Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վանում սկիզբ դրվեց հայ-թուրք երիտասարդ գործարարների միջև նոր համագործակցության

Օգոստոս 16,2013 11:59

«Հայ-թուրքական պետական դիվանագիտությունը կանգ է առել ինչ-որ անհայտ մի կետի վրա, մինչդեռ հասարակական դիվանագիտությունը՝ ի դեմս երկկողմ տնտեսական համագործակցության, նոր թափ է ստանում»,- այսօր Վանում մեկնարկած Հայթուրք երիտասարդ գործարարների համաժողովի ժամանակ նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ծրագրերի ղեկավար Արմեն Մելքոնյանը:

Համաժողովն իրականացվում է նշյալ միության նախաձեռնությամբ՝ «Երիտասարդ գործարարները միջսահմանային տնտեսական համագործակցության համար» ծրագրի շրջանակներում: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների գործարար երիտասարդների միջև համագործակցության ստեղծմանն ու խթանմանը: Հայ եւ թուրք գործարարներին մեկ սեղանի շուրջ համախմբելու փորձ միությունը վաղուց ունի, սակայն առաջին անգամ է, որ շեշտը դրվում է երիտասարդ գործարարների վրա. «Երիտասարդ գործարարներն ավելի անկաշկանդ են, համատեղ քննարկումներին և առկա խնդիրները բարձրաձայնելուն՝ ավելի բաց»,- պարզաբանում է Արմեն Մելքոնյանը:

Եռօրյա գործարար համաժողովը, որը միտված է միջսահմանային տնտեսական գործունեության զարգացմանն աջակցելուն և տարածաշրջանում խաղաղաշինության խթանմանը, բաղկացած է երկու հատվածամասից՝ պլենար հանդիպումից և հայ-թուրք երիտասարդ գործարարների (գործատուների) միջև անհատական գործարար հանդիպում-բանակցություններից: Համաժողովի առաջին օրը՝ օգոստոսի 15-ին, քննարկվեցին Հայաստանի և Թուրքիայի, մասնավորապես՝ Երևանի և Վանի երիտասարդ գործարարների միջև առևտրատնտեսական կապեր հաստատելու հնարավորությունները և նախադրյալները: Իր զեկույցներից մեկում Արմեն Մելքոնյանն անդրադարձավ Հայաստանի և Թուրքիայի միջև գործարար համագործակցության ներկա իրավիճակին, առկա մարտահրավերներին և խոչընդոտներին՝ հավելելով, որ երկու հարևան երկրների միջեւ հարաբերությունները կարգավորող որեւէ իրավական փաստաթղթի բացակայության պայմաններում միակ բանը, որը կարգավորում է երկու երկրների միջեւ հարաբերությունները, բիզնեսի էթիկայի կանոններն են: Տարակուսանքների և տեղեկատվության պակասի պայմաններում, երբ չկան հարաբերությունները կարգավորող ֆորմալ երաշխիքներ, ստեղծված ճեղքը հաղթահարելու միջոցներն են դառնում վստահությունը և բիզնես էթիկան, որը կարող է կարգավորող դեր խաղալ և հանդիսանալ ոչ-ֆորմալ երաշխիք. «Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում գործարարների իրավունքների ու շահերի պաշտպանության միակ ձևն է բիզնես էթիկայի վրա հիմնված փոխադարձ վստահությունը, որը շատ դեպքերում ավելի արդյունավետ և ուժեղ միջոց է,- նշեց Արմեն Մելքոնյանը»:

Send 2Հանդիպման մասնակից ավելի քան 30 գործարարներ ներկայացրին տուրիզմի, գյուղատնտեսության, շինարարության, քարի մշակման, քաղցրավենիքի արտադրության եւ այլ ոլորտներում իրենց կազմակերպությունները: Փակ սահմանների եւ պետական մակարդակով հարաբերությունների բացակայության պայմաններում երիտասարդ գործարարները փորձելու են նպաստել տարածաշրջանում տնտեսական համագործակցության զարգացմանը, համատեղ մտածել ու երկու երկրների տնտեսական հարաբերությունների խոչընդոտների հնարավորինս վերացման ուղղությամբ ձեռնարկել համապատասխան քայլեր:

«Երեւանի եւ հարակից մարզերի երիտասարդ գործատուների միության» համահիմնադիր եւ խորհրդի նախագահ Մուշեղ Ավետիսյանն իր ելույթում նշեց, որ գործարար շփումները պետք է հասցնել այն մակարդակի, որ դրանք սկսեն ազդեն քաղաքականության վրա: Ըստ նրա՝ երկու երկրերի գործարարների համար ավելի հեշտ կլինի համագործակցել, քանի որ կա փոխադարձ շահ:

«Վանի երիտասարդ գործարարների միության» նախագահ Էրեն Գյոքչենայն իր ելույթում նշեց, որ քաղաքականությունը չպետք է խոչընդոտի տնտեսությանը, ապա իր մտահոգությունը հայտնեց՝ ինչո՞ւ հայերը եւ թուրքերը երրորդ երկրի, այսինքն` Վրաստանի տարածքով պետք է շփվեն միմյանց հետ:

Արմեն Մելքոնյանի խոսքերի համաձայն՝ 2012 թ. Հայաստան-Թուրքիա երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 210 մլն ԱՄՆ դոլար, իսկ ըստ տարբեր գնահատումների՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելի մեծ ծավալներ ունի: «Թուրքիայի արտաքին առևտրի վիճակագրական հրապարակումներում բացակայում է որևէ տվյալ Հայաստանի հետ առևտրային գործառնությունների վերաբերյալ. Թուրքիայի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Հայաստանի հետ առեւտրաշրջանառությունը զրո է»:

Թուրք գործարար Բերիս Գյոքչենայի խոսքերով՝ պետք է ճնշում գործադրել բացասական կարծիքներ տարածողների, քաղաքականություն եւ դիվանագիտություն թելադրողների վրա, եւ դա կարող են անել երիտասարդ գործարարները:

Համաժողովի շրջանակներում գործարար ոլորտի երիտասարդ ներկայացուցիչներն անհատական գործարար հանդիպումներ ունեցան իրենց հետաքրքրող տարատեսակ ոլորտներ ներկայացնող Վանի երիտասարդ գործարարների հետ: Օրվա վերջում, նախատեսվածի համաձայն, «Երևանի և հարակից մարզերի երիտասարդ գործատուների միության» և «Վանի երիտասարդ գործարարների միության» միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որով երկու կողմերի երիտասարդ գործարարների միջև ստեղծվեց համագործակցության նոր հարթակ:

Առաջիկա երկու օրերին նախատեսված են հայ գործարար երիտասարդների այցելություններ Վանում տեղակայված ձեռնարկություններ, որպեսզի տեղում ավելի մանրամասն ծանոթանան տեղի արտադրության և համատեղ բիզնես հնարավորությունների հետ:

 Արմեն Մելքոնյան

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների)

ծրագրերի ղեկավար

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031