Ինչպես այսօր Aravot.am-ին փոխանցեց «Օրինաց երկիր» կուսակցության Սյունիքի տարածքային կազմակերպության նախագահ Գարիկ Միրզոյանը՝ կուսակցությունը որոշել է թեկնածու չառաջադրել Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում, իսկ որեւէ թեկնածուի պաշտպանելու հարցում դեռ հստակ որոշում չկա կայացված այս պահին:
«ՕԵԿ-ը թեկնածու առաջադրելու որոշում չի կայացրել, իսկ թե որեւէ թեկնածուի կպաշտպանե՞նք, թե՞ ոչ, կորոշի կուսակցության քաղխորհուրդը: Դեռ բավական ժամանակ կա մինչեւ քարոզարշավը, կտեսնենք ովքեր են առաջադրվում, գրանցվում, որից հետո պարզ կլինի մեր դիրքորոշումը: Ամեն դեպքում, քաղաքական խորհուրդն ինչ էլ որոշի՝ դրա հիման վրա էլ կառաջնորդվենք ու կկատարենք այն», – ասաց «Օրինաց երկիր» կուսակցության Սյունիքի տարածքային կազմակերպության նախագահ Գարիկ Միրզոյանը:
Թիվ 38 ընտրատարածքում թեկնածու չառաջադրելու որոշում երեկ կայացրել էր նաեւ ՀՅԴ-ն:
Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրության մասնակցելու համար երեկ որպես պատգամավորի թեկնածու է ինքնաառաջադրվել անկուսակցական, երեւանաբնակ Պավլիկ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Նշենք, որ այսօր թեկնածուների առաջադրման վերջին օրն է:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ