Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն. միասեռականների դեմ արշավ չի սկսվելու

Օգոստոս 15,2013 19:56

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հայկական որոշ ԶԼՄ-ներում ՌԴ «Երեխաների առողջությանը և զարգացմանը վնաս հասցնող տեղեկատվությունից պաշտպանելու» օրենքի ընդունման և 2014թ. Սոչիի օլիմպիական խաղերը բոյկոտելու թեմայով «հնարավոր շահարկումների հետ կապված» հետևյալ հայտարարությունն է տարածել, որտեղ ասվում է, որ ըստ ՄԱԿ-ի և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առջև ստանձնած պարտավորությունների, Ռուսաստանում սահմանադրության մակարդակով արգելված է ցանկացած տիպի խտրականությունը.

«ՌԴ սահմանադրության 2-րդ մասի, 19-րդ հոդվածը երաշխավորում է մարդու և քաղաքացու հավասար իրավունքներն ու ազատությունն անկախ սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, ունեցվածքից, ծառայողական դրությունից, բնակության վայրից, կրոնական և քաղաքական հայացքներից, հասարակական կազմակերպություններում անդամակցությունից, ինչպես նաև այլ  հանգամանքներից, որոնց թվում մտնում է նաև սեռական կողմնորոշումը:

Վերը նշված Օրենքն արգելում է միայն ոչ ավանդական սեռական հարաբերությունները այլոց կապելը, այն էլ՝ միայն անչափահասներին: Այն չի հակասում ռուսական սահմանադրությանը», – ասվում է հայտարարության մեջ՝ վկայակոչելով ՌԴ սահմանադրության կետն, ըստ որի, ընտանիքը, մայրությունը և երեխաները համարվում են ավանդական հասկացությունները, ինչպես նաև հիշատակելով երեխայի իրավունքների պաշտպանության կոնվենցիան՝ ասվում է, որ Ռուսաստանն առաջնորդվում է անչափահասների շահերը լավագույնս պաշտպանելու սկզբունքով, իսկ ռուսական օրենսդրությունը պետական մարմիններին պարտավորեցնում է «պաշտպանել երեխաներին իրենց առողջությանը, բարոյականությանը և հոգևոր զարգացմանը վնաս հասցնող տեղեկատվությունից»:

«Միաժամանակ օրենքով արգելվող վարքի դրսևորումը, ոչ մի կապ չունի օլիմպիական շարժման հետ և չպետք է լինի Սոչիում գտնվող մասնակիցների և հյուրերի նպատակներից:

Ինչպես արդեն հայտնել է ռուսական կողմը, մենք Սոչիում կողջունենք բոլոր մարզիկներին և հյուրերին, անկախ նրանց սեռական կողմնորոշումից: Միաժամանակ հասկանում ենք, որ մեր օտարերկրյա հյուրերը կառաջնորդվեն օիլմպիական խաղերի հիմնարար սկզբունքով, որն է հյուրընկալող երկրի օրենքները հարգելը»:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Ռուսաստանի և օտարերկրյա ԼԳԲՏ (լեսբիան, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) քաղաքացիների շահերը պաշտպանված են Ռուսաստանի սահմանադրությամբ և օրենքներով: Նշվում է, որ Ռուսաստանում գործում են ԼԳԲՏ մարդկանց շահերը պաշտպանող կազմակերպություններ, մասնավորապես առկա է ԼԳԲՏ սպորտի ֆեդերացիա, որի մեջ է մտնում ավելի քան 30 ԼԳԲՏ մարզական ակումբներ, իսկ 2012թ. Բուդապեշտում անցկացված եվրոմրցաշարում Ռուսաստանը 2-րդն էր  ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մասնակիցների քանակությամբ:

Հայտարարության վերջում ասվում է, որ ռուսական դատարանները խստորեն վերահսկում են «ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը»՝ հաշվի առնելով խտրականություն չդնելու սահմանադրական սկզբունքը, և որ օրենք խախտելու համար ենթարկվում են վարչական, այլ ոչ թե քրեական պատասխանատվության. «Միաժամանակ ռուսական օրենսդրությունը չի խոչընդոտում ԼԳԲՏ մարդկանց իրենց իրավունքների համար օրինական ճանապարհով պայքարելուն: Տարածված տեղեկությունները, իբր թե վերը նշված օրենքի ընդունումից հետո ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների նկատմամբ «ճնշումների մեծածավալ արշավ է սկսվելու» չի համապատասխանում իրականությանը», – ասված է հայտարարությունում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031