Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը խրախուսում է ներդրումային ծրագրերը

Օգոստոս 15,2013 12:15

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Կառավարությունը «Բիո գրուպ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2016թ. օգոստոսի 15-ը: Ընկերությունը Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում նախատեսում է կառուցել շուրջ 10.7 հազար քառ. մետր մակերեսով վարունգի և լոլիկի ջերմոցային տնտեսություն, որը հագեցած կլինի ոլորտում հայտնի հոլանդական սարքավորումներով: Կատարվելու է մոտ 660 մլն դրամի ներդրում, որից հետո հնարավոր կլինի տարեկան արտադրել շուրջ 700 մլն դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի Վրաստան, Ռուսաստան և Արաբական Միացյալ Էմիրություններ: Կստեղծվի ավելի քան երկու տասնյակ աշխատատեղ:

Այնուհետև կառավարությունը հաստատել է «Ատ-մետալս» ՍՊԸ-ին վերաբերող իր նախորդ` 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ վճարման ժամկետը երկարաձգելու որոշման փոփոխությունը և լրացումը` լրացնելով և հստակեցնելով ներմուծվող ապրանքների ցանկը: Ընկերությունը նախատեսում է կազմակերպել Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրի ուսումնասիրություն, հանքաքարի վերամշակում` ոսկու և արծաթի ստացման համար: «Ատ-մետալսը» ընթացիկ տարում մտադիր է բացել 75, հաջորդ տարի` 105 աշխատատեղ: Ամսական միջին աշխատավարձը կհասնի 270 հազար դրամի:

 

Կառավարությունն ընդունում է ՄԻ պաշտպանի առաջարկությունները

ՀՀ կառավարությունն իր մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ, որոնց հիմք են հանդիսացել քաղաքաշինության բնագավառի իրավական ակտերում կիրառվող «ոչ բնակելի տարածք (բացվածք)» և «բացվածք» հասկացությունները սահմանելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքապետարանի կողմից` ՀՀ քաղաքաշինության նախարարություն ուղղված առաջարկությունները: Նշված տերմինները հստակեցվել են և համապատասխանեցվել ազգային և միջպետական ստանդարտներով սահմանված հասկացություններին:

Երևանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող տարածքի իրացման և անհրաժեշտ փաստաթղթային ձևակերպման աշխատանքը շուրջ վեց ամսով երկարաձգելու կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել մեկ այլ` պետական գույքն օտարելու որոշման մեջ:

Գործադիրը փոփոխել և լրացրել է ՀՀ մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու իր նախկին որոշումը: Նպատակահարմար է համարվել միացնել «Վաղարշապատի կանանց կոնսուլտացիա» և «Վաղարշապատի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ները, Մեծամորի բժշկական կենտրոնի մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքը և Արմավիրի բժշկական կենտրոնը, իսկ բաժանմունքի տարածքում ստեղծել մարզային էնդոկրինոլոգիական ստացիոնար ծառայություն:

Արդիականացվում է բնակչության պետռեգիստրի համակարգը

Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված վարկային համաձայնագրով ձեռք բերված սարքավորումներն ամրացվել են ՀՀ ԿԱ ոստիկանությանը: Այսպիսով, իրականացվում է ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգի վերազինումը:

Նիստում փոփոխություններ են կատարվել կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում. այն թելադրված է ՀՀ 10 մարզում գործող գյուղատնտեսության աջակցության կենտրոններին հանձնված գույքի իրավական կարգավիճակը ճշտելու և այդ գույքի հետագա շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Փոփոխություն և լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը փորձարարական նկատառումով Շիրակի մարզպետարանի ենթակայության Գյումրու ակադեմիական վարժարանը փոխել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության, ինչի արդյունքում ակնկալվում է բարձրացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը:

Մեր երկիրը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի 8-րդ խաղերին

Կառավարությունը 2013թ. սեպտեմբերի 6-ից մինչև 15-ը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անցկացվելիք ֆրանկոֆոնյան խաղերին մասնակցելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է 30 մլն դրամ: Եվս 3 մլն դրամ է տրամադրվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման, մասնավորապես` մեդալների և կրծքանշանների ձեռք բերման համար:

ՀՀ կառավարությունը Ֆրանկոֆոն տարածաշրջանների միջազգային ասոցիացիայի անդամակցության վճարը վճարելու նպատակով Լոռու մարզպետարանին  հատկացրել է 1,650.0 եվրոյին համարժեք դրամ: Լոռու մարզը նշված ասոցիացիայի լիիրավ անդամ է դարձել 2011 թ. նոյեմբերին. հաշվի է առնվել մարզի և Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոտ Դ’Ազյուր տարածաշրջանի երկար տարիների համագործակցությունը:

 

Օրենսդրական նախաձեռնություններ

           

ՀՀ կառավարությունը քննության է առել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ. խնդիրը վերաբերում է հանրային ծառայությունների համարանիշի կիրառմանը: Նախագծի վերաբերյալ գործադիրն սկզբունքային առարկություն չի ներկայացրել:

Նիստում քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որը, հեղինակի կարծիքով, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին հնարավորություն կտա պարբերաբար տեղեկանալ ՀՀ դեսպանների գործունեությանը: Կառավարությունն արել է առաջարկներ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի ներկայացված օրենքի նախագիծը:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031