Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ով չգիտե, որ հենց նրանց՝ այդ ծախու վարձկանների միջոցով հայաթափվեցին հայկական բնակավայրերը

Օգոստոս 15,2013 13:41
karabax

Երևի մարդու սրտին ամենադիպուկ հարվածը սեփական մտքի կրակոցն է, որից ինչքան էլ ուզում ես խուսանավել, թեկուզև` քո իսկ մտքից տապալվածի լռությամբ, սակայն` ապարդյուն, դա չի գոհացնում ահազանգող մտքիդ, ընդհակառակը, ուզում է երևալ, ուզում է, որ նորից վերհիշես չհեռացող, չանցնող անցյալը, ինչն այնպես ցավագնորեն նորոգում է ներկան:

…Ի՞նչ պատիժ պիտի սահմանեինք մենք` Արցախում ապրողներս, ռուսաստանցի, կամ գուցե ավելի ճիշտ՝ ռուսազգի ռազմագերիների նկատմամբ, ովքեր ազերիների բանակի վարձկաններից էին անցյալ դարի 90-ականների սկզբներին.. ,- ահա թե ինչ է կրակում միտքս` աչքի առաջ ունենալով Ռուսաստանի Պոդոլսկ քաղաքում տեղի ունեցած դժբախտ պատահարի ակամա մեղավոր հայրենակցիս` վշտից կորացած տեսքն ու մարմինը ծածկող կանացի խալաթը…
Երևի, մարդկությունն իր պատմության մեջ դեռևս նման ոճիրին համարժեք պատիժ չի սահմանել, որ կարողանար վշտից ու կորուստներից արնածոր մեր սիրտը հովացնել: Ռուսազգի վարձկաններն իրենց թվաքանակով և հայերիս հանդեպ կատարած ոճրագործություններով սադայելի դերակատարություն են ունեցել արցախյան պատերազմի ողբերգական շրջադարձերի ու երկարաձգման գործում: Հենց իրենք էլ վկայում էին այդ մասին՝ գերության մեջ հայտնվելուց հետո, խոստովանելով, որ մի ողջ բանակ են կազմում, որ առանց իրենց ազերի-թուրքերը ոչ մի հաջողություն չէին ունենա: Վարձկանները և զինվոր էին , և հրամանատար, և մեզ վրա անխնա ռումբեր ու արկեր նետող օդաչուներ ու հրետանավորներ: Մերոնց ամենաշատը զարմացրել էր մեր դեմ կռվող ռուսուհի դիպուկահարների ու գնդացրորդների առատությունը:
Ով չգիտե, որ հենց նրանց՝ այդ ծախու վարձկանների միջոցով հայաթափվեցին հայկական բնակավայրերը` Գետաշենից մինչև Շահումյան: Այդ նրանք էին «Կոլցո» օպերացիայի հեղինակներն ու իրագործողները, նրանք էին հրեշավոր ծրագրով հայկական գյուղերում որպես պատժիչ ջոկատներ հայտնվում` թուրքերի համար պատանդ տանելով տղամարդկանց :
Իսկը թուրքավարի գործելակերպ. եղեռնահոտ վերաբերմունք։ Ծանոթ ձեռագիր է. հայերի սպանդը դյուրացնելու համար շարքից հանել տղամարդկանց` կանանց և երեխաներին թողնելով անպաշտպան:
Հարյուրավոր պատանդներին վերադարձնելու համար նրանց հարազատներն իբրև փրկագին հսկայական գումարներ էին վճարում ազերի-թուրքերին, և թշնամին մեր իսկ փողով ռուսից գնած զենքով էր հարվածում մեզ:
Շատերը չկարողացան տուն բերել իրենց հարազատներին` զորու չլինելով ահռելի գումարը հայթայթել, և մեծաթիվ հայ պատանդներ կուլ գնացին անհայտությանը` անամոք ցավ թողնելով մերձավորների սրտերում:
Թե Ստեփանակերտում, թե Արցախի մյուս բնակավայրերում արտակարգ դրության, պարետային ժամի, այլևայլ կամայական սահմանափակումների անվան տակ Ռուսաստանից բերված խորհրդային բանակի զինվորների կողմից ինչքա՞ն մարդ դաժանորեն ծեծ ու ջարդի ենթարկվեց, խոշտանգվեց, ստացած վերքերից նրանց ո՞ր մասը մահացավ, ո՞ր մասը մնաց հաշմանդամ՝ ոչ ոք չի հաշվել:
Որպես պատերազմը ցմրուր ապրած արցախցի, ձեռքս սրտիս ասում եմ, որ նրանց պահվածքը, թե որպես խորհրդային բազմազգ պետության բանակի զինվոր և թե թուրքերին ափաշկարա ծախված ասկյար` միևնույնն էր: Այսինքն` խորհրդային երկրում փողփողացող` եղբայրության, հավասարության դրոշները միրաժ էին, մտապատրանք, այդ մենք էինք միամտորեն հավատում այդ թվացյալ արժեքների գոյությանը: Ռուսաստանից Արցախ հասած բանակային ստորաբաժանումներն աներևակայելի դաժանությամբ ու ցինիզմով առաջնորդվող խառնամբոխ էին և անպատիժ էին զգում իրենց: Հարկ չկա ներողություն խնդրելու այն եզակիներին, ովքեր կարողացան պահել իրենց մարդկային դեմքը, ոչ թե հայամետ դարձան, այլ, իբրև մարդ տեսնելով գազանի դեմ անհավասար կռվի բռնված մարդուն, վերջինիս կողմն անցան:
Ասես հայտնվել էինք դժոխային ժամանակում, երկիր մոլորակն ամայացել էր, մնացել էինք մենք` անզեն, անպաշտպան հայերս և մեզ վերստին գլխատել կամեցող դարավոր թշնամին ու նրա կողմից առաջնադիրքում կանգնած ռուսս վարձկանների բանակը:
Ուր էին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ատյանները` մեկը մեկից հրաշալի անվանումներով, որոնք այնպես ճարպկորեն ուզում էին չտեսնելուն տալ հայկական ածու Ղարաբաղի վերջնական ոչնչացումը: Մեր օրերում հաճախ վայրահաչով Հայաստանին այս կամ այն բանում մեղադրող նույն Արևմուտքն ու՞ր էր, որ ալարեց նույնիսկ մի քանի բերան հաչել` մարդկության դեմ արվող նոր ոճիրը կանխելու համար: Թե հայերիս արյունն ա՞յլ գույն ունի…
Անշուշտ, հենց սեփական ուժին ապավինելը, միասնական բռունցք դառնալն էր մեր փրկությունը, և պատերազմը կրկին կյանքի կոչեց պատմության` մեզ ավանդած ու ցավալիորեն մինչ այսօր էլ լրիվ չյուրացրած դասը. օրհասի պահին դու միայնակ ես թշնամուդ դեմ հանդիման, որի թիկունքից վարձկաններն անպակաս կլինեն…
Հիմա կասեք` պատերազմն ունի իր դաժան օրենքները, և բոլոր պատերազմներում էլ վարձկաններ լինում են, և որ ամեն ազգ ունի իր թափթփուկները: Կասեք ու իրավացի կլինեք։ Բայց և միաժամանակ ասեք, որ արտագնա աշխատանքի մեկնողի հետ ինչ ասես որ չի պատահի ու դա իրավունք չի տալիս նվաստացնել առանց այն էլ կատարվածից ուշքի չեկող թշվառին, թե՞ Ռուսաստանում վերհիշել են, որ հայերը ներողամիտ են, և եթե նույնիսկ իրենց ռմբակոծող` խաղաղ, անմեղ հարյուրավոր քաղաքացիների կյանք խլած ռուս օդաչուին ներում շնորհեցին, ապա սա ի՞նչ է, որ կուլ չտան:
Ուզում եմ մեջբերել անվանի հրապարակախոս, արձակագիր Մաքսիմ Հովհաննիսյանի «Արցախ իմ, ցավ իմ» գրքում տեղ գտած ռուս ռազմագերիների մասին երկու էսսեներից /«Վարձկաններ» , «Ընդոծիններ»/ մի քանի տող:
«Ես ցանկանում եմ բացել խոսակցիս կեղևը, հասկանալ ու ըմբռնել մարդու նրա տեսակը: Ե՞րբ է մարդ դառնում վարձու մարդասպան, հանուն ի՞նչ նպատակի: Վարձկանը մարդու տեսա՞կ է, թե՞ մասնագիտություն:
Անկեղծության այս ործկանքը` «ես կռվել եմ փողի համար», պոռնկածին այս ապաշխարանքը` «ես ոխ չունեմ հայերի նկատմամբ, այլ ցանկանում էի ապագայի խնդիրը լուծել…»: Բարոյական այս պատվանդանի վրա՞ չի տեղի ունենում սպանությունը: Ափաշկարա: Ի տես աշխարհի»:
Գրողը նրանց այցելել և զրուցել է մեկուսարանում, ներկայացրել կալանատան պայմանները, նրանց առողջական վիճակն ու տրամադրությունը, որոնք շատ հեռու էին դաժան վերաբերմունքի ենթարկվածների պահվածքից: Զրույցը կայացել է 1,5 տարի մեկուսարանում անցկացրած ռուս ռազմագերիների հետ, ասել է թե՝ նրանք չեն հոշոտվել, ինչն այնպես մոլուցքով կատարում էին հակառակ կողմում ոչ միայն հայ ռազմագերիների, այլև խաղաղ բնակիչների նկատմամբ: Հիշենք նաև ժամանակը՝ 1994 թվականն էր, կռվի ահեղ տարիներից մեկը, և պատերազմի դաժանությունը տեսած արցախցիներն էին բանտապահները, իսկ նրանց ձեռքի տակ որպես գերի հայտնվել էին իրենց հարազատներին առևանգողներն ու դահիճները:
Նոր-նոր ձևավորվող Արցախի Հանրապետությունը շնչահեղձ էր պատերազմից, բայց գործում էր արյամբ նախնիներից փոխանցված տաբուն, որ գերու հետ դաժանորեն վարվելն ընդամենը սեփական թուլությունը վիզ առնելն է, պատերազմի դաշտում կարող ես ուժդ ցույց տալ ու հակառակորդին ծնկի բերել: Այս հարցում միշտ ապավինել ենք գրված ու չգրված օրենքներին, հայավարի ենք դատել…
Իսկ իմ հայրենակիցը գնացել էր Ռուսաստան` ոչ թե հրթիռակոծելու ու ռմբահարելու, տանկերով ու ավտոմատներով ռուսներին իրենց տնից քշելու և նրանց երկիրն իրենց թշնամուն ծախելու համար, այլ` խաղաղ աշխատանքի, որ ստեղծած բարիքից և՛ այդ պետությանը բաժին հասնի, և՛ մի փոքր առու էլ հասցնի իր ընտանիքին: Ամենևին էլ միտք չունեմ անհարկի պաշտպանել մարդկային կյանքեր խլած դժբախտ պատահարի մեղավորին, ցավակցությամբ ու ափսոսանքով սրբում եմ զոհվածների հարազատների արցունքը, ոչ մեկս էլ ապահովագրված չենք չար բախտի դարանակալումից: Շատ հեռու եմ այլատյացությունից, ռուս գրականության ու մշակույթի երկրպագու եմ, բայց ինչու՞ նույնիսկ ամենադաժան պահին անգամ, մենք, ավաղ, միայն մենք ենք հիշում մեր երկու ժողովուրդներին կապող եղբայրության մասին, որի արմատները շատ խորն են…
Օրերս Հայաստանի հեռուստաալիքներից մեկը հաղորդում էր ներկայացրել Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի աշխատանքների մասին։ Լրագրողի հանգամանալի խոսքն անչափ ուրախալի շեշտադրում ուներ. Հայաստանի մարզերից մեկի բնակիչն իր համար խոպանի վայր է ընտրել Ալավերդին, որտեղ աշխատանքի բարձր վարձատրությունը նրան պահում է լավ վաստակող «խոպանչիկի» կարգավիճակում, ինչն էլ կրկնակի երանելի է, եթե այդ ամենը սեփական հայրենիքում է: Ուր է թե հացի խնդրով հեռավոր ռուսաստաններ մեկնող հայերի երազային էլդորադոն հենց մեր երկիրը դառնա: Ու մեկընդմիշտ փակվի օտար ափեր տանող անորոշության հազարերես ճամփան:

Նվարդ Ալեքսանյան
Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ettentcchi says:

    Հիմիկվի հայաթափություն էլ են այդ ծախու վարձկանները կազմակերպում, թե ….

  2. vardan says:

    Աղջիկ ջան, մի խոսիր այն մասին, ինչից գաղափար չունես….մի վտանգիր մեր ժողովրդի ճակատագիրն…..ավելի շատ կարդա, հետո փորձիր գրել…..

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031