Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. «Միհրան Մելքոնյանը քաղբանտարկյա՞լ է»

Օգոստոս 15,2013 15:30

Բաց նամակ Հայաստանում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին

Ժողովրդավարական պետությունում լրագրողները կազմում են քաղաքացիական հանրության մաս, իսկ քրեաօլիգարխիկ պետությունում ծառայում են վարչախմբին՝ հանրության դեմ կատարվող հանցագործությունները քողարկելու գործում։ Ուստի զարմանալի չէ, որ հայաստանյան լրատվամիջոցներն ի վիճակի չեն բացատրություններ պահանջել ոստիկանությունից՝ օգոստոսի 13-ին Միհրան Մելքոնյանի ձերբակալության հարցով։

Ինչպե՞ս ստացվեց, որ ս․թ․հուլիսի 2-ից հետախուզման մեջ գտնվող քաղաքացին, հուլիսի 26-ից մինչեւ օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում, ակտիվ մասնակցություն է ունեցել Երեւանի կենտրոնում հրապարակային բողոքի միջոցառումներին, այդ թվում՝ քաղաքապետարանի մոտ իրականացվող շուրջօրյա նստացույցին, անձամբ շփվել է
ոստիկանության բարձրաստիճան սպաների հետ, բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք եւ բաց թողնվել, երկու անգամ ոստիկանության հորդորով անձամբ ներկայացրել է հայտարարություն՝ իր դեմ կատարված ոտնձգությունների մասին։

Այս հարցը կարող է ունենալ միայն երկու պատասխան․ մեր երկրում ոստիկանությունը այնքան անտարբեր է դարձել իր օրինական պարտականությունների նկատմամբ, որ ի վիճակի չէ իրականացնել օպերատիվ-հետախուզական գործողություններ, կամ էլ ի սկզբանե շինծու էր Միհրան Մելքոնյանին ներկայացված այն մեղադրանքը, ըստ որի նա օրենքով սահմանված կարգով պատշաճ նախազգուշացված է եղել, սակայն չարամտորեն խախտել է պայմանական-վաղաժամկետ ազատման պայմանները։

Քանի որ ոչ մի ոստիկան առայսօր պատասխանատվության չի ենթարկվել բացահայտ ծառայողական անփութություն դրսեւորելու համար, ապա մնում է մտածել, որ Միհրան Մելքոնյանի ձերբակալությունն ունի քաղաքական ենթատեքստ, ինչն իր հերթին նշանակում է անձի նկատմամբ կրկնակի պատժի կիրառում` քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու համար։

Դիմում եմ հասարակական գործիչներին, ովքեր հանրության առջեւ ստանձնել են Հայաստանում իրավունքի պաշտպանություն իրականացնելու պարտականություն,
պարզություն մտցնել հետեւյալ հարցում` Միհրան Մելքոնյանը քաղբանտարկյա՞լ է։ Եթե այդպես է, ապա դա նշանակում է, որ վարչախումբը կրկին որոշել է կասեցնել ընդդիմադիր շարժումները` դրանց մասնակիցների ազատազրկման միջոցով։

Հանրային շահը պաշտպանող քաղաքացիական շարժման մասնակիցների նկատմամբ վարչախմբի վրեժխնդրության կասեցումը բխում է յուրաքանչյուր ազնիվ հայ մարդու
կենսական շահերից։ Հանրությունը պարտավոր է պաշտպանել բոլոր նրանց, ովքեր համարձակություն ունեն դուրս գալ քրեական օլիգարխիայի դեմ՝ հանուն մեր երկրում ժողովրդավարական եւ իրավական պետության հաստատման։

Անդրիաս Ղուկասյան
Երեւան, 15 օգոստոսի, 2013թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ա.Ահարոնյան says:

    Քաղաքապետարանի մոտ ընթացող ակցիայի ակտիվիստները Սպիտակի բնակիչ, հետախուզման մեջ գտնվող Միհրան Մելքոնյանին ոստիկանություն բերման ենթարկելուց հետո զանգվածային լրատվության միջոցներում հարցադրում են անում, մասնավորապես, թե հիշյալ տարածքում ծառայություն կատարող ոստիկաններն ինչպե՞ս կարող էին օրեր շարունակ չճանաչել հետախուզվողին:
    Նախ տարբեր հանցագործություններ կատարելու համար այսօր հետախուզման մեջ են գտնվում հազարավոր անձինք, և ոչ մի ոստիկան ի վիճակի չէ դեմք առ դեմք և անուն առ անուն հիշել բոլորին:
    Սա՝ չիմացողների համար: Իսկ իմացողներին, բայց տարրական տրամաբանությունը մերժողներին մեկ անգամ ևս խորհուրդ ենք տալիս մտածել խոսելուց առաջ, ինչ-ինչ նպատակներ հետապնդելով՝ գլխիվայր չշրջել իրողությունները, առաջնորդվել արդարամտությամբ:
    Այս կոչն, ի դեպ, վերաբերում է նաև Միհրան Մելքոնյանի՝ երկու անգամ ոստիկանության բաժին տարվելն ու այնտեղ չճանաչվելը որպես հակափաստարկ բերողներին:
    Ի դեպ, երկու դեպքում էլ Միհրան Խաչիկի Մելքոնյանը ներկայացել է որպես Միհրան Վաչիկի Մելքոնյան, և ոստիկանների համար պետք է որ դժվար լիներ ճանաչել իր հոր անունը չճանաչող մարդուն: Բայց ինչպես տեսնում եք` ի վերջո ճանաչեցին…
    Սա էլ տրամաբանության ու մտածելու խնդիր է, իսկ պատճառը հետևանքով փոխարինելու սին ջանքերն արդեն տարրական բարոյականության դաշտում են:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031