Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հասմիկ Պապյանը լուրջ առաջարկի դեպքում կմտածի

Օգոստոս 16,2013 13:50

Օպերային պրիմադոննա, սոպրանո Հասմիկ Պապյանին ներկայացնելու հարկ չկա. հանդես է եկել եւ գալիս աշխարհի ամենահեղինակավոր բեմերում: Նա կարծում է, որ հայկական ծագմամբ երգչուհիների առանձնահատկությունը, որը հաջողություն է բերում նրանց արտերկրում, պայմանավորված է հարավային տաք երկրներին բնորոշ ձայնի յուրօրինակ երանգով, գենետիկայով, ազգի մշակույթը կրելով:

Երգչուհին ասում է, որ Եվրոպային հարկավոր են երգիչներ, որոնք «կկրեն» իրենց խաղացանկը, կլինեն պահանջված ու կհամապատասխանեն  հետեւյալ չափանիշներին՝  ունենալ ձայն, լինել բեմական, աշխատասեր, գրագետ, երաժշտականորեն զինված, ի վիճակի արագ կերպափոխվելու:

«Առավոտի» հարցին՝ ի՞նչ դերերգեր կուզենար հնչեցնել հայկական բեմից, տիկին Պապյանը պատասխանեց. «Ես ամեն ինչ կուզենայի, որ հայկական բեմից կատարվեր, Վերդիների մասին չեմ ասում՝ տասներեք դերերգ եմ երգել, այնպես որ, դրանք հայտնություն չեն: Այստեղ կուզենայի երգել, օրինակ՝ Ֆրանչեսկա  դա Ռիմինի, Ֆեդրա, որ հրաշալի դրամատիկ կերպար է, լեդի Մակբեթ, որը կարծեմ քիչ է կատարվել,  Բոյտոյի  «Մեֆիստոֆելից» Մարգարիտա, Իզոլդա …ասենք Էլզա՝  «Լոենգրինից»:

Հետաքրքրվեցինք՝ ինչ է պակասում Հայաստանում, որ մի տեսակ դասական արվեստը մեծ պահանջարկ չունի եւ միշտ չէ, որ լեփ-լեցուն են դահլիճները: «Դասական արվեստը  ընդհանրապես շռայլություն է բոլոր երկրների համար, դասական երաժշտություն սիրողների բանակը   էլիտար  հասարակությունն է, որը մանկուց այդպես կրթվում, դաստիարակվում եւ ուղղորդվում է:  Չի՛ կարելի այսօրվա ունկնդրից, հասարակ  մահկանացուից պահանջել, որ գնա ու մի յոթ ժամ լսի Վագների օպերաները, չէ՞ որ դրա համար հատուկ պատրաստվածություն է պետք, սեր…Ինչ վերաբերում է Հայաստանում մշակութային կյանքին, այն  բավականին լեցուն է, հրաշալի հանդիսատես կա, պարզապես հարկավոր է հետաքրքրասիրություն շարժել, եւ ունկնդրին հրամցնել այնպիսի ծրագրեր, որոնք չի լսել կամ այնպիսի կատարումներ, որոնք նրան դահլիճ կբերեն»,-համոզված է ճանաչված սոպրանոն:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ վերջերս Վագների եւ Վերդիի ծննդյան 200-ամյակի առիթով «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած՝ իր մենահամերգին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, որը ղեկավարում էր գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:  Հասմիկ Պապյանը համերգի  առիթով ասաց. «Նախաձեռնությունը իմը չէր, ես եկել էի Հայաստան ընտանիքիս հետ հանգստանալու եւ որեւէ ծրագիր չունեի, պարզապես շատ հպանցիկ, ինչպես լինում են հայաստանյան բոլոր առաջարկները, ինձ ֆիլհարմոնիկի տնօրինությունը՝ ի դեմս Էդուարդ  Թոփչյանի, առաջարկեց ելույթ ունենալ»: Երգչուհին տպավորված է հանդիսատեսի  ջերմ ընդունելությունից, համարում է, որ դա իր համար մեծ տոնախմբության նման մի բան էր. «Ժամանակը շատ կարճ էր, պատրաստվելիս՝ մեկ շաբաթ անքուն գիշերներ ունեցա: Նվագախումբը եւս քիչ ժամանակ ուներ եւ, ի պատիվ իրենց, շատ լավ կարողացան մոբիլիզացնել ուժերը, ընդամենը երեք փորձ արեցինք եւ  հիանալի համերգ ստացվեց»:

Մեր դիտարկմանը, թե Հայաստանում մտայնություն կա, որ դրսում ստեղծագործող արվեստագետների մեծ մասն ի վերջո  վերադառնալու է Հայաստան, որտեղ նրանց ինչ-որ պաշտոն է սպասվում իրենց ոլորտում, իսկ կոնկրետ իր անունը կապվում է օպերային թատրոնի հետ, Հասմիկ Պապյանը պատասխանեց. «Ես դա երբեք չեմ լսել, առաջին անգամ եմ լսում, բայց եթե նման առաջարկ լինի, շատ լրջորեն կմտածեմ.. Դեռ երգում եմ, եւ դեռ ունեմ ծրագրեր, այդ ամենը չեմ թողնի, իհարկե, բայց եթե լինեն առաջարկներ, կմտածեմ»: Հարցրինք նաեւ ասուլիսում հնչեցրած իր մի մտահոգության մասին, թե ինչու «դրսում» ստեղծագործող արվեստագետներին հաճախ չեն հրավիրում Հայաստան:

«Գուցե դա ռազմավարություն է, նայած՝ թատրոնն  ինչպիսի՞ ուղղություն է վերցրել: Ես չգիտեմ՝ ո՞րն է թատրոնի ուղղվածությունը, նպատակը ո՞րն է՝ կրթել նոր սերո՞ւնդ, ունենալ հարուստ  խաղացա՞նկ, առիթ տալ հայաստանցի երգիչներին երգե՞լ կամ դրսի՞ց հրավիրել եւ տարին չորս անգամ տոնախմբություն անել: Դա որոշակի ուղղվածություն է, որը պետք է թատրոնն ունենա: Օրինակ, արտերկրում էլ կան  հարյուրավոր օպերային թատրոններ, որտեղ ամեն երեկո չէ, որ աստղեր են երգում: Մեծ թատրոնների մասին չէ խոսքը: Գերմանիայում կան թատրոններ, որտեղ ամենօրյա իրենց խաղացանկը երգում են տեղի երգիչները, բայց ժամանակ առ ժամանակ էլ հրավիրվում են աստղեր: Եթե Հայաստանում այդպիսի նպատակներ ունենան, իհարկե  կարող են հրավիրել ուրիշներին, նաեւ ինձ, մենք կարող ենք որոշակի թարմություն մտցնել նույն խաղացանկի ներկայացումներում: Էլ չեմ ասում, որ ինձ համար այս տարիների ընթացքում կարող էին լինել շա՜տ ներկայացումներ»,-հայտնեց մեր զրուցակիցը:

Իսկ ինչու ինքը չի հուշում, առաջարկում:

«Ես միշտ գալիս եմ Հայաստան ու իմ կողմից հուշելը ճիշտ չեմ համարում: Օրինակ, 2010-ին Ազգային օպերային թատրոնում Աիդա երգելս նույնպես պատահականություն էր: Ռեժիսորի հետ, որին ես Երեւանում փողոցում հանդիպեցի, երեք անգամ աշխատել էի դրսում: Ինձ տեսնելով՝ հարցրեց, թե ինչ եմ անում Հայաստանում: Ասացի, որ իմ հայրենիքում եմ: Մոռացել էր,որ  ես հայ եմ: Պատմեց, որ այստեղ է հրավերով, իրեն պրոյեկտ են առաջարկել, եւ եթե ես համաձայնեմ երգել Աիդա, ինքը  կբեմադրի «Աիդա»: Այդպես է տեղի ունեցել «Աիդան»: Ես եկել եմ միայն գլխավոր փորձին,  որովհետեւ այդ ժամանակ Նեապոլում երգում էի… Շնորհակալ եմ թատրոնի տնօրինությանը, որ ընդառաջ գնացին, եւ  2011 թվականի նոյեմբերի 16-ին  «Անուշ» երգեցի: 25 տարի առաջ  այդ օրը առաջին անգամ էի երգել թատրոնում: Այդպիսով շատ համեստ ձեւով նշեցի իմ առաջին բեմելը»,-պատմեց երգչուհին:

Մեր հարցին՝ Հայաստանում անցկացվող դասական երաժշտության փառատոներից հրավերներ եւ առաջարկներ ստանո՞ւմ է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մի անգամ «Երեւանյան հեռանկարների» շրջանակներում ես երգել եմ Լոնդոնի ֆիլհարմոնիկի հետ, այստեղ էի, առաջարկեցին՝ մեծ սիրով համաձայնեցի: «Վերադարձի» փառատոնն ինձ մի անգամ առաջարկեց, պարզապես ծրագրի հարցում  համաձայնության չեկանք, որովհետեւ ես ավելի լայն կտավի օպերային երգչուհի եմ, կամերային համերգ շատ քիչ եմ երգում: Չնայած հիմա նպատակ ունեմ  վերադառնալ եւ երգել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Եթե դա կհամապատասխանի «Վերադարձի» փառատոնի ձեւաչափին, Մարիամ Շահինյանի հետ կիրականացնենք: Ընդհանրապես մեր երկիրը տալիս է հնարավորություն բաց տարածքներում համերգներ ունենալու, հիշում եմ, որ Արամ Ղարաբեկյանն էր նման նախագծեր իրականացնում, գիտեմ, որ հիմա էլ «Արծվաբերդը» Ստեփանակերտում պիտի իրականացվի»:

Երգչուհին հայտնեց, որ երազում է օր առաջ ընտանիքով վերադառնալ Հայաստան, քանի որ, նրա ձեւակերպմամբ, Վիեննան սոսկ բնակավայր է:

«2000  թվականին, երբ երգում էի Իսրայելում,  Սիլվա Կապուտիկյանը ինձ իր գիրքը նվիրեց՝ հետեւյալ մակագրությամբ՝ «Ուր էլ որ գնաս, թող ճամփաներդ լինեն Հայաստանից»: Ես դա երբեք չեմ մոռանում, անկեղծորեն սպասում եմ այդ օրվան: Երբ ես գնացի, այլ ժամանակներ էին,  չէի կարող առավոտյան արթնանալ Փարիզում, երեկոյան երգել Ցյուրիխում,  նաեւ դրա համար մնացի, կան որոշ պատճառներ,  որ ապրում եմ Եվրոպայում… Դուստրս օրերն է հաշվում, թե երբ ենք ապրելու Հայաստանում, ուղղակի դեռ հինգ տարի ունի դպրոցն ավարտելու համար»:

Իսկ կուզենա՞, որ դուստրը՝ Սիրանույշը, գնա իր ճանապարհով:

«Որպես մայր չեմ ուզենա,  որ գնա իմ ճանապարհով,  որովհետեւ դա շատ բարդ է,  ո՛չ բոլորին է հաջողվում գնալ մինչեւ վերջ…Մյուս կողմից էլ՝ այն, ինչ ապրում ես բեմում՝ երաժշտության հետ, անգնահատելի  է, ի վերուստ տրված օրհնություն: Եթե  դուստրս ունենա լավ տվյալներ, այնպիսի նպատակաուղղվածություն եւ աշխատասիրություն,  ինչպես ես, կօգնեմ, ճանապարհը ցույց կտամ: Բայց որպես մայր կուզենամ, որ ավելի  հանդարտ կյանքով ապրի»,- նշեց Հասմիկ Պապյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Tigran says:

    Սիրելի Գոհար հրաշալի հարցազրուոյց էր :Տիկին Պապյանին կցանկանայի լսել մեր բեմում՝ Նորմայի և շատ սիրելի Անուշի դերերգերով….

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031