Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Մենք ոչ պետք է լինենք ռուսատյաց, ոչ էլ ռուսամոլ»

Օգոստոս 15,2013 13:23

Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը երեկ Գյումրում վերլուծելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած այցը, կարծիք հայտնեց, որ այստեղ աշխարհաքաղաքական խաղեր են գնում և այցը առավել շատ պիտի հետաքրքրեր Իրանին, քան Հայաստանին:

«Այստեղ մենք չկանք, ժողովուրդ ջան, եթե հետևեք տարածաշրջանային զարգացումներին, կտեսնեք, որ գլխավոր մրցակիցը ռեգիոնում Իրանն է: Հայկական գործոն չկա, կա տարածք, որը բարդ վիճակում է, որը բարձիթողի վիճակում է, ով ինչպես ուզի, վարվում է: Իսկ մեր առկա համակարգը դրան էլ է ասում ` այո, մյուսին էլ է ասում` այո՛, բոլորին ասում է `այո՛: Այո՛ Եվրասիա, այո եվրաինտեգրացիա, այո՛, այո՛, խնդիր չկա: Պարզապես եթե այս այո-ների շարքը երկար տևի և մենք չկարողանանք մերը կառուցել, կկորցնենք մեր պետականությունը, այս վտանգը կա, որը մենք գիտակցում ենք և դրա պատճառով է, որ չենք սպասում հերթական կամ արտահերթ ընտրություններին: Իշխանությունների մի մասը ասում է «և՛, և՛», մի մասը ասում է «կամ, կամ », իսկ մենք ասում ենք` «ոչ, ոչ»:

Իսկ ինչ վերաբերում է վերջերս հրահրվող հայ-ռուսական հարաբերություններին, արհեստական լարվածություն են ուզում առաջացնել, հիշում եք՝ վարորդը, վերջերս այստեղ սպանված հովիվը և ես վստահ եմ, որ էլի կլինեն այսպիսի դեպքեր: Խնդիր կա սեպ խրել ոչ թե Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև, այլ երկու ժողովուրդների միջև: Այս երկու երկրների իշխանությունների խնդիրը, իմ համոզմամբ, լուծված է համապատասխան կենտրոններից: Խնդիրը հայ և ռուս ժողովուրդների միջև սեպ խրելն է, որովհետև եթե ժողովուրդների միջև հանդուրժողականությունն ու համակրանքը դեռ ինչ-որ չափով մնում է, սա ուժ է, և երկրների ադմինիստրացիաները երբեք չեն կարողանալու ազատ գործել:

Նորից եմ ասում, խնդիրը ոչ թե ռուսաստանյան ռեժիմի և Հայաստանում այսօր առկա ռեժիմի միջև է, այլ ժողովուրդների: Եվ այս իմաստով մեր կեցվածքը, այն է` որ, մենք ոչ պետք է լինենք ռուսատյաց, ոչ էլ ռուսամոլ, մենք հայերս պետք է իմանանք մեր շահերը, առաջին հերթին հայաստանակենտրոն և շատ լավ գիտակցենք, որ ոչ ռուս ժողովուրդն է մեր թշնամին, ոչ հայը, ոչ մյուս` ի տարբերություն թուրքերի», -ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031