Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իզաբելլա Աբգարյանը չի փոշմանել իր՝ «պրովոկատոր» որակման համար

Օգոստոս 15,2013 18:45

Մի քանի օր է համացանցում շրջանառվում է տեսանյութ՝ 2013 թվականի փետրվարին Ազատության հրապարակում «Ժառանգության» անցկացրած հանրահավաքներից, որտեղ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Իզաբելլա Աբգարյանը «պրովոկատոր»՝ սադրիչ են անվանում հանրահավաքին ներկա գտնվող մի քանի երիտասարդների: Այդ երիտասարդները Կարեն Հարությունյանը, Վահագն Մինասյանը եւ Սեւակ Մամյանն են, ովքեր Երեւանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարող հասարակական ակտիվիստներից են:

Այսօր Aravot.am-ը Իզաբելլա Աբգարյանից հետաքրքրվեց՝ այժմ է՞լ, երբ իրենք այդ տղաների հետ համագործակցում են, այն կարծիքին է, որ նրանք սադրիչներ են: «Պրովոկատոր՝ նշանակում է սադրանք անող մարդ, մարդ, որը փորձում է քաշքշուկ հրահրել: Այդ օրը, երբ ես այդպես ասացի, իրողությունն այն էր, որ նրանք փորձել էին Րաֆֆի Հովհաննիսյանի մասին վատ բաներ ասել, իսկ քանի որ հանրահավաքում հիմնականում մարզերից եկած, Րաֆֆի Հովհաննիսյանին սատարողներ էին, պարզ է, որ դա կարող էր սադրանք լինել եւ կռիվ սկսվել: Մարզի տղաներից մեկը եկավ՝ ասեց՝ էնտեղ ինչ-որ մեկը փորձում ա Րաֆֆիի դեմ խոսել: Դրա համար, ես չեմ փոշմանում այդ բառի համար: Բացարձակ: Որովհետեւ, դա իսկապես կարող էր շատ վատ հետեւանքներ ունենալ՝ հենց իրականացնողների համար»,- փետրվարյան օրվա իրադարձություններն այսպես մեկնաբանեց Իզաբելլա Աբգարյանը՝ հավելելով, որ այժմ ինքը որեւէ մեկի հետ չի համագործակցում. «Ես նրանց պես քաղաքացի եմ, պայքարում եմ իմ իրավունքների համար: Եթե ինչ որ մեկը ճիշտ գործ է անում, մեր քաղաքացիների համար լավ գործ է անում՝ ով ուզում է լինի, անկախ քաղաքական հայացքներից, անկախ անձնական համակրանքներից, ես պատրաստ եմ կանգնել նրա կողքին՝ հանուն այդ գործի»:

Մեր ճշտող հարցին՝ հետաքրքիր է՝ ինչո՞ւ էին այդ երիտասարդներն այն ժամանակ, իր համոզմամբ, փորձում սադրանքներ անել Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ, բայց հիմա դարձել են քաղաքացիների համար պայքարող, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես չէի ասի, թե հատուկ փորձում էին սադրանքներ անել: Պարզապես, նրանք անփորձ են քաղաքական առումով, նրանք երեւի չէին հասկանում, թե ո՞ւմ մոտ էին եկել, չէին հասկանում երեւի, որ գյուղերից եկած մարդիկ կարող է չհասկանան Րաֆֆիի հանդեպ քննադատությունը, թեկուզեւ, եթե նրանք կառուցողական քննադատություն էին անում: Դա է խնդիրն ընդամենը: Նրանք չէին տարբերում քաղաքացիական ակցիան, որը իրականացվում է հիմա եւ քաղաքական ընդդիմության հանրահավաքը, որտեղ հավաքված մարդիկ լրիվ այլ նպատակներով են հավաքված եւ ցանկացած մեկին, ով հակառակը կասի, կընդունեն որպես թշնամի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արշակ says:

    Հետաքրքիր է ինչի՞ են մեր քաղաքացիները միշտ մտածում թե մարզերից եկածները դժվար հասկացողներ են իսկ իրենք ամենագետ…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031