«Ռեժիմը իր զինվորներին չի կորցնում, ռեժիմը պահում, փայփայում է նրանց, որովհետեւ նրանք պետք են գալիս ընտրությունների, քաղաքական սրացումների ժամանակ: Այդ է այս կադրերի պահպանման պատճառը եւ սա վկայում է այն մասին, որ ռեժիմը կադրային լրջագույն խնդիրներ ունի»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ոստիկանական ներքին անվտանգության վարչության նախկին օպերլիազոր Վարդան Ղուկասյանին (մականունը` «Դոգ»), որը նշանակվել է Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ, ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:
«Մի համակարգի ղեկավարը, որ Վովան լինի, այս տեսակ կադրերին էլ չի ուզենա ձեռքից բաց թողնել: Մեր ռեժիմը կադրային լուրջ ճգնաժամի մեջ է, երեւի իրենցից էլ են մարդիկ արտագաղթում»,- նշեց նա:
Դիտարկմանն էլ, թե նշանակման առիթով Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ասել են՝ այժմ Ղուկասյանն ավելի ցածր պաշտոնի է, փաստորեն, պատժելու ձեւը պաշտոնի իջեցումն է եղել, մի մարդու, որը աշխատանքից հեռացվել էր Հյուսիսային պողոտայում «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանին հրելու վիրավորելու համար, Բարսեղյանը հետեւյալն ասաց. «Չգիտեմ իրենց խոհանոցն ինչպիսին է, բայց կարծում եմ այդ կադրին վերադարձնել ոստիկանության համակարգ, հերթական անգամ նշանակում է ցույց տալ, որ իրենք անկարող են խնդիրներ կարգավորել: Բարդ հարց չկա, չեմ կարծում, որ մի երեւելի միջադեպ է տեղի ունեցել, այդպիսիք շատ են ոստիկանության համակարգում, որոնց իրենց համար նպաստավոր դիրքերում են տեղավորում, որ վաղը օգտակար լինեն իշխանության պահպանմանն ու վերարտադրմանը»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ