Ավստրալացի ֆոտոլրագրող Ջեք Պիկոնը 90-ականներից սկսելով լուսաբանել պատերազմական շրջանները՝ առաջինը լուսանկարել է Լեռնային Ղարաբաղի պատերազմը: «Կարճ ասած, նա այն մարդն է, որը կարող է պատասխանել հարցերին, թե ինչպես Հայաստանում բեկորներ որսալ, ինչպես նաև խոսել քաղաքացիական և ավանդական պատերազմների տարբերության և վավերագրական լուսանկարչության կարևորության մասին», – գրում է «Վայս» լրատվականը:
«Իմ իսկական «պատերազմական մկրտումը» եղել է Լեռնային Ղարաբաղում», – ասում է Պիկոնը «Վայս»-ին, – «Այդ ժամանակ 29-30 տարեկան էի: Մինչև գործի անցնելը, ես մի քանի տարի տրամադրվում էի այս աշխատանքին: Կարծում եմ, ուզում էի մրցել ինքս ինձ հետ. ուզում էի իմ աչքերով տեսնել այդ ամենը՝ համոզվելու, որ գլուխս չեմ կորցնի՝ բառացիորեն և փոխաբերական իմաստով»:
Պիկոնը պատմում է, որ Ղարաբաղի պատերազմի ժամանակ մի դիպուկահար իրեն կրակի տակ էր վերցրել. «Դա սյուրեալիստական փորձություն էր, որովհետև առաջին անգամ էր, երբ կրակի տակ էի ընկել: Պառկելով ոչ խորը փոսի մեջ՝ ես կարողացա պաշտպանվել կրակոցներից ու ռումբերից: Ես նայեցի վերև, երբ հայ զինվորը սկսեց պատասխան կրակ բացել ու բղավեց, որպեսզի վազեմ իր մոտ: Ընդամենը 80 մետր էր պետք վազել, սակայն այդ կարճ տարածությունն անվերջանալի էր թվում», – պատմում է լուսանկարիչը՝ ավելացնելով, որ այդ ժամանակ վիրավորվել էր մեջքի ու գլխի հատվածում, սակայն լուրջ բան չկար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ