Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը (WostAYN) օգոստոսի 13-ից 21-ը Երևանում իրականացվում է «Ի՞նչ է եվրոպական քաղաքացիությունը» ուսուցողական դասընթացը: Ծրագրին մասնակցում են Հայաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Մոլդովայից, Լատվիայից, Պորտուգալիայից, Լեհաստանից և Ուկրաինայից երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ծրագիրն իրականացվում է Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում: Ուսուցողական ծրագրի ընթացքում քննարկվելու են ժողովրդավարության, մարդու իրավունքների, եվրաինտեգրման գործընթացի հիմնախնդիրները: Երիտասարդները կներկայացնեն միասնական Եվրոպա կառուցելու իրենց տեսլականը:
Ուսուցողական ծրագրի բացմանը ելույթ ունեցավ Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնի նախագահ Ատոմ Մխիթարյանը, կարևորեց գործընկերների աշխատանքն իրենց երկրներում, հավելելով՝ երիտասարդությունը մեծ ներուժ է յուրաքանչյուր երկրում, միասնական Եվրոպա կառուցելու գործընթացը պահանջում է լուրջ ջանքեր ու համատեղ աշխատանք: Այս ծրագրի շրջանակում հույս ունեմ, որ ձեռք կբերեք տեսական և գործնական գիտելիքներ, կծանոթանաք Հայաստանի եվրաինտեգրացիայի փորձին, հնարավորություն կունենաք մշակելու համատեղ ծրագրեր և կյանքի կոչելու առաջիկա տարիներ ընթացքում:
Ծրագրի համակարգող Արփինե Կոստանդյանն էլ ներկայացրեց ծրագրի բովանդակությունը՝ Հայաստանում հագեցած ու տպավորիչ օրեր մաղթելով մասնակիցներին:
Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը (WostAYN) հիմնադրվել է 2006 թ. նոյեմբերի 10-ին Երևանում: 2009 թ. Ոստայնը Եվրախորհրդում ձեռք է բերել միջազգային կազմակերպության կարգավիճակ` միավորելով հայկական երիտասարդական 12 կազմակերպություն` Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Էստոնիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից և Ֆրանսիայից:
Կարդացեք նաև
«Ոստայնի» նպատակն է աջակցել և նպաստել Սփյուռքի հայ համայնքներում հայապահպան գործունեությանը, երիտասարդության ոլորտում Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացմանն ու ամրապնդմանը, մասնակցել ազգային և միջազգային երիտասարդական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
Աստղիկ Ավետիսյան