օժանդակ շինություններով համապատասխան մասը, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքում, ես կտակում եմ ամբողջությամբ Սեդա Հակոբի Պետրասյանին»,- այսպես է գրված Աշոտ Պետրոսյանի հոր՝ Արամայիս Բադալյանի կտակում, որն այժմ մեր ձեռքի տակ է:

Աշոտ Պետրոսյանի խոսքերով, հոր մահից հետո, երբ կտակը հայտնվել է դատարանում, Կարինե Բադալյանը սկսել է ներկայացնել հետմահու հոգեբուժական փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ կտակը գրելու պահին հայրը՝ Արամայիս Բադալյանը, ունեցել է հոգեկան խանգարումներ: Այնուհետեւ նա ներկայացրել է անկախ փորձագիտական եզրակացություն՝ հետմահու հոգեբուժական դատաքննություն կատարելու նպատակով:

Դատարան փաստաթղթեր են ներկայացվել նաեւ այն մասին, որ 2007 թվականին «Պրոտեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ի կողմից հայրը ստացել է լսողական ապարատ: Փաստաթղթերում նաեւ ներկայացված է «Բի Բի Ջի» բժշկական կենտրոնից տեղեկանք, որ կենտրոնում նա անցել է հետազոտություն: Սակայն Աշոտ Պետրոսյանը պնդում է, որ իր հայրը երբեւէ չի օգտվել «Բի Բի Ջի» ընկերության ծառայություններից, եւ թե ինչպես է այդ բուժհիմնարկը նման փաստաթուղթ տվել, որ ներկայացնեն դատարան, ազատամարտիկի համար «մութ» է մնում:

Աշոտ Պետրասյանը վստահեցնում է, որ այդ բոլոր փաստաթղթերը «կեղծել է խորթ քույրս՝ Կարինե Բադալյանը»՝ տունը սեփականաշնորհելու նպատակով: Նա համոզված է, որ դրանք հետմահու կեղծած թղթեր են, քանի որ իր հոր կենդանության օրոք նման փաստաթղթեր գոյություն չեն ունեցել:

Այս ամենի հիման վրա հարուցվել է քրեական գործ, որը հասել է ՀՀ վերաքննիչ դատարան: Սակայն, Աշոտ Պետրոսյանի խոսքերով, վերաքննիչ դատարանում, չգիտես ինչու, գործն անհետացել է: Աշոտ Պետրոսյանը պատրաստվում է դիմում գրել վերաքննիչ դատարան՝ պարզելու համար, թե ո՞ւր է գործը, ինչո՞ւ է այն անհետացել:

«Առաջին ատյանի դատարանը մերժեց իմ հայցը այն մասին, որ բոլոր այս փաստաթղթերը կեղծ են: Ուղարկեց վերաքննիչ դատարան: Ասեմ ավելին, գործերի ցանկից դատարանի որոշումն անհետացել է, եւ ես պատրաստվում եմ պարզաբանում պահանջել: Սակայն այսքան կեղծիքների մեջ, դատարանը Կարինե Բադալյանի հայցը բեկանեց եւ նորից ուղարկեց առաջին ատյանի դատարան,- ասում է Աշոտ Պետրոսյանը եւ վրդովված ավելացնում:- Լավ է, որ ես կամ մորս կողքին: Ի՞նչ կլիներ, եթե ես էլ իմ մյուս ընկերներիս պես զոհվեի: Ես պատկերացնում եմ, եթե ազատամարտիկի մոր հանդեպ են նման վերաբերմունք ցուցաբերում, ինչ կարող են անել մյուս՝ խեղճ ու կրակ մարդկանց գլխին»:

Աշոտ Պետրոսյանը գործին վերջնական լուծում տալու նպատակով պատրաստվում է դիմել ՀՀ նախագահին. «Ես կպայքարեմ մինչեւ վերջ, նստացույց կանեմ, մինչեւ մորս հաշվառեն եւ հետ տան իրենից ապօրինաբար խլած սեփականությունը»:

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031