Լրահոս
Օրվա լրահոսը

Ռետրո. Ընտրության պահը

Օգոստոս 16,2013 13:26

Ինչպիսի՞ն պետք է լինի վաղվա Հայաստանը։ Ավելի ազատական, ավելի ժողովրդավարական, քան այսօր. միաձայն կպատասխանենք բոլորս։ Չնչին բացառությամբ հիմնական քաղաքական ուժերը խոսքերով կողմ են այդ սկզբունքներին։

Մեզ մոտ հաճախ է խոսվում մարդու իրավունքների եւ քաղաքացիական հասարակության մասին։ Խախտումների դեպքերը արձանագրվում են մամուլում, իսկ նրանք, ովքեր այդ առումով իրենց նեղացած են զգում, մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի Արեւմուտքի գործիչները համապատասխան գնահատակններ տան Հայաստանին: Ինչ խոսք, դա կարելի է խոշոր դիվանագիտական եւ քարոզչական հաղթանակ համարել։

Եթե նմանօրինակ գործիչների կամ կուսակցությունների նպատակը միջազգային կազմակերպություններին (ասենք, ՄԱԿ-ին) Հայաստանի դեմ տրամադրելն է, ապա նրանց կարելի է խորհուրդ տալ ավելի սերտորեն համագործակցել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Չնայած հաջողության հավանականությունը քիչ է, քանի որ Արեւմուտքում էլ պարզամիտ մարդիկ չեն նստած, եւ միջազգային կազմակերպություններում շատ լավ գիտեն, թե որտեղ ինչ է կատարվում։

Բայց անսահման սերը Արեւմուտքի, ինչպես նաեւ ժողովրդավարության, ազատականության ու մարդու իրավունքների նկատմամբ մերթ ընդ մերթ փայլատակելով, հանգչում է ընդհանուր «գաղափարախոսական» ֆոնի վրա։ Իսկ դրանք («գաղափարները») ունեն ճիշտ հակառակ ուղղվածություն։ Հիշեցման կարգով բերենք՝ դրանցից մի քանիսը, ազատենք մեր երկիրը արեւմտյան լիբերալիզմի ախտերից, համախմբվենք ազգային գաղափարախոսության շուրջ, «մարդու իրավունքներ» հասկացությունը հնարել են հրեաներն ու մասոնները. ո՛չ միջազգային իմպերիալիզմի դավերին եւ այլն, եւ այլն: Հավանաբար, պետք է ընտրել հակադիր սկզբունքներից որեւէ մեկը եւ նրա տեսանկյունից կառուցել քաղաքականությունը:

Այդ երկվությունը օբյեկտիվ բնույթ ունի եւ բնորոշ է գրեթե բոլոր (ոչ միայն ընդդիմադիր) քաղաքական հոսանքներին։ Բայց ամենավառ օրինակն այս առումով ՀՅ Դաշնակցությունն է: Երբ ասում ես, որ դա մի կառույց է, որը չի կարելի կուսակցություն անվանել բառիս դասական, արեւմտյան իմաստով, դաշնակցականները նեղանում են՝ պնդելով, որ պառլամենտարիզմը նրանց արյան մեջ է։ Երբ ասում ես, որ Հայաստանի համար դա սովորական կուսակցություն է, մեկը 47-ից, նրանք դարձյալ նեղանում են՝ հայտարարելով, որ ՀՅԴ-ն համահայկական կառույց է եւ չի պատրաստվում ենթարկվել ինչ-որ Հայաստանի ինչ-որ օրենքների։ Դարձյալ առաջ է գալիս ընտրության հարցը՝ կամ մերժել, կամ էլ ընդունել խաղի որոշակի (այո՛, ունիվերսալ,  այո՛, Արեւմուտքում մշակված) կանոնները։  Եվ այդ հարցին պետք է պատասխանեն բոլոր քաղաքական ուժերը, ամբողջ մեր հասարակությունը։

Փաստ է, որ Հայաստանը չի համապատասխանում նշված ստանդարտներին։

Փաստ է, որ մենք դեռ չենք կառուցել ժողովրդավարական պետություն, քանի որ, մասնավորապես, իշխանությունների մոտ երբեմն գայթակղություն է առաջանում հարցերը լուծել նախորդ վարչակարգի ոճով։ Սակայն ակնհայտ է նաեւ. որ ոչ ոք արդեն չի կարողանա դա անել։ Ուրեմն, տեղի են ունեցել անդառնալի փոփոխություններ։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

21.03.1995թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. sergo says:

    Բնական է որ վաղվա Հայաստանը լինելու է Եվրասիական միության կազմում: Այստղ 2 կասկծ լինել չի կարող, քանի որ ահավոր մեծ է Ռուսաստանի դերը և ազդեսությունը: Իսկ գնալ առճակատման ՌԴ-ի հետ դա հավասարազոր կլինի Ղարաբաղի կորստին: Միթե քաղաքական գործիչները այլ կարծիք ունեն, ?

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031