Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ օգոստոսի մեկից մեկնարկած «Երևանյան ամառ» մեկամսյա ծրագրի միջոցառումներից հերթականը «Հաղթանակ» զբոսայգում էր: Այստեղ առավոտյան ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00 –ն բոլոր կարուսելներն ու խաղային ատրակցիոնները մինչև 16 տարեկան երեխաների համար անվճար են եղել: Երեխաների հետ զբոսայգի եկած ծնողներն իրենց գոհունակությունն են հայտնել Երևանի քաղաքապետարանին այս նախաձեռնության համար՝ ուրախությամբ հատկանշելով, որ նմանատիպ ակցիաները պարբերական բնույթ են կրում: «Հաղթանակ» զբոսայգու տարածքում միջոցառումների ընթացքին հետևել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը: Մինչ այս, առանձին օրերի, անվճար ակցիաներ են անցկացվել Երևանի կենդանաբանական այգում ու մանկական երկաթուղում: «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում կանցկացվեն նաև մշակութային, մարզական ու առողջապահական միջոցառումներ, իսկ բակերում ` նաև բակային ճամբարներ: «Երևանյան ամառը» ծավալուն ծրագիր է, որի հիմնական նպատակը ամռան վերջին ամիսը փոքրիկ երևանցիների ու նաև նրանց ծնողների համար հետաքրքիր ու բազմաբովանդակ դարձնելն է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն