«Մեր գրախանութը հետաքրքիր տեսականի ունի,- օրերս «Առավոտի» հետ զրույցում ասաց «Նոյյան տապան» գրախանութի գրավաճառներից մեկը,- բայց պահանջարկը քիչ է»: Պարզեցինք, որ մեծ է պահանջարկը ուսումնական գրականության նկատմամբ, սակայն այստեղ էլ դժգոհություն կա գնի հետ կապված (շաբաթվա ամենավաճառված գիրքը Փառանձեմ Մեյթիխանյանի «Հայերենի ուղղագրական նոր բառարանն» է (2013 թ.), որն արժե 5700 դրամ):
Գրախանութի աշխատակիցը նշեց, որ մեծ չէ հետաքրքրությունը գեղարվեստական գրականության եւ մասնավորապես ժամանակակից գրականության նկատմամբ. «Պատճառը գինը չէ, այլ գովազդի բացակայությունը, ընթերցողները հիմնականում այն գրքերի հետեւից են գնում, որոնք ինչ-որ կերպ գովազդվել են»: Իսկ այն հարցին, թե ինչ վերաբերմունք ունեն գրախանութ այցելողները ռաբիս երգիչ Արմենչիկին նվիրված գրքույկի մասին, գրավաճառը, փորձելով թաքցնել ժպիտը, ասաց` տարբեր: Ասենք, որ այդ գրքույկը ռաբիս երգչի հանդեպ հեղինակի տածած «պլատոնական սիրո պատմությունն է» (հեղինակի բառերն են), հրատարակվել է 2008թ. (հեղինակային հրատարակություն) եւ արժե 1500 դրամ: Այդ գրքի կողքին դրված Քնյութ Համսունի «Սով» եւ Ֆրանց Կաֆկայի «Դատավարությունը» արժեն 600 դրամ, Թոմաս Ս. Էլիոթի «Մեռյալ երկիրը»` 500 դրամ:
Ի տարբերություն «Նոյյան տապանի», «Բուկինիստում» չէր վաճառվում Արմենչիկին նվիրված այդ գրքույկը, ինչպես եւ չկար այն դժգոհությունը, թե գիրք առնող չկա: Գրավաճառներից մեկն ասաց, որ մեծ հետաքրքրություն կա 2012-ին «Անտարես» հրատարակչության նախաձեռնած «Արգելված գրքեր» շարքի (Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը», Հենրի Միլերի «Խեցգետնի արեւադարձը», Ջորջ Օրուելի «1984»-ը) նկատմամբ: Գրքերի գինը տատանվում է 5000-6000 դրամի սահմանում: «Բուկինիստում» մշտական պահանջարկ կա Նարեկացու, Սարոյանի, Մարկեսի, Կոելիոյի, Ռեմարկի հանդեպ: Ժամանակակից հայ գրողների (Գ. Խանջյան, Ա. Պաչյան, Հ. Սարիբեկյան, Է. Հարենց, Կ. Անտաշյան եւ այլք) գրքերի հանդեպ ուշադրություն կա, բայց դրանք հիմնականում վաճառվում են շնորհանդեսների ժամանակ:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արմենչիկը քիչ էր, հիմա էլ նրան նվիրված գիրք? Ուր ենք գնում ազգովի, ինչ ենք լսում, ինչ ենք կարդում?