27-ամյա Հովհաննես Դայանը, ով արդեն 6 տարի է՝ զբաղվում է պարաշուտային սպորտով, ասում է. « Մարդ մինչև թռիչքը չկատարի, չի կարող հասկանալ, թե դա ինչ է իրականում, դա ատոմային ռումբ է, որ պայթում է քո մեջ, և դու սկսում ես վայելել այդ ամբողջ էներգիան, այդ էներգիան իսկական հաճույքը է, որը բառերով երբեք չես կարողանա բացատրել»:
Հովհաննեսը պատմում է, որ պարաշյուտային թռիչքներով սկսել է հետաքրքրվել դեռ փոքր տարիքից: Երբ ֆիլմերում ցուցադրվում էին պարաշյուտային թռիչքներ, նա հեռուստաէկրանից հեռու չէր գնում:
« Ավելի մեծ հասակում սկսեցի փնտրել՝ արդյո՞ք հնարավոր է Հայաստանում կատարել թռիչքներ և 3 տարի անց հարևանիս օգնությամբ, ով աշխատում է ՀՀ բանակում, նրա միջոցով ելք գտա դեպի ֆեդերացիայի նախագահ պարոն Իլիկչյանը և արդեն առաջին թռիչքս կատարեցի 2007 թվականին՝ նոյեմբերի 15-ին»:
Հովհաննեսը պատմում է. «Ամբողջ թռիչքի ընթացքում վայելում էի այդ գեղեցկությունը,ազատությունը, իսկ երբ արդեն իջա գետնին, միակ միտքը այն էր, որ էլի հավաքել պարաշյուտը ու էլի թռչել»:
Ըստ Հովհաննեսի՝ առաջին թռիչքի ժամանակ վախի զգացողությունը այնքան էլ մեծ չէր, քան ասենք երկրորդի կամ երրորդի ժամանակ. «Որովհետև առաջին անգամ դու չես գիտակցում, թե ինչ պետք է անես, չես փորձել և չգիտես, որքան թռիչքներդ շատանում են, այնքան ավելի է մեծանում նաև վախի զգացողությունը: Ես իմ երկրորդ թռիչքի ժամանակ ուղղաթիռում նստած այնպես էի վախենում, որ նույնիսկ միտք կար հրաժարվել թռիչքից, բայց երբ կանգնեցի դռան եզրին, ապա ձգվեցի առաջ՝ դեպի երկինք, ամեն բան հօդս ցնդեց: Հարցրեք ցանկացած պարաշյուտիստի, և նա կասի, որ 2-րդն է ամենավախենալու թռիչքը, որովհետև 2-րդի ժամանակ միանում է մարդու «самосохранение»կոչվածը»:
Հովհաննեսը պատմում է, որ ֆեդերացիայում քիչ չեն նաև պարաշուտային սպորտով զբաղվով աղջիկները: Ըստ նրա՝ աղջիկները ավելի քիչ են վախենում, քան շատ տղաներ: Եվ իհարկե չպետք է մոռանալ, որ սովետական Հայաստանի 14 տարեկանների հավաքականի հրահանգիչներից երկուսը աղջիկներ էին, ովքեր այժմ առաջին կարգի հրահանգիչներ են՝ բազմակի չեմպիոններ:
Այսօր իհարկե ողջ աշխարհում պարաշյուտային սպորտը բավականին թանկ սպորտաձև է, սակայն ինչպես Հովհաննեսն է ասում՝ իրենց ֆեդերացիան մինիմալ գումարներով հնարավորթուն է տալիս բոլոր ցանկացողներին թռիչքներ կատարելու համար: Իհարկե նախապես բուժզննում անցնելուց հետո:
« Մեր հրահանգիչները չեն վաստակում գումար, մեզ հետ աշխատելու համար,- ասում է Հովհաննեսը,- մենք վստահում ենք շատ հարցերում մեր կյանքն իրենց, և միակ բանն, ինչ իրենք ստանում են մեր կողմից, մեր վառվող աչքերն են, ինչը իրենց հերիք է նրա համար, որ կրկին ու կրկին գան ու օգնեն մեզ: Դուք չեք կարող պատկերացնել մարդու աչքերը առաջին թռիչքից հետո, նրանց մեջ կրակ է, ուրախություն, երջանկություն, միայն ու միայն դրական էմոցիաներ, որոնք բառերով շատ բարդ է նկարագրել:
Հովհաննեսի կարծիքով՝ այսօր Հայաստանում պարաշյուտային սպորտը զարգացնելու համար բավականին մեծ գումարներ են պետք, պետք է այնպիսի մեկը, ով պատրաստ կլինի անհատույց ձևով վճարել այն:
Օվսաննա Սիմոնյան
Հ.գ. Արդեն 78 տարի է, ինչ գործում է Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիան: Հայաստանում պարաշյուտային սպորտը գոյություն է ունեցել դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներից` 1934 թվականից, սակայն պաշտոնապես գրանցվել է 2002թ.-ին՝ պարաշյուտային սպորտի վետերանների ժողովի որոշմամբ և գործում է մինչ այսօր: