Գյումրու նախկին ոստիկանապետը` համատիրություններում «լեվի» փողեր աշխատելու մասին
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին իր պաշտոնավարման 9 ամիսների ընթացքում երեկ առաջին անգամ հաջողվեց իր մոտ հավաքել Գյումրու գրեթե բոլոր` մոտ 23 համատիրությունների նախագահներին: Եվ մինչ քաղաքապետը խոսում էր նորմալ, բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու ու ի շահ բնակիչների աշխատելու մասին, Գյումրու քաղաքապետարանի մոնիտորինգի բաժնի պետ Շիրակ Շահնազարյանը, ով մի քանի տարի առաջ զբաղեցնում էր Գյումրու ոստիկանապետի պաշտոնը ու հեռացվեց համակարգից մարդ ծեծելու համար, սկսեց հետաքրքիր բացահայտումներ անել համատիրությունների նախագահների «լեվի» փող աշխատելու, այսպես ասած «քյարով» դուրս գալու մասին:
Վերջինս, որպես իրավաբան, խոսում էր փաստարկված` դեմերես խայտառակելով գործ չարած համատիրությունների նախագահներին: Օրինակ` երբ համատիրություններից մեկի նախագահը ռիսկ արեց ակնարկել, որ քաղաքապետարանը իրենց չի օգնում, իսկ խնդիրները շատ են, Գյումրու նախկին ոստիկանապետը այնպես շշպռեց, որ վերջինս նստած տեղից չգիտեր ուր փախչեր: Շիրակ Շահնազարյանն ասաց, որ այդ համատիրությունը սպասարկում է մոտ 21 շենքերի բնակիչների, 3 տարվա ընթացքում բնակիչներից հավաքագրել է մոտ 1 միլիոն դրամ, սակայն այդ նույն շենքերի համար 3 տարվա մեջ ընդամենը 150 հազար դրամի ծախս է ցույց տվել: «Գոնե դու մի խոսի, Երվանդ, ի՞ նչ ես արել բնակիչների համար»,- ասաց Շիրակ Շահնազարյանը:
Ստացվում է, որ համատիրության նախագահն այդ փողերով իրեն լավ է զգացել: Իհարկե, սա միակ օրինակ չէր, որ մեջբերեց Գյումրու քաղաքապետարանի մոնիտորինգի բաժնի պետ Շիրակ Շահնազարյանը: Վերջինս բավական երկար ելույթ ունեցավ` ցուցադրելով համատիրություններում տիրող խայտառակ պատկերը: Ու քանի որ խոսքը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք համատիրություններում տիրող վիճակի մասին էր, Գյումրու նախկին ոստիկանապետը էլ ավելի անկաշկանդ ու ոգևորված էր խոսում: Նկատենք, որ այս երկու պաշտոնյաների ջրերը մի առվով չէին հոսում, նույնիսկ խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ Շահնազարյան Շիրակին վերանշանակեցին Գյումրու ոստիկանապետ հենց այն նպատակով, որ վերջինս չափի հրավիրեր այդ ժամանակվա քաղաքապետի որդուն ու նրա «ոսկե» շրջապատին:
Կարդացեք նաև
Ինչևէ, Գյումրու նախկին ոստիկանապետը այսպիսի ելույթ ունեցավ. «Պարոն Բալասանյան, քաղաքապետարանում ֆիքսված էր 15 համատիրություն, բայց մեր աշխատանքի ընթացքում պարզեցինք, որ թերևս 20, թե 27 համատիրություններ կան և հարկային դաշտում, և համապատասխան մարմիններում ֆիքսված: Սակայն էսօրվա դրությամբ փոքր համատիրությունները չեն կարողանում աշխատել, ուզում են, բայց չեն կարողանում, որովհետև սպասարկում են 1 շենքի, 7 շենքի, էստեղ փաստեր ունենք, «Միասնություն»` 3 շենք, «Երազանք»` 2 շենք, «Էրզրում»` 1 շենք, սրանք չգործող բաներ են, սրանք լոգիկային էլ չեն դիմանում, որովհետև էդ շենքից հավաքվում է մի 20 հազար դրամ, էդտեղից ինքն իրեն աշխատավարձ է տալիս , պեչատը ձեռքը սպռավկեքն է միայն տալիս, ուրիշ ոչ մի աշխատանք չի կատարվում: «Երևանյան 157 ա», էդպիսի համատիրություն ունենք, մոնիտորինգի ընթացքում պարզել ենք, որ լուրջ թվով շենքեր ունեն` 21 շենք Երևանյան 155-ը ունի եւ 7-ը շենք՝ Երևանյան 157-ը , 3 տարվա մեջ 30 հազար դրամ է ծախսել շենքերի վրա, խայտառակություն է, իրենց տանը բացել են օֆիսը, իրենց տան հոսանքի խնդիրն է փակում օֆիսի անվան տակ, հետո շենքի վրա երկու շիթ չեն փոխում»:
Սամվել Բալասանյանը խնդրեց այդպիսի մանր-մունր հարցերի մեջ չխորանալ, այլ գլոբալ խնդիրները քննարկել, որովհետև թե ինքը և թե ողջ Գյումրին գիտեն, թե ինչ է կատարվել համատիրություններում: Սամվել Բալասանյանը նաև հիշեցրեց, որ ինքը խոստացել էր մի գիծ քաշել նախորդ իշխանությունների վրա ու սկսել նոր էջ, թեև, ըստ նրա, մի խառը վիճակ է համատիրություններում, չգիտես ով ում բարեկամն է: Գյումրու քաղաքապետը նշեց նաև, որ քաղաքապետարանը, լինելով պարտքերի տակ, մասնավորապես քաղաքում ասֆալտապատում իրականացնելու պատճառով, այդուհանդերձ իր ծանր բյուջեից 22 միլիոն դրամ է հատկացրել համատիրություններին` բնակիչների խնդիրները կարգավորելու համար: Սակայն Սամվել Բալասանյանը նախազգուշացրեց համատիրությունների նախագահներին, որ հանկարծ մտքերով չանցնի հին խաղերը շարունակել: «Ճիշտն ասած, չեմ ուզում ասել, թե ինչ է կատարվել, բնակիչներից փողերը հավաքել, ոչինչ չեն արել, հսկա ահազանգեր ունենք բնակիչներից, հիմա դուք էլ կարող եք գումարները հավաքեք, մի տաս հոգու վճարեք ու վերջացավ, գնաց: Էդպես չպետք է լինի, պիտի գործ անեք , մենք էլ պիտի ստուգենք` ինչքա՞ն գումար հավաքվեց, ի՞նչ գործ արվեց և ինչպե՞ս կարող ենք մենք օգնել: Եթե մեկը փորձի մեր դաշտից դուրս աշխատել, ասի` գիտեք ինչ, ես առանձին միավոր եմ և այլն և այլն, դուք կփոշմանեք ձեր էդ բառերի համար»,- խստորեն նախազգուշացրեց Սամվել Բալասանյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Է լավ է էլի, ինչքան գործ չանեն, պարտքերի վրա պտի գցեն: Պարտք ունենք, կամերաներ մի առեք աղբամանների վրա դրեք,ով է էդպես նա տեսել, ինչ եք արել մինչև այսօր որ? հա մի հարց էդ Շիրակի Շախնազարյանի բաժնում իրա կինը ինչ է անում?
Ինչքան կարելի է դժգոհել՝ Մարգո? մարդիկ աշխատում են , բարեկարգում են քաղաքը: Յուրաքանչյուրը զբաղվում Է իր գործով…. Շուտով կունենանք գեղեցիկ, բարեկարգված , հաճելի քաղաք , իսկ մեր բնակիչները չեն դադարում դժգոհել ու չարախոսել: Հնից որ լավ է: և Ճշտեք ձեր գիտեցած տեղեկությունները Մարգո, Շիրակ Շահնազաևյանի կինը ամենևին էլ իր բաժում չի : Եթե այսպես գնա երբեք էլ չենք ունենա նորմալ քաղաք: Անշնորհակալ մի եղեք:
շատ ճիշտ խոսքեր են
Ինչու են գյումրեցիները այսքան անշնորհակալ? Մարդիկ աշխատում են, ամեն մեկն իր գործը գիտի : Հիմա աշխատում են, թողեք աշխատեն: Բարեկարգում են մեր քաղաքը, շուտով կունենանք գեղեցիկ , բարեկարգված , հանգիստ ու հաճելի քաղաք: Իսկ դուք էլի դժգոհ էք: Հնից որ լավ է: Եվ հետո ճշտեք ձեր իմացած սխալ տեղեկությունները ՝Մարգո Շիրակ Շահնազարյանի կինը ամենևին էլ իր բաժնում չէ: Հերիք է չարախոսեք: