Aravot.am-ը տեղեկացրել է, որ Արարատի մարզի ոստիկանության բաժնում այս տարվա հուլիսից նյութեր են նախապատրաստվում Դարակերտի Դավիթ Լադոյանի անվան միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու հետ կապված: Լրատվամիջոցների փոխանցմամբ, 6-րդ դասարանի աշակերտ Գեւորգ Սարուխանյանը կորցրել է տեսողությունը, քանի որ, ըստ նրա, մաթեմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Գալոյանը մատանիով հարվածել է աչքին:
Aravot.am-ը ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանին խնդրեց գնահատական տալ կատարվածին եւ հետաքրքրվեց, թե ինչ է սպասվում ուսուցչին:
«Դարակերտի դպրոցի դեպքի հետ կապված ԿԳ նախարարությունը կապվել է Արարատի մարզի կրթության վարչության պետի հետ, ինչպես նաեւ դպրոցի տնօրենի հետ, ճշտել ենք, որ գործը գտնվում է քննչական վարույթում, քննություն է անցկացվում եւ ոստիկանության եզրակացությունից հետո կձեռնարկվեն միջոցներ, եթե իսկապես կատարվել է նման դեպք, ապա ուսուցիչն անպայման կպատժվի»,-ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը:
Հարցրինք՝ արդյոք ժամանակը չէ՞, որ բոլոր դպրոցները հոգեբանի հաստիք ունենան եւ հոգեբանի ծառայությունից օգտվեն եւ երեխաները, եւ մանկավարժները: Նա պատասխանեց, որ դպրոցներին իսկապես անհրաժեշտ են լավ հոգեբաններ: Նրա ասելով՝ ներառական դպրոցներում արդեն կան հոգեբաններ եւ եթե ֆինանսավորումը բավականացնի, մյուս դպրոցները եւս կունենան:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ