Երևան քաղաքի Ավագանու «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» որոշման պահանջները պատշաճ կերպով կատարելու համար տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 96 կազմակերպություն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն հայտնելով կազմակերպությունների ներկայացուցիչներին մայրաքաղաքի նկատմամբ սրտացավ և հոգատար վերաբերմունքի համար՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող միջոցառումը ավանդական է դառնալու:
«Վարչական շրջաններ կատարած այցերի ընթացքում քաղաքապետի աչքից չվրիպեցին այն կազմակերպությունների տարածքները, որոնք, անկախ գործունեության տեսակից, բարեխղճորեն պահպանում են պարտադիր բարեկարգման նորմերը: Շնորհակալագրերի արժանացած կազմակերպությունների ցանկում են նաև պետական կառույցներ: Սա արդեն ավանդական դարձած միջոցառում է, որի նպատակը յուրաքանչյուրիս թեկուզ փոքր ներդրումով Երևանը ավելի բարեկարգ դարձնելն է»,-նշել է Արայիկ Քոթանջյանն ու հույս հայտնել, որ օրինակները վարակիչ կդառնան այլ օբյեկտների համար:
Տնտեսվարողներն իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով վերաբերմունքի և գնահատականի համար, նշել են, որ քաղաքապետի ուշադրությունը հաճելի անակնկալ էր, նաև՝ պարտավորեցնող:
Կարդացեք նաև
Նշենք, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից իրականացվող ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ արդեն ավելի քան 4000 օբյեկտների հարակից տարածքներ բարեկարգվել ու կանչապատվել են, շուրջ 500-ում էլ համապատասխան աշխատանքներ են ընթանում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Աստված ոչ անի, որ այդ սովետական մեթոդները նորից վերադառնան`շնորհակալագիր, պատվոգիր, հետո ինչ է գալու, փոխանցիկ դրոշ? Եթե պաշտոնյան, նշանակված թե ընտրված, կատարում է իր պարտականությունները, որի դիմաց վարձատրվում է, էլ ինչ շնորհակալագիր կամ պատվոգիր: ՈՒրեմն այն պաշտոնյաները, որ շնորհակալագիր ու պատվոգիր չեն ստացել, իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել: Դե, ուրեմն, սրանց ել մի բան տվեք`անշնորհակալագիր, անպատվոգիր: Այս ինչ սովետական հիվանդ տրամաբանություն է, որից չենք կարողանում ձերբազատվել: