Նկարիչների, քանդակագործների գերակշիռ մեծամասնությունը, ի տարբերություն մշակույթի ոլորտի այլ մասնագետների, իրեն կոչելով ազատ ստեղծագործող, որեւէ տեղ չի աշխատում եւ զբաղված է բացառապես ստեղծագործական աշխատանքով:
Արդյոք Նկարիչների միությունը ինչ-որ քայլեր կատարո՞ւմ է լուծելու գոնե իր անդամների թոշակավորման, ինչպես նաեւ նախկինում գոյություն ունեցած որոշ արտոնությունների վերականգնման համար: Հարցի պատասխանը ստանալու նպատակով կուզեինք լսել միության նախագահ Կարեն Աղամյանի պատասխանը: Եվ քանի որ նա քաղաքում չէր, նախագահի տեղակալ Կարապետ Փաշյանը մեզ փոխանցեց ընդամենը, որ հայաստանյան ստեղծագործական 7 միությունները դեռեւս 7-8 տարի առաջ միասնական փաթեթ են ներկայացրել ԱԺ, այլ հարցերի թվում բարձրացնելով նաեւ կենսաթոշակի հարցը: Մինչ օրս, ըստ պարոն Փաշյանի՝ պատասխան չեն ստացել:
«Առավոտի» հետ զրույցում ճանաչված նկարիչներ Ռոբերտ Էլիբեկյանը (լուսանկար 1), Զուլում Գրիգորյանը (լուսանկար 2), քանդակագործներ Լեւոն Թոքմաջյանը, Վլադիմիր Անտաշյանը եւ մյուսները բարձրացված հարցի առնչությամբ հույս հայտնեցին, որ դեռ հավատում են, թե Ազգային ժողովը, թեկուզ եւ ուշացումով, քննարկման կդնի ոչ միայն կենսաթոշակների, այլեւ ստեղծագործական միությունների կողմից իրենց ուղղված փաթեթում ներառված մնացած հարցերը եւս:
Կարդացեք նաև
Ռոբերտ Էլիբեկյանը հիշեց, որ խորհրդային տարիներին միության ենթակայությամբ գործում էր գեղարվեստի կոմբինատը, որտեղ աշխատում էին, իսկ աշխատանքային ստաժն էլ հաշվվում էր միություն ընդունվելու օրվանից. «Իհարկե, այդ տարիներին նկարիչների մի ստվար հատված աշխատում էր պետության պատվերով, բայց կային արվեստագետներ, այդ թվում՝ Քոչարը, Մինասը, ես ու էլի մի քանիսը, որ չէինք ենթարկվում խորհրդային ռեժիմի չգրված օրենքներին ու իսկապես ազատ ստեղծագործողներ էինք: Մեր նմանները շատ էին խորհրդային երկրում ու մեզ էլ անվանում էին նոնկոմֆորմիստներ:
Տարվա ընթացքում էլ մեկ-երկու անգամ Նկարիչների միությունում կազմակերպվում էին պարտադիր գնումներ: Այն ժամանակ էլ «էլիտար» բառը, գոնե նկարիչների միջավայրում, մշտապես հոլովվում էր ու նրանց գործերը բարձր էին գնահատվում:
1970թ. Օպերային թատրոնում Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետի նկարչական ձեւավորումն իրականացրեց Մինասը, զգեստներինը՝ ես: Աշխատեցինք 7-8 ամիս: Իհարկե, ցավում եմ, որ այս հրաշալի բալետը չի արժանանում այժմյան գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի ուշադրությանը, սակայն կարծում եմ, որ դա անհրաժեշտ է վերաբեմադրել, թեկուզեւ նոր դեկորներով ու զգեստներով: Պրեմիերայից հետո Մինասը վարձատրվեց 800 ռուբլի, ես՝ 400»:
Անդրադառնալով կենսաթոշակի խնդրին, մեր զրուցակիցն ասաց, որ ժողովրդականի կոչում ստանալուց հետո արդեն երեք տարի է՝ ինչ իր 27 հազար դրամ թոշակին ավելացել է 40 հազար պատվովճար:
Մեր զրուցակիցը հավելեց, որ մինչեւ 1992թ. Նկարիչների միությունը կենսաթոշակային ֆոնդին փոխանցումներ է կատարել, իսկ դրանից հետո սոցվճարումներ չի արել, եւ չի էլ կարող անել, քանի որ անդամները վճարում են սիմվոլիկ գումար անդամավճար:
Զուլում Գրիգորյանն էլ նշեց, որ շուրջ 25 տարի է՝ ինչ ոտք չի դնում միություն, քանի որ, իր խոսքերով՝ «Երբ փոխվեց կյանքը, միությունը խախտվեց»:
Հետո էլ փաստեց, որ 1957 թվականից միության անդամ է եւ թոշակի անցնելուց հաշվի է առնվել այդ հանգամանքը: Արդյունքում՝ 36 տարվա աշխատանքային ստաժի համար հաշվարկվել է 35 հազար դրամ, իսկ ժողովրդականի համար գումարվել է եւս 40 հազար: «Ինչ խոսք, պետք է ստեղծագործական միությունների հարցը լսվի, ուշադիր քննարկվի ԱԺ-ում: Հիմա 82 տարեկան եմ եւ բառացիորեն 4-5 ամիս առաջ արվեստակից ընկերներս ինձ հրավիրում էին Ռուսաստան՝ դառնալու ՌԴ նկարիչների միության անդամ, հետո էլ վստահեցնում էին, որ ես իմ արած գործով այնտեղ կարող եմ ակադեմիկոս լինել: Իսկ արդյունքում՝ կստանամ մինչեւ 1000 դոլար կենսաթոշակ: Այս տարիքում, բնականաբար, չհամաձայնեցի: Անկեղծ ասեմ՝ եթե երիտասարդ լինեի, գուցեեւ… Սարոյանի խոսքերով՝ ճիշտ է, փողն իրենից ոչինչ չի ներկայացնում, բայց, ախր, փող չունեցողի համար աշխարհը զնդան է: Մի բան պարզ է՝ մեր ղեկավարները, ինչպես խորհրդային շրջանում էր, պետք է լավ ճանաչեն իրենց արվեստագետներին…»,- հայտնեց պարոն Գրիգորյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ