Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրունյանը` Սեդրակյանին պատժելու Հայրիկյանի խելամիտ վարկածի մասին

Օգոստոս 15,2013 16:42

Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հերքում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի պնդումը, թե 2013 թ. հունվարի 31-ին իր նկատմամբ իրականացրած մահափորձի գործի նյութերում առկա են վկայություններ, որ գործով որպես պատվիրատու հանդես եկող Վարդան Սեդրակյանը 2012թ. նոյեմբերին 100 000 ԱՄՆ դոլար է ստացել որոշակի անձից:

«Պարոն Հայրիկյան, վերջը չպարզեցիր, բա ո՞վ է սպանության պատվիրատուն, ընդունենք Սեդրակյանն է, ինչո՞ւ է արել, Սեդրակյանը շարժառիթ չի ունեցել: Ինչ վերաբերում է 100 000 ԱՄՆ դոլարին, եթե դա գործի հետ կապ ունի, թող դատարանը հրավիրի փող տվողին` ցուցմունք տալու: Մենք դրանում խնդիր չենք տեսնում: Բացի դա, փող տվողը ինչ-որ մեկը չէ, Վարդանի ծանոթն է, որը ոչ Ռուսաստանից է, ոչ «կագեբեշնիկ» է, երեւանցի նորմալ տղա է: Ասում է՝ ես Վարդանին մեր գործերով փող եմ տվել: Վարդանի հետ երկար տարիներ աշխատել են, անկապ մարդ չէ: Եթե չեմ սխալվում, պարտքով է տվել»,- ասաց պարոն Սիրունյանը:

Փաստաբանն ասաց` ինքը չի հիշում, արդյոք նախագահի թեկնածուն օրենքով պարտավորվա՞ծ է փոխառությունների մասին նշել վերջին մեկ տարվա գույքի եւ եկամուտների հայտարարագրում. «Չգիտեմ` Հայրիկյանն ինչ է շահարկում, փող են տվել, թող հարցնեն էդ մարդուն` ինչու ես փող տվել, այ ընկեր: Ես չեմ հասկանում Հայրիկյանի հարցը, թե անպատի՞ժ պետք է մնա Սեդրակյանը: Ուզում եմ հասկանալ` փող վերցնելու համար պե՞տք է պատժվի Սեդրակյանը: Վարդան Սեդրակյանին պատժելու Հայրիկյանի խելամիտ վարկա՞ծն է: Ինչի՞ համար պետք է պատժվի»:

Պարոն Սիրունյանը չցանկացավ մեկնաբանել Պարույր Հայրիկյանի գրությունը, որը պարոն Հայրիկյանը պատրաստվում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին. «Ուղարկում է գրությունը, որ ի՞նչ անի»:

Հիշեցնենք, որ պարոն Հայրիկյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ պատրաստվում է գրություն ուղարկել գլխավոր դատախազին, հայտնելու, որ նախագահի թեկնածու Սեդրակյանը վերջին մեկ տարվա գույքի եւ եկամուտների հայտարարագրում չի ներկայացրել իր ֆինանսական գումարներն ամբողջությամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vladimir says:

    Дача денег в долг отныне в Армении – уголовно-наказуемое преступление. Не давайте ребята взаймы, Вас за это могут засудить…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031