Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի համար ՌԴ-ն շարունակում է մնալ «օկուպանտ»

Օգոստոս 15,2013 14:03

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը ռուս-ադրբեջանական ռազմավարական դաշինքի հեռանկար չի տեսնում

– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան այցի վերլուծություններում հիմնական գիծն այն է, որ Հարավային Կովկասում իր ազդեցությունն ամրապնդելու Մոսկվայի հիմնական խաղադրույքը Ադրբեջանի վրա է: Ձեր կարծիքով, դա ինչպե՞ս կարող է անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա: Ի՞նչ հնարավոր ազդեցություն այն կարող է ունենալ ԼՂՀ խնդրի հետագա կարգավորման վրա, թեպետ Պուտին-Ալիեւ բանակցությունների օրակարգում ԼՂՀ հարցի մասին որեւէ կետ չկա: 

-Ադրբեջանը, թվում է, ընտրություն է կատարել հօգուտ եվրատլանտյան ուղղության: Կտրուկ շրջադարձ այս գծից, ամենայն հավանականությամբ, չի լինելու: Բայց քանի որ կարճաժամկետ հեռանկարում Ալիեւը խնդիրներ ունի` կապված երրորդ ժամկետով նախագահության հետ, Ռուսաստանը երեւի որոշել է հնարավորինս օգտագործել պահը: Ռուս-ադրբեջանական հարաբերություններում նման մի բան էլ 1993-ին է եղել, երբ Հեյդար Ալիեւն Ադրբեջանը «վերադարձրեց» ԱՊՀ կազմ, որպեսզի Կրեմլի աջակցությամբ ամրապնդի սեփական իշխանությունը: Մոսկվան, այսպիսով, «միեւնույն ջուրն է մտնում երկրորդ անգամ»: Բայց ռուս-ադրբեջանական ռազմավարական դաշինքի հեռանկար գոնե ես չեմ տեսնում:

– Դատելով Վլադիմիր Պուտինի հետ Բաքու ժամանած պատվիրակության ներկայացուցչական կազմից եւ Իլհամ Ալիեւի ու Պուտինի հայտարարություններից՝ ձեւավորվում է ռուս-ադրբեջանական նոր այլանս: Այս նոր իրողությունն ի՞նչ խնդիրներ է դնում հայկական պետությունների առջեւ:

-Արդեն ասացի, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցության, առավել եւս՝ ալյանսի հեռանկար չեմ տեսնում: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը, եվրոպական շուկաներ արտահանելով գազ եւ նավթ, սկզբունքորեն դառնում է Ռուսաստանի լուրջ տնտեսական մրցակիցը: Եվրոպացիները չեն թաքցնում, որ իլհամալիեւյան ռեժիմի կամայականությունների հանդեպ աչք են փակում միայն նրա համար, որ Ադրբեջանը Ռուսաստանի այլընտրանքն է «էներգետիկ անվտանգության ապահովման» հարցում: Այս իրավիճակում ռուս-ադրբեջանական ի՞նչ ալյանսի մասին է խոսքը: Իսկ ԼՂ հարցում Ադրբեջանը մերժում է Ռուսաստանի առանձնակի դերակատարությունը, քանի որ խոսքը վերաբերում է Ադրբեջանում ռուսաստանյան ռազմական ներկայությանը, ինչը պաշտոնական Բաքվի համար անընդունելի է: Առհասարակ, Ադրբեջանի անկախության մասին սահմանադրական ակտի նախաբանում, իսկ այն ոչ ոք չի փոխել, Ռուսաստանն անվանված է «օկուպանտ» երկիր: Եզրակացությունն ինքնին է գալիս:

– Հայաստանյան քաղաքական ուժերին` թե ընդդիմադիր, թե իշխանական, մտահոգությունների տեղիք է տվել այս այցն այն իմաստավ, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը համարվող երկրի առաջին դեմքի այցը թշնամի երկիր Հայաստանի համար վտանգ կարող է ներկայացնել, թեպետ իրավական առումով հայ-ռուսական դաշնակցային պայմանագրերին հակասող կետեր ռուս-ադրբեջանական բանակցային օրակարգում չկան: Ինչպե՞ս եք սա գնահատում:

– Եթե հիշողությունս չի դավաճանում, ռուս-վրացական պատերազմից հազիվ մեկ ամիս առաջ Բաքու էր այցելել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Հետագա հարաբերությունները, սակայն, ոչ թե խորացան, այլ հակառակը` դրսեւորվեցին բարդություններ: Որքան էլ ամեն մի համեմատություն «կաղում» է, հակված եմ ենթադրելու, որ Պուտին-Ալիեեւ բանակցություններն արձանագրել են մի իրողություն՝ Ռուսաստանը եւ Ադրբեջանը կարող են լինել միայն առեւտրատնտեսական գործընկերներ եւ ոչ ավելի: Որոշ իմաստով Պուտինի այցը Բաքու ռուս-ադրբեջանական «դարավոր բարեկամության» եւ հնարավոր ռազմավարական դաշնակցության մասին ենթադրությունների վերջի սկիզբն է:

– Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բավականին լարվածություն է նկատվում. Ինչո՞վ բացատրել դա: Արդյո՞ք ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծանում է:

– Իլհամ Ալիեւը գնում է ընտրությունների միայն մեկ «ռեսուրսով»: Դա ընդգծված միլիտարիստական հռետորաբանությունն է, «պատերազմի անխուսափելիության» թեզը: Սեփական երկրի հասարակությանը վախ ներշնչելու եւ այդ կերպ քաղաքական մրցակիցներին չեզոքացնելու համար շփման գծում հրահրվում են միջադեպեր: Մեծ հաշվով, Իլհամ Ալիեւը նախընտրական քարոզչությունն սկսել է զորքերի շփման գծից: Միջազգային հանրությունը, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է դրանից լրջագույն հետեւություններ անեն:

 

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Իսկ ինչ ռեսուրսով է ընտրության գնալու ՀՀԿ-ն???

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031