Հատված դերասան Վարդան Պետրոսյանի հարցազրույցից:
– Պարոն Պետրոսյան, նախագահական վերջին ընտրություններից հետո, երբ ժողովուրդը համախմբվել էր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ, Դուք եւս Ֆրանսիայից հատուկ եկաք, կանգնեցիք Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին…
– Այո՛, ես հատուկ եկա։ Փարիզում պատրաստում էի իմ նոր ներկայացումը, երբ սկսվեցին հետընտրական իրադարձությունները։ Եկա, որովհետեւ տեսա, թե ինչքան հուսահատ են կանգնած մարդիկ Ազատության հրապարակում։ Նախորդ անգամներն այդպես չէր, սա շատ տարբեր էր։ Երիտասարդներ համարյա չկային, մարդիկ գլուխները կախ էին։ Ես նայեցի ու ասացի՝ ամոթ մեզ, ուրեմն մեր հայրերը, ծնողները, տատիկները, պապիկները վեր են կացել, գնացել են հրապարակ, ընդ որում, նրանց ոչ ոք չէր ասել, չէր պրոպագանդել։ Մարդիկ ընտրել էին իրենց առաջնորդին, եկել-կանգնել ու սպասում էին ինչ-որ բանի: Ես եկա ասելու՝ դուք սխալ չեք արել, դուք ճիշտ եք արել։
Սա առաջին հերթին մտքի հաղթանակ էր, ներքին հաղթանակ։ Ամեն մարդ իր մեջ տարել էր ներքին մեծ հաղթանակ, սա էր կարեւորը, դրա մասին պետք էր ասել։ Շատերը կարծեցին, թե ես մտա քաղաքականություն, բայց ոչ. պարզապես ճիշտ չէր լինի, եթե ես գայի ու չբարձրանայի հարթակ։ Ես կանգնեցի ու ասացի. «Մի՛ վախեցեք, ես ձեզնով հպարտ եմ ու հպարտ եմ, որ ես հայ եմ։ Գլուխդ բարձր, հայ ժողովուրդ»։ Այո՛, ես հարթակում Րաֆֆիի կողքին էի, որովհետեւ նա տեր կանգնեց շարժմանը։
Կարդացեք նաև
– Իսկ հետո ի՞նչ եղավ, որ շատ անսպասելի մեկնեցիք Հայաստանից։
– Շարունակությունն այլ եղավ։ Ես այդ երկու ամիսն այստեղ եմ եղել։ Գնացի, երբ հուսախաբ եղա։ Ես մտածում էի, որ բոլոր քաղաքական ուժերը կմիավորվեն, բայց դա տեղի չունեցավ։ Այսօր դրա համար ոչ մեկին չեմ ուզում դատապարտել։ Տեղի ունեցավ այն, ինչ որ տեղի ունեցավ։ Ես զարմացա, երբ հետընտրական այդ շարժման ընթացքում քաղաքական ուժերն առանձնապես ձայն չէին հանում, իսկ նախագահի երդմնակալության օրվանից հետո՝ քաղաքապետի ընտրություններից անմիջապես առաջ, բոլորը, կարծես, խոսքները մեկ արած՝ սկսեցին իրար վրա ցեխ շպրտել։ Բայց ինչո՞ւ դա չարեցին ավելի վաղ։ Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ այդ ամենը մտածված էր, գուցե այդ մարդիկ ուրիշ բան էին ուզում, ես՝ ուրի՞շ։ Ես հազարումի «գուցե»–ի առաջ կանգնեցի եւ հենց նույն օրը, ի զարմանս իմ կնոջ, ով գիտեր, որ ես այստեղ դեռ շատ երկար եմ մնալու, մեկնեցի Փարիզ։
– Այդ իրադարձություններից հետո խոսե՞լ եք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, գուցե նա պարզաբանե՞լ է, թե ինչու այդպես ստացվեց։
– Ոչ, չեմ խոսել, առիթ չի եղել, ժամանակ չի եղել։ Ինքը կարողացավ շարժումը առաջ տանել այնքան, ինչքան կարողացավ, դա ի՛ր գործն է։ Դա քաղաքական գործչի աշխատանք է, բայց ասել, որ Վարդանը մտավ քաղաքականություն, սխալ է։ Րաֆֆիի կողքին կանգնելն այլ կերպ ընկալվեց, բայց նորից եմ ասում՝ ես կանգնած էի ժողովրդի կողքին ու բոլորովին այլ ընթացքի էի սպասում։
– Ի՞նչ էիք ակնկալում, որ չեղավ։
– Ես կարծում էի՝ մեր քաղաքական ուժերն այս առիթը կօգտագործեն, կմիավորվեն, կստեղծվի մեծ ընդդիմություն, ուժ կդառնան ու լուրջ արդյունքների կհասնեն։ Այդպես չեղավ, ժողովուրդը ստացավ հերթական հուսահատության հարվածը, արտագաղթն ուժեղացավ։ Տեսեք, ինչ է կատարվում։
– Վերջին շրջանում Ձեզ նկատեցի նաեւ մեր երիտասարդների կողքին, Դուք մասնակցում էիք «Free car» նախաձեռնությանը։
– Հրաշալի երիտասարդներ ունենք։ Երբ երթուղային տաքսիների սակագները թանկացրին, բոլորն ըմբոստացան։ Երբ ինձ հարցնում էին՝ ի՞նչ գնահատական եք տալիս, ասում էի՝ հրճվանքից քիչ է մնում սիրտս պայթի։ Երեւանն ապրեց հրաշալի 5 օր, ինչ ուզում են, թող խոսեն։
Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում