Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Մկրտիչ Դանիելյանի գործով նիստը, որին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է 7 տարվա ազատազրկման և սահմանել 3,5 միլիոն դրամ` որպես տույժ: Ըստ դատարանի որոշման` նրա պատճառով Հրազդան-Հանքավան ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով զոհվել է երկու մարդ:
Դռնբաց նիստի ժամանակ ամբաստանյալ Մկրտիչ Դանիելյանը միջնորդություն ներկայացրեց` պնդելով, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Հակոբ Մարտիրոսյանը ապօրինի գործողություններ է կատարել իր նկատմամբ: «Պարոն Մարտիրոսյանը անձնական շահագրգռվածություն ունի այս գործում»,- ասաց Մկրտիչ Դանիելյանը, սակայն Հակոբ Մարտիրոսյանը իր հերթին հերքեց մեղադրանքը` այն համարելով մտացածին:
Պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց իր դժգոհությունը այն կապակցությամբ, որ դատախազը չի տրամադրել մեղադրական ճառը, իսկ վճռում տեղ են գտել ճառից հատվածներ:
Դատարանը մերժեց միջնորդությունը:
Կարդացեք նաև
Նշենք, որ պարոն Բաղդասարյանը բողոքարկել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.06.2013 թվականի որոշումը և պահանջել բեկանել այն` միակողմանի լինելու պատճառով, իսկ ամբաստանյալին արդարացնել, քանի որ նա ոչ թե վարորդ է եղել, այլ ուղևոր:
Հիշեցնենք, որ 2008 թվականի հոկտեմբերի 25-ին Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին «Դայմլեր-Բենց 300 Ե» մակնիշի ավտոմեքենան բախվել է երթևեկելի մասով ընթացող «Վազ 2106» մեքենային, ինչի հետեւանքով «Վազ 2106» մեքենայի վարորդը և ուղևորը մահացել են, իսկ Մկրտիչ Դանիելյանը ստացել է գլխուղեղի ծանր վնասվածք: Ըստ նախնական տվյալների` «Դայմլեր-Բենց 300 Ե» մակնիշի մեքենայի ղեկին եղել է Գագիկ Հովսեփյանը, որը սկզբում խոստովանել է, որ ինքն է եղել վարորդը, իսկ այնուհետև փոխել ցուցմունքը: Սակայն Նիկոլայ Բաղդասարյանի խոսքերով քրեական գործի հիմքում ընկած են վկաների ցուցմունքները, որոնք չեն ապացուցում թե ով է եղել մեքենայի ղեկին: Այժմ Գագիկ Հովսեփյանը գտնվում է հանրապետությունից դուրս:
Աշխատանքային օրվա ավարտի պատճառով նիստը հետաձգվեց:
Մինչ դատարանը կորոշեր ընդունել միջնորդությունը,թե մերժել,ամբաստանյալ Մկրտիչ Դանիելյանի բարեկամները մեղադրեցին Հակոբ Մարտիրոսյանին կաշառակերության և Գագիկ Հովսեփյանին Ռուսաստան փախցնելու մեջ: Մեղադրանքներ հնչեցին նաև ՀՀ դատական համակարգի վերաբերյալ:
Լուսինե Շախազիզյան