Օգոստոսի 14-ին Վիլնյուսի ազգային պատկերասրահի բակում Լիտվայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ տեղի ունեցավ համերգ՝ հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանի եւ Լիտվայի ականավոր օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի մասնակցությամբ:
Համերգի սկզբին կազմակերպվեց ընդունելություն, որին ելույթով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը:
Նա, մասնավորապես նշեց, որ մշակութային դիվանագիտությունը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ժողովուրդների մերձեցման ամենակարեւոր բաղադրիչներից է, իսկ օգոստոսի 14-ին համերգի անցկացումը համընկնում է պատմական կարեւորագույն իրադարձության հետ, երբ 1991թ. օգոստոսի 14-ին Լիտվան առաջինն աշխարհում ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը՝ իբրեւ հայ եւ լիտվացի ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամության, եւ փոխադարձ աջակցության վկայություն: Դեսպանի խոսքերով, անկախությունից ի վեր յուրաքանչյուր տարի նոր էջ է բացել վերընթաց զարգացում ապրող հայ-լիտվական միջպետական հարաբերություններում:
Միեւնույն ժամանակ դեսպանն առանձնացրեց 2013 թվականի կարեւորությունը ԵՄ Խորհրդում Լիտվայի եւ Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահության հանգամանքով, ինչը երկու երիտասարդ պետությունների համար մեծ պատիվ է, ինչպես նաեւ հսկայական պատասխանատվություն: Դեսպանը համոզմունք հայտնեց, որ Լիտվայի նախագահությունը ԵՄ Խորհրդում կպսակվի հաջողությամբ, իսկ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ-Արեեւլյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթաժողովը կսկզբնավորի երկարաժամկետ եւ փոխշահավետ գործակցության նոր փուլ:
Կարդացեք նաև
Երեկոյին ներկա շուրջ 1000 հյուրերի թվում էին Լիտվայի կառավարության անդամներ, Սեյմասի պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, Լիտվայի արվեստի ականավոր գործիչներ, ակադեմիական եւ լրագրողական շրջանակների, Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Համերգին հնչեցին հայկական, լիտվական եւ եվրոպական կատարումներ:
ՀՀ ԱԳՆ