Լրահոս
Օրվա լրահոսը

76-ամյա ալավերդցին համաներմամբ ազատվել է պատժի կրումից

Օգոստոս 15,2013 14:39

Նրա փաստաբանը պնդում է, որ սեքսուալ բռնի գործողություն տեղի չի ունեցել

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, իր հարեւանուհու նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող 76-ամյա Բորիս Միխայլովին դատապարտել է ազատազրկման՝ երեք տարի ժամանակով եւ կիրառելով համաներման ակտը` նրան ազատել պատժի կրումից:

Բորիս Միխայլովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. հոկտեմբեր ամսին Ալավերդի քաղաքի իր բնակարանում իր հարեւանուհի Մ. Վ.-ի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որի արդյունքում 2010թ. հունիսի 23-ին Մ. Վ.-ն  աղջիկ երեխա  է ունեցել:

Համաձայն չլինելով կայացված դատավճռի հետ` տուժող կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ խնդրելով բեկանել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի  դատավճիռը, փոփոխել այն` ամբաստանյալ Բորիս  Միխայլովի նկատմամբ պատիժ նշանակել 3 տարի վեց ամիս ժամանակով, հայցադիմումն ամբողջությամբ բավարարել և ամբաստանյալից բռնագանձել 1.031.000 ՀՀ դրամ գումար:

Տուժող կողմը գտել է, որ  առաջին ատյանի դատարանը, մեղավոր ճանաչելով Բորիս Միխայլովին իրեն մեղսագրվող արարքի կատարման մեջ, այսինքն՝ ապացուցված համարելով Ս. Վ.-ի նկատմամբ վերջինիս հայրության փաստը, միաժամանակ երեխայի գոյության մասին մոռանալով կամ դա ոչ բավարար համարելով` վերացականորեն համարել է, որ երեխայի ծնունդը, ծննդաբերության հետեւանքով Մ. Վ.-ի մոտ ծագած առողջական խնդիրները, իրենց ընտանիքի կողմից ծննդաբերության և երեխայի կարիքները հոգալու կապակցությամբ կատարված ծախսերը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և Մ. Վ.-ի հղիանալու հետ ընդհանրապես կապ չունեն, չգիտես որտեղից են ծագել, ինչի համար են կատարվել:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, սակայն, դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, մերժել էր բողոքաբերի պահանջը:

Բորիս Միխայլովի փաստաբան Ռոման Կոնինյանն էլ,  թեեւ չի հերքում, որ իր պաշտպանյալն է ծնված աղջիկ երեխայի հայրը, գենետիկական փորձաքննությամբ դա հնարավոր է համարվել, այնուամենայիվ, նկատում է, որ սեքսուալ բռնություն տեղի չի ունեցել:

«Հարեւանուհին իր ոտքով գնացել է Բորիսի տուն, այդ ժամանակ Բորիսի կինն էլ է  տանը եղել,  եւ ըստ նրա տված ցուցմունքների`բռնության ձայներ չի լսել, ավելին, հարեւանուհին դեպքից  մեկ ու կես տարի հետո է բողոքել, երբ գումար է պահանջել իմ պաշտպանյալից, նա չի տվել, այդ ժամանակ էլ բողոքել է, թե բռնություն է տեղի ունեցել, ավելին՝  բռնության ոչ մի հետք չի հայտնաբերվել»,-ասում է Ռոման Կոնինյանը` տեղեկացնելով, որ հարեւանները ընտանիքներով մտերիմ են եղել:

Նա հավելում է, որ պաշտպանական ճառով խնդրել էր արդարացման դատավճիռ կայացնել, քանի որ իր պաշտպանյալը մեղավոր չէ:

«Արդարացման լիարժեք հիմքեր կային, բայց քանի որ իմ պաշտպանյալը տեսավ, որ համաներմամբ պիտի ազատվի, էլ չուզեց բողոքարկել»,-եզրափակում է նա:

 

Անուշ ԲՈւԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031