Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ամառը շատ էինք երազել

Օգոստոս 16,2013 12:24

Հայաստանում սովորաբար ներքաղաքական սրացումները կամ գարնանամուտին ու գարնանն են տեղի ունենում, կամ էլ` աշնանը, և նմանապես ձմռանն է ներքաղաքական աշխուժություն տիրում` մանավանդ նախագահական ընտրությանը նախորդող ձմեռներին: Կարճ ասած, Հայաստանում միայն ամռան ամիսներին ներքաղաքական սրացումներ ու թեժ իրադարձություններ տեղի չեն ունենում, և դա իր շատ պարզ պառճառներն ու բացատրությունն ունի: Պատճառներից հիմնականն այն է, որ քաղաքական գործիչներից շատերն ամռանը հանգստի են մեկնում` ներառյալ ընդդիմադիրները:

Այս ամառ ճիշտ հակառակ պատկերն է: Ներքաղաքական ու քաղաքական իրադարձությունների իմաստով 2013-ի ամառն ավելի քան տարողունակ է, և դրա պատճառն առաջին հերթին իշխանություններն են, որոնք երևի մտածելով, որ ժողովուրդը դժվար թե ամռան շոգին ոտքի կանգնի, սկսեցին ու գագաթնակետին հասցրին թանկացումները, բայց… ինչպես ասում են, խիյարը թարս բուսնեց: Ընդ որում, խիյարը թարս բուսցնողը ոչ թե ընդդիմությունն էր, այլ` քաղաքական նախաձեռնությունների հակված երիտասարդները, որոնք մի անգամ արդեն Մաշտոցի պուրակում որոշակի հաջողության էին հասել, բայց որոնց մասին ըստ երևույթին մոռացել էին «տրանսպորտնիկներն» ու անձամբ Տարոն Մարգարյանը, որը, պարզվում է, ոչ միայն տրանսպորտի գիծ չունի, այլև տարրական հիշողություն` նույն էդ Մաշտոցի պուրակի իրադարձությունների հետ կապված:

Կարճ ասած, քաղաքացիական նախաձեռնության հեղինակ երիտասարդներն էս ամառ ոչ իրենք հանգստացան և ոչ էլ թողեցին իշխանությունները մարդավարի հանգստանան, և որոշակիորեն նաև ընդդիմության ու այլընտրանքայինների հանգիստը խանգարեցին, որովհետև տրանսպորտային շարժման ամբողջ ընդացքում ընդդիմությունը ջանում էր նախաձեռնող երիտասարդության կողքին հայտնվել ու երևալ, և չնայած նախաձեռնողները քաղաքականներին մոտ չէին թողնում, Նիկոլն ու շատերը լավ էլ մոտեցել էին, և չնայած ընդդիմադիր կուսակցականներից շատերը թաքուն քչփչում էին թե` ջահելների էդ շարժումը վերևներից է կազմակերպված, այդուհանդերձ, նույն էդ քչփչացողներն առերես ու մանավանդ լրատվամիջոցներով ցույց էին տալիս, որ իրենք ոչ միայն նախաձեռնող ջահելության հետ են, այլև էդ ջահելության թևթիկունքն ու նույնիսկ առաջնորդողն են, և ինչքան էլ ջահելները պնդեին, որ իրենց շարժումը զուտ սոցիալական է` այլ ոչ թե քաղաքական, շարժումը քաղաքական ընթացք ու էություն ստացավ, որովհետև իրականում ու մանավանդ մեր իրականության մեջ սոցիալականն ու քաղաքականը գրեթե նույնն են:

Փաստը փաստ է, որ շոգի առումով այս ոչ այնքան թեժ ամառը քաղաքացիական ու նախաձեռնողական ջահելությունը լավ էլ թեժացրեց ու առ էս պահը թեժ է պահում, այսինքն` տրանսպորտային շարժումը շարունակվում ու ծավալվում է կարմիր գծերի, ուսման վարձի թանկացման և այլ խնդիրների շուրջ, և արդեն ակնհայտ է, որ տասներեք թվականի մնացած ամիսներն առավել թեժ են լինելու, և նմանապես ակնհայտ է, որ արձակուրդից վերադարձած ու հանգիստն առած ընդդիմության էլիտան փորձելու է իրադարձությունների ղեկն իր ձեռքը վերցնել, և Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժառանգությունը» վերստին ընդդիմությանը միասնության կոչեր են անում, և «Եվրամիություն» թե` «Եվրասիա» երկընտրանքի պղտոր ալիքների մեջ յուրաքանչյուրը փորձելու է իր ձուկը որսալ:

 Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031