Այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկները կրկին հանրահավաք էին կազմակերպել: «Հայ ժողովրդի բարեգործները նրանք են, որոնք հայոց համազգային թալանին չեն մասնակցել, էդ մեր ազգի կռվողներն են, էդ մենք ենք, էդ ժողովուրդն է, որ չմասնակցեց թալանին, ու այսօր ազգովի պետք է գանք ու թուլափայով բավարարվողների հարցը լուծենք»,- այսօր հանրահավաքը այսպես սկսեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:
Հետո դիմեց իրենց բարերարի տեղ դրածներին ու ասաց, որ բարեգործները երկու ձեռքով գողանում են ժողովրդից, երկու մատով հետ տալիս, անատամ ծերունիներին նկարում, թե հաց տվեցինք. «Դուք մի թալանեք ժողովրդին, թոշակառուն կստանա մինչեւ 150.000 դրամ, իսկ դուք գնացեք ձեր կանանց ու մայրերին հովանավորեք: Մեզնից գողացածով մի հովանավորեք մեզ»:
Պարոն Սարգսյանը նաեւ ակնարկելով ազատամարտիկների սոցիալ-իրավական խնդիրների լուծման համար պայքարող ազատամարտիկներին ասաց.
«Մենք մեր ունեցվածքն ենք վաճառել, գնացել թշնամու դեմ կռիվ, հիմա մենք պետք է հացի փող ուզե՞նք, երբ էս ժողովուրդը սոված է, ու բոլորին թալանում են, չկա նման բան: Այսուհետեւ մենք հանրահավաք չենք անում, համաժողովրդական հավաք ենք անում եւ պետք է լուծենք այս ազգի տզրուկների հարցերը, դրանք ամենուր են եւ մտել են մեր սրբության սրբոցը, փորձում են պղծել ամեն ինչ»:
Կարդացեք նաև
Ազատամարտիկ Մանվել Եղիազարյանն էլ շարունակեց. «20 տարի է սպասում ենք, որ երկիրը կայանա եւ մարդավարի ապրենք, բայց երկիրը չի կայանում, եւ ժողովուրդը լքում է Հայաստանը, ի վիճակի չէ օրվա հացը ճարելու…մենք արդյո՞ք այսօր իրավունք ունե՞նք գնալու հացի հետեւից, երբ մեզ հաց են մատուցում, ասում են 20 տարի ձեր հարցերը չեն կարգավորվել, հաց ենք տալիս, այդ հացը լինելու 15-20.00 դրամ… դա՞ է ձեր արժեքը: Ամեն ինչ բաժանված է՝ ռադիոն, հեռուստաընկերությունները, մարդիկ կան, որոնք հարստացել են մեր երեխաների գնով եւ մեր ցավերին հետամուտ չեն լինում: Մենք հավաքվում ենք ինչի՞ համար, որ հավաքենք բոլորին՝ քարտաշ, մտավորական, ազատամարտիկ եւ այս երկիրը կարգի բերենք: Եթե հապաղեցինք ժողովուրդ, ապա վախենամ մեկ տարի հետո 10 մարդ էլ չհավաքենք Ազատության հրապարակում»:
Սուրեն Սարգսյանն էլ եզրափակեց. «Մենք հացի փող, թուլափայ չենք ուզում, եւ չի լինելու այդպես, մենք ազգովի պետք է լուծենք էս երկրի սրիկաների հարցը, արդեն բավական է»:
Ազատամարտիկների նախաձեռնող խումբը նաեւ հանրահավաքի ժամանակ ներկայացրեց քաղաքապետին եւ ավագանու անդամներին ուղղված իրենց պահանջ-կոչը ներկայացրեց. «Մեր վրդովմունքն ենք հայտնում Երեւանում օրեցօր ահագնացող այլասերվածության դրսեւորումների նկատմամբ, մայիսի 20-ին ԱԺ-ի կողմից ընդունված եւ ՀՀ նախագահի կողմից վավերացված թիվ 57 օրենքը՝ ամրագրելով գենդերը, որը կխթանի սեռական այլասերվածության տարածման եւ քարոզչությանը: Պահանջում ենք առկա խնդրի շուրջ հրավիրել ավագանու արտահերթ նիստ եւ արգելել եւ համապատասխան որոշմամբ արգելել մայրաքաղաքում գենդերային այլասերվածությունների, համասեռամոլության հրապարակային քարոզը: Մանկական այգին պետք է ծառայի մանուկներին: Օրինազանցները պետք է ենթարկվեն ոչ միայն վարչական, այլեւ քրեական պատասխանատվության»:
Ազատամարտիկներին աջակցելու հայտարարությամբ ներկայացավ նաեւ «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ