Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզային թատրոնները՝ երկու տիրոջ «ծառա»

Օգոստոս 15,2013 14:51

Մինչեւ հիմա հստակեցված չէ մարզային թատրոնների կարգավիճակը, որոնք գտնվելով մշակույթի նախարարության ենթակայության տակ, ըստ էության որեւէ առնչություն չունեն մարզպետարանների հետ: Կադրային հարցերը չեն քննարկվում մարզպետարանների կողմից: Այդուհանդերձ, մարզպետարանները կոչված են համակարգելու այդ թատրոնների աշխատանքները, բայց չունեն պարտավորություններ մարզային թատրոնների նկատմամբ: Արդյոք սա չի՞ խոչընդոտում թատրոնների՝ մարզպետարանների հետ ունեցած հարաբերությունները կարգավորելիս:

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանի խոսքերով՝ «թատրոնը մշտապես համագործակցում է մարզպետարանի հետ, օրինակ՝ օգոստոսի 5-ից սկսված եւ մինչեւ 15-ը տեւող մանկական ներկայացումների շաբաթը հենց մեր համագործակցության օրինակն է: Անցյալ տարի, կրկին մարզպետարանի ծրագրով, թատրոնը հանդես եկավ Ստեփանակերտում, Մարտակերտում, Շուշիում եւ այլն»: Պարոն Չախմախչյանը հավելեց նաեւ, որ իրենց գործունեության հետ կապված յուրաքանչյուր քայլ տեղյակ են պահում մարզպետարանին, իսկ հաշվետվություն ներկայացնում մշակույթի նախարարություն:

Նշեց նաեւ, որ սեպտեմբերի վերջին պատրաստվում են հանդես գալ երեւանցի հանդիսատեսի առջեւ եւ այդ հյուրախաղին աջակցում է ինչպես նախարարությունը, այնպես էլ մարզպետարանը:

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանը հիշեց, որ երբ իրենց թատրոնը գտնվում էր քաղաքապետարանի ենթակայության տակ, ժամանակ առ ժամանակ խոչընդոտներ էին լինում: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ լավ է, որ մարզային թատրոնները գտնվում են մշակույթի նախարարության ենթակայության տակ, որովհետեւ թատրոնի մարդիկ ժամանակին ստանում են թեեւ ոչ մեծ, բայց կայուն աշխատավարձը: «Համագործակցում ենք մարզի 4 քաղաքների հետ: Մեր թատրոնի արտաբյուջեն, կարճ ասած, լավ վիճակում է եւ աշխատում ենք քիչ անհանգստացնել մեր վերադասին: Օրինակ՝ հունվարից մինչեւ հուլիսի վերջը խաղացել ենք 34 ներկայացում: Իսկ երբ անցյալ տարի հենց ներկայացման ժամանակ այրվեց թատրոնի հնչյունային տեխնիկան, մարզպետն անձամբ՝ նորը գնելու համար, մեզ գումար տրամադրեց»,- ասաց տիկին Սայադյանը:

Նա նշեց նաեւ, որ անցած թատերաշրջանում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հայկ Մնացականյանի ռեժիսուրայով Երեւանում խաղացել են Ավետիս Ահարոնյանի «Երբ ձյունն է իջնում», դրանից առաջ էլ՝ Շահան Շահնուրի «Նահանջ՝ առանց երգի» ներկայացումները, հավելելով, թե իրենք հանրապետությունում առաջինն են, որ ռիսկ են արել իրականացնել հիշյալ ստեղծագործությունները:

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Գեւորգ Խաչատրյանը գոհ է իր ղեկավարած թատրոնին մարզպետարանի ու քաղաքապետարանի ցուցաբերած աջակցությունից:

«Այս պահին եւ մշակույթի նախարարության, եւ մարզպետարանի հետ զբաղված եմ Գորիսում, Կապանում, Արցախում կայանալիք մեր թատրոնի հյուրախաղերի հարցով: Հոկտեմբերի 10-ին էլ հանդես կգանք Երեւանում»,- հայտնեց պարոն Խաչատրյանը, ասածը լրացնելով, թե, իր խոսքերով՝ «մեր թատրոնի համար փակ դռներ չեն եղել մարզպետարանում ու նախարարությունում եւ պիտի խոստովանեմ, որ հավանաբար մեր մեղավորությունն է, որ թատրոնը որեւէ նախագծի իրականացման հարցով չի դիմում մարզպետարան»:

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Համլետ Հարությունյանը հայտնեց, որ թեեւ ոչ հաճախ, բայց տարբեր հարցերով դիմում են մարզպետարան եւ քաղաքապետարան ու ստանում դրական պատասխան: «Օրինակ՝ ամանորյա հանդեսների կազմակերպման համար մշտապես ստացել ենք աջակցություն, մանավանդ սոցիալապես անապահով ընտանիքների հարցում կամ՝ մեր խնդրանքը դրական լուծում է ստացել Ալավերդիում անցկացվող «Լոռի» թատերական փառատոնին մասնակցելու համար: Ժամանակին դրական լուծվեց նաեւ Երեւանից բեմադրություն իրականացնելու նպատակով հրավիրված ռեժիսորի կացարանի հարցը եւ այլն: Նշեմ նաեւ, որ մարզպետարանի կողմից թատրոնի շենքի բարեկարգման աշխատանքների համար ստանում ենք աջակցություն»,- ասաց պարոն Հարությունյանը: Նա հավելեց, որ սեպտեմբերին բեմադրիչ Գոռ Մարգարյանի՝ Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը կխաղան նաեւ Երեւանում:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031