«Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ արհամարհել այն փաստաթղթերն ու կոչերը, որ հնչում են ԼՂՀ-ից՝ չցանկանալով տեսնել այդ պետությունը որպես պետական միավոր»,-Aravot.am-ի հարցին` այն, որ ԼՂՀ ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին չխոչընդոտել օտարերկրյա քաղաքացիների այցերը ԼՂՀ ի՞նչ հետևանքներ ու արձագանքներ կարող է ունենալ, այսպես պատասխանեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա կարևորեց նման հայտարարությունները, նշեց, որ դրանք բարձրացնում են ԼՂՀ հեղինակությունը և փաստեց, որ այդ կոչն արդեն իսկ բավականին լուրջ քննարկվում է արևմտյան պետությունների կողմից: Նրանք արդարացիորեն նկատում են, որ Ադրբեջանի նման քաղաքականությունը որևէ կերպ չի կարող նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը և ավելի է սրում կոնֆլիկտայնությունը մեր տարածաշրջանում:
Հարցին՝ արդյոք այս հայտարարության հետևանքով հնարավո՞ր է սահմանում ակտիվացումներ, քաղաքագետը պատասխանեց. «Վստահ եմ, որ Ադրբեջանի քաղաքականությունը սահմանում և նրա սպառնալիքները որևէ կերպ պայմանավորված չեն ԼՂՀ-ի քաղաքականությամբ: Դա նրանց որդեգրված քաղաքականությունն է, որը հետևողականորեն իրականացվում է: Ամեն անգամ տարածաշրջանի նկատմամբ միջազգային ուշադրության մեծացման ֆոնին նրանք ակտիվանում են պետական սահմանում, և Պուտինի այցից առաջ տեղի ունեցած փոխհրաձգությունը դրա վառ ապացույցն է: Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ չկա սառեցված հակամարտություն և փորձում է խոչընդոտել բանակցային գործընթացին, խոսքը վերաբերում է Մինսկի խմբի գործընթացներին, որից հետևողականորեն Ադրբեջանը փորձում է խուսափել: Հետևաբար` չեմ կարծում, որ ԼՂՀ հայտարարությունները կարող են խթանել կամ խանգարել Ադրբեջանի որոշմանը»:
«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ԼՂՀ ԱԳՆ-ի կոչը Ադրբեջանում քաղաքական շահարկման կենթարկվի՝ նախագահական ընտրություններով պայմանավորված:
Կարդացեք նաև
Պարոն Մեհրաբյանի կարծիքով՝ այսպիսի հայտարարությամբ ղարաբաղյան կողմը շուտ պետք է հանդես գար և «հիմա հարմար պահ չէր այդ ուղղությամբ հայտարարություն անելու համար»:
Ռուբեն Մեհրաբյանը չի կարծում, որ Ադրբեջանն այդ կոչը համարժեք քննարկման կենթարկի և դրան կտա համարժեք պատասխան:
Սահմանում ադրբեջանական կողմի ակտիվացումը փորձագետը հնարավոր է համարում ու փաստում, որ «հիմա էլ առանձնապես հանգիստ չէ»: Այնուհետև մանրամասնում է. «Ինչո՞ւ պիտի հանգիստ լինի, եթե Պուտինի նման զենքի մատակարար ունեն և քաղաքական լուծման հնարավորության մասին խոսողները, մեր ռազմավարական դաշնակիցը կես բառ անգամ չի ասում, որ պատերազմի սպառնալիքը անթույլատրելի է: Մեծ հաշվով դա մեր կողմից թույլ տված սխալների արդյունք է, քանի որ հայկական դիվանագիտությունն առանձնապես գաղափարների գեներացիայով զբաղված չէ, այլ միշտ իրադարձությունների պոչից է գնում: Մեր ԱԳՆ-ն ուղղակի բացակայում է: ՀՀ-ն համարժեք քայլեր պիտի նախաձեռնի այս ամենին, այնինչ տեսնում ենք կրավորական դիրքորոշում, ողորմելի վախվորածություն, միայն ցուցարարների գլխին խփելու համար է իշխանությունների տղամարդկությունն ու վճռականությունը բավարարում»:
Բնութագրելով Ռուսաստանի պահվածքը՝ Ռուբեն Մեհրաբյանը նշեց. «Ոչ թե ունենք ռազմավարական դաշնակից, այլ ունենք ուղղակի թմրավաճառի պես մի սրիկայի, որ այս կոնֆլիկտի վրա դիվիդենտներ է վաստակում: Կավատի վարքով ոմն մեկը, որը փչացնում է ամեն ինչ՝ տարածաշրջանում սեփական ողորմելի ներկայությունը երկարաձգելու համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ