Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր Գաբալայում հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ՝ կանգնեցնելու համար Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացումը: Նշել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքների ազատագրումը շարունակում է մնալ իրենց արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը, եւ որ շարունակելու են նույն հունով: Դավութօղլուն շեշտել էր, որ իրենք բողոքում են՝ «ադրբեջանական հողերի 20 տոկոսի օկուպացման ու ադրբեջանցիներին իրենց տներից բռնի արտաքսելու դեմ»:
Թեմայի վերաբերյալ Aravot.am -ի հետ զրույցում «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ասաց. «Այն, որ Դավութօղլուն նման արտահայտություններ է արել տարօրինակ չէ, որովհետեւ Թուրքիայի համար միշտ էլ առաջնային է եղել Հայաստանը հնարավորինս սահմանափակ կարողություններով պահելը: Թուրքիան լավ է հասկանում, որ ցանկացած ազատագրում՝ Հայաստանի տարածքների, բերելու է Հայաստանի հզորացման:
Իսկ խոսել օկուպացիայի մասին, սխալ է, որովհետեւ օկուպացիան ըստ միջազգային իրավունքի՝ դա մի որեւէ երկրին օրինապես պատկանող տարածքի բռնազավթումն է այլ երկրի զինված ուժերի կողմից: Հիմա մենք այստեղ չունենք ոչ Ադրբեջանին օրինապես պատկանող տարածք, որովհետեւ այդ տարածքն օրենքով չի տրվել Ադրբեջանին, այն քաղբյուրոյի կուսակցական որոշմամբ տրվել է Ադրբեջանի վարչական ենթակայության տակ: Դա ՀՀ տարածք է՝ համաձայն ազգային լիգայի, հետեւաբար օկուպացիայի պահը դուրս է գալիս: Երկրորդն էլ այն է, որ չի կարող մյուս բաղադրիչը լինել՝ օտարերկրյա բանակի կողմից բռնազավթում, որովհետեւ այդ բանակը եղել է ղարաբաղցիներից բաղկացած, իսկ մենք՝ հայաստանցիներս օգնել ենք, բայց եղել ենք օգնական ուժ: Հետևաբար` այն արտահայտությունը, որ Հայաստանի կողմից 20 տոկոսի զավթում է եղել, դա թուրքական քաղաքականության ակնհայտ դրսեւորում է»:
Ինչ վերաբերվում է Դավութօղլուի արտահայտած այն մտքին, թե դժվար կլինի խաղաղություն եւ անվտանգություն ապահովել Հարավային Կովկասում ու Միջին Ասիայում, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ խաղաղ ճանապարհով եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Պապյանը նշեց.
Կարդացեք նաև
«Այն, որ քանի դեռ հակամարտությունը լուծված չէ դժվար կլինի՝ ճիշտ է ասում, բայց ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Նորից եմ կրկնում, Ադրբեջանի տարածքային ամբողջականություն չկա, եւ նման հասկացություն չկա նաեւ միջազգային իրավունքի մեջ, կա տարածքային ամբողջականության ոտնահարում արտաքին ուժի կիրառմամբ, կամ՝ սպառնալիքով՝ իսկ դա չկա: Եւ, եթե Դավութօղլուն խոսում է տարածաշրջանում խաղաղության մասին, ապա առաջին հերթին իրենք պետք է դեօկուպացիայի ենթարկեն ՀՀ տարածքները, որոնք իրենք բռնազավթված են պահում 1920 թվականի սեպտեմբեր-նոյեմբերից: Թող, ուրեմն մեր տարածքները հետ տան, նոր խոսեն: Էլ չեմ խոսում Կիպրոսի մասին, որ զավթել են 30 տոկոսը: Ով էլ որ խոսի՝ իրենք, Թուրքերը խոսելու տեղ չունեն»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ