Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ԺԱՆՐԸ

Օգոստոս 16,2013 13:18

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ տասնհինգերորդ

ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ԺԱՆՐԸ

Եվ Ջավախյանն Արշակին հարցրեց՝ «այսինքն, դու ինքնակա՞մ ես դեպուտատությունից հրաժարվել», եւ Արշակը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հա», եւ Ջավախյանն Արշակին ասաց՝ «ընենց բան ասա, որ մարդու հավատը գա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ նույնն ա թե՝ ես Նոբելյանից հրաժարվեմ», եւ Ջոնը զզվանքով նայեց Ջավախյանին ու ասաց՝ «մի քիչ շատ չե՞ս էդ Նոբելյան մրցանակի անունը քո անվան հետ կապում», եւ Ջավախյանը զարմացած նայեց Ջոնին ու հարցրեց՝ «դո՞ւ ինչի ես քեզ վատ զգում, ադա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դու էլ հո գրող չես, որ նախանձում ես», եւ Ջոնն արհամարհական նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «էդ ո՞ր գրողն ա քեզ նախանձում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատերը», եւ Ջոնն արհամարհական  հարցրեց՝ «մեկի անունը կարա՞ս տաս», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «լիքը անուններ կարամ տամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ազգանուններն էլ հետը», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «Արմենը քեզ նախանձո՞ւմ ա», եւ Ջավախյանը Հայկունուն հարցրեց՝ «ո՞ր Արմենը», եւ Հայկունին ժպտալով պատասխանեց ու  ասաց՝ «Շեկոյան», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Հայկունուն ասաց՝ «ինձ էլ թվաց՝ Մկրտիչ Արմենի մասին ես հարցնում», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «ճիշտը որ ուզում ես իմանաս, Մկրտիչ Արմենը Նոբելյանին ավելի էր արժանի, քան՝ Սոլժենիցինը», եւ Ջավախյանը Հայկունուն հարցրեց՝ «Հեղնար աղբյուրի» համա՞ր», եւ Հայկունին Ջավախյանին ասաց՝ «Մկրտիչ Արմենը «Հեղնար աղբյուրից» բացի՝ լիքը ուրիշ բաներ էլ ա  գրել, տղա ջան», եւ Ջավախյանը Հայկունուն հարցրեց՝ «ուրիշ ի՞նչ ա գրել», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սոլժենիցինի պես Մկրտիչ Արմենն էլ ա աքսորի ու աքսորավայրի մասին գրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքն աքսորի ու աքսորավայրի մասին ավելի ճշմարտացի ու ավելի մարդկային ա գրել, քան՝ Սոլժենիցինը», եւ Ջոնն ասաց՝ «Մահարին էլ ա աքսորի թեմայով գրել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Ծաղկած փշալարերը», եւ Հայկունին ոգեւորված ասաց՝ «Մահարու «Ծաղկած փշալարերն» էլ ա Սոլժենիցինի գրածներից հաջող», եւ Ջոնը քմծիծաղով Հայկունուն ասաց՝ «արդեն շատ ես չափազանցնում, Հայկուն», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «ի՞նչն եմ չափազանցնում, տղա ջան», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «ախր ո՞նց ես խեղճ Մկրտիչ Արմենին ու էդ  գիգանտին իրար հետ համեմատում», եւ Հայկունին թարս նայեց Ջոնին ու հարցրեց՝ «գիգանտն ո՞վ ա», եւ Ջոնը պատասխանեց ու ասաց՝ «Սոլժենիցինը», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու Ջոնին ասաց՝ «շառ ե՞ս անում, տղա ջան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես ե՞րբ եմ Սոլժենիցինին  ու Մկրտիչ Արմենին իրար հետ համեմատել», եւ Ջոնը ներողամտորեն ժպտալով Հայկունուն ասաց՝ «հենց նոր համեմատեցիր» եւ ներողամտորեն ժպտալով ավելացրեց՝ «տղերքը  կհաստատեն», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «եթե իսկապես ըտենց բան եմ արել, ղալաթ եմ արել» եւ մի քիչ էլ մտածեց ու վրդովված ավելացրեց՝ «ո՞նց կարելի ա էդ էրկուսին իրար հետ համեմատել» եւ մի քիչ էլ մտածեց ու միանգամայն լուրջ ասաց՝ «Սոլժենիցինը դիսիդենտ գրող ա, իսկ Մկրտիչ Արմենն իսկական՝ մեծ գրող ա», եւ Ջավախյանն ասաց՝ «իրա Հեղնար աղբյուրի» վրա կինո էլ կա նկարած», եւ Հայկունին քամահրանքով Ջավախյանին ասաց՝ «ինքը «Հեղնար աղբյուրից» ավելի ուժեղ բաներ ա գրել, տղա ջան», եւ Ջավախյանը Հայկունուն հարցրեց՝ «ուրիշ ի՞նչ ա գրել», եւ մինչ Հայկունին կմտածեր, Ջոնը Ջավախյանին ասաց՝ «Պատվիրեցին հանձնել ձեզ», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա պատվիրել», եւ Հայկունին ծիծաղելով Ջավախյանին ասաց՝ «էդ «Պատվիրեցին հանձնել ձեզը» Մկրտիչ Արմենի վեպի վերնագիրն ա», եւ Ջոնը ներողամտորեն ժպտալով Հայկունուն ասաց՝ «էդ «Պատվիրեցին հանձնել ձեզը» ոչ թե վեպ ա, այլ՝ վիպակ», եւ Ջավախյանը հիացած նայեց Ջոնին, հետո նայեց Հայկունուն ու ասաց՝ «էս Ջոնն ամեն ինչ գիտի, ադա», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «ամեն ինչ գիտի, բայց վեպը վիպակից չի տարբերում» եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «իրան թվում ա, որ եթե Մկրտիչ Արմենի  վեպին վիպակ ասի, դրանից Մկրտիչ Արմենի վեպի արժեքը կպակասի», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչքան հիշում եմ՝ «էդ «Պատվիրեցին հանձնել ձեզն» էրկու հարուր էջ հազիվ ըլնի», եւ Հայկունին արհամրահական նայեց Ջոնին ու քամահրանքով ասաց՝ «վեպի ու վիպակի տարբերությունը մենակ ծավալով չի որոշվում, տղա ջան», եւ Ջավախյանը զարմացած նայեց Հայկունուն, հետո նայեց ինձ ու ասաց՝ «էս մարդիկ մեզանի լավ գրականություն գիտեն, ադա» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ինձ ասաց՝ «եթե վեպը ծավալով չի որոշվում, վաղը  կարող ա էս տասնքանի հատոր գրածդ էլ վեպ չհաշվեն», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ հնարավոր ա», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «Արմենի գրածի ժանրը դեռ նոր պիտի որոշվի», եւ Ջավախյանը փռթկացնելով հարցրեց՝ «ո՞ր Արմենի՝ Մկրտի՞չ», եւ Հայկունին պատասխանեց ու ասաց՝ «Շեկոյան Արմենի», եւ Ջավախյանը փռթկացնելով  Հայկունուն ասաց՝ «Ջոնն ու դու պիտի որոշեք», եւ Ջոնը միանգամայն լուրջ ասաց՝ «Շեկոյան Արմենի գրածի ժանրը բամբասանքի ժանրն ա», եւ Հայկունին ժպտալով Ջոնին հարցրեց՝ «բամբասանքի ժանր էլ կա՞», եւ Ջոնը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «պարզվում ա՝ կա», եւ Հայկունին Ջոնին հարցրեց՝ «ո՞վ ա պարզել», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ալիկ Թոփչյանը Պետրոսի հաղորդման ժամանակ ասեց, որ 17-րդ դարում ֆրանսիացի մի գրող Արմենի էս վեպի պես վեպ ա գրել. հավաքել ա իրա ժամանակի բամբասանքներն ու դրանց հիման վրա վեպ ա գրել», եւ Հայկունին Ջոնին հարցրեց՝ «բա Արմենի վե՞պն ինչ կապ ունի», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ալիկը երեւի ուզում էր ասեր, որ Արմենի էս վեպը նորություն չի. էդ տեսակ վեպ էլի ա գրվել», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «էն էլ՝ տասնյոթերորդ դարում», եւ Հայկունին զարմացած նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «դո՞ւ ինչի վրա ես ուրախանում, տղա ջան», եւ Ջավախյանը փռթկացնելով  պատասխանեց ու ասաց՝ «Ջոնի գրականագիտական գիտելիքների վրա», եւ Ջոնը թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «ես ընդամենը Թոփչյան Ալիկի ասածն եմ ասում», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «Թոփչյան Ալիկի ասածը մեր համար ասնավանի չի», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչքան չըլնի՝ գրականագետ մարդ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինչքան չիմանա՝ մեզնից լավ գրականություն կիմանա», եւ Ջավախյանը փռթկացնելով ինձ ասաց՝ «փաստորեն, բամբասանքի գրականություն ես գրում, ադա», եւ ես  ժպտալով ասացի՝ «չգիտեի», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «չգիտեիր՝ հիմի իմացար», եւ ես ժպտալով ասացի՝ «սրանից հետո հաշվի կառնեմ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «մինչեւ  Սեմերջյան Մանուկի պատմությունը չգրես, Ջոնը քեզ չի ների», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ պատմությունն արդեն գրել եմ», եւ Ջավախյանը զարմացած ասաց՝ «ո՞նց ես գրել, որ ոչ մեկս չի կարդացել», եւ ես ասացի՝ «գրել եմ, բայց չի տպվել», եւ Ջավախյանն ինձ հարցրեց՝ «ե՞րբ կտպվի», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «մի տարուց», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «մի տարուց յա էշը կսատկի, յա՝ իշատերը», եւ ես ժպտալով հարցրի՝ «այսինքն», եւ Ջավախյանը մեղավոր ժպտալով ասաց՝ «հանաք եմ անում», եւ Հայկունին թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «մի քիչ զգուշ հանաք արա, տղա ջան» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էստեղ սաղս էլ տարիքներս առած մարդիկ ենք», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեջներիցս ջահելն Անանիան ա», եւ Անանիան բավական երկար մտածեց, քմծիծաղ տվեց ու ասաց՝ «առանձին-առանձին որ նայում եմ, սաղս էլ լուրջ մարդիկ ենք, բայց մի անգամ չեղավ՝ լուրջ բաներից խոսանք», եւ Ջավախյանը ժպտալով Անանիային հարցրեց՝ «գրականությունը լուրջ բան չես համարո՞ւմ», եւ Հայկունին Ջավախյանին ասաց՝ «ո՞նց  կարող ա Անանիան գրականությունը լուրջ բան չհամարի. ինքն էլ ա պատմվածք  գրում», եւ Ջավախյանն ասաց՝ «մին-մին էլ ոտանավոր ա գրում», եւ Անանիան ժպտալով ասաց՝ «դեպքից դեպք», եւ Հայկունին Ջավախյանին ասաց՝ «որ պատմվածք ու ոտանավոր ա գրում, ո՞նց կարող ա գրականությունը լուրջ բան չհամարի», եւ Ջավախյանը Հայկունուն ասաց՝ «նոր ինքն ասեց», եւ Անանիան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ասեցի», եւ Ջավախյանն Անանիային ասաց՝ «ասեցիր՝ լուրջ բաներից  խոսանք», եւ Անանիան մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ ասաց՝ «էլի եմ ասում», եւ Ջավախյանն Անանիային ասաց՝ «գրականությունից էինք խոսում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «ձեզ ա թվում թե՝ գրականությունից եք խոսում», եւ Ջավախյանը զարմացած նայեց Անանիային ու հարցրեց՝ «բա ինչի՞ց էինք խոսում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «Ջոնի դրած խաշի»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031