Azatutyun. am. Լոս Անջելեսի ոստիկանությունը Կալիֆորնիայում բնակվող հայերի հերթական խմբին մեղադրում է բենզալցակայանների հաճախորդների անձնական տվյալների գողության մեջ:
Էդգար Ալավերդյանը, Կարեն Նազարյանը, Սերոբ Եղոյանը, Էդվարդ Մարտիրոսյանը, Լևոն Մկրտչյանը, Կարինե Բաբայանն ու Էմիլ Մորկուսը ձերբակալվել են շաբաթասկզբին` Գլենդեյլում, Սան Ֆերնանդո Վելիում և Լոս Անջելեսում գտնվող 9 հասցեներում իրականացված միաժամանակյա գործողության ընթացքում:
Երեքշաբթի օրը Գլենդեյլի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ սերժանտ Թոմաս Լորենցը տեղացի լրագրողներին մի շարք տեղեկություններ հայտնեց ոստիկանական գործողության մասին, որը ավելի քան կես տարի տևած հետաքննության վերջին փուլն էր:
Նրա խոսքով՝ տեղացի իրավապահները դեռ հունվարին էին պարզել, որ լոսանջելեսաբնակ հայերի այս խումբը հատուկ սարքավորումների միջոցով անօրինականորեն տիրանում է հաճախորդների բանկային քարտերի տվյալներին:
Կարդացեք նաև
«Այս սարքավորումները, որ դուք տեսնում եք, տեղադրված էին լցակայաններում գտնվող պոմպերի մեջ և նախատեսված էին հաճախորդների բանկային քարտերի տվյալների գողության համար: Հետագայում այդ տվյալները տեղափոխվում էին համակարգիչների, ապա նաև՝ մագնիսական շերտ ունեցող ցանկացած պլաստիկ քարտի վրա», – նշում էր Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչը:
Գլենդեյլի ոստիկանության մեկ այլ ներկայացուցչի` սերժանտ Դեն Սաթլսի խոսքով, ձերբակալվածներից Կարինե Բաբայանը, օրինակ, անազատության մեջ է հայտնվել հենց այն բանից հետո, երբ նրա պայուսակում ոստիկանները ուրիշի տվյալներ պարունակող ինքնաշեն պլաստիկ քարտեր են հայտնաբերել:
Glendale News Press-ի փոխանցմամբ՝ Սաթլսը նաև նշել է, որ հանցախումբը Ford F-350 մակնիշի ձևափոխված փոքր բեռնատար էր օգտագործում, որն ի վիճակի էր շուրջ 300 գալոն բենզին տանել: Հասկանալու համար, թե ինչ ծավալների մասին է խոսքը, նշենք, որ ամերիկյան մեկ գալոնը շուրջ 3 լիտր 800 գրամ է կազմում: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ հետագայում հանցախմբի անդամները երրորդ անձանց անձնական տվյալների օգտագործմամբ գնված բենզինը վաճառում էին Լոս Անջելեսում գտնվող խոշոր բեռնատարների կայանատեղիում` շուկայականից կրկնակի ցածր գնով: Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ այս հանցախմբի վնասազերծմանն ուղղված գործողությանը մասնակցել է միանգամից 7 ուժային ստորաբաժանում:
«Այս գործի հետաքննությանը մասնակցել են ֆինանսական հանցագործությունների բաժինը, Լոս Անջելեսի ոստիկանական վարչությունը, Օրանջի և Լոս Անջելեսի շրջանային շերիֆների գրասենյակները, անձնական տվյալների գողության դեմ պայքարող օպերատիվ խումբը, Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունն ու Կալիֆորնիայի դատախազությունը», – հայտարարեց Գլենդեյլի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը` հավելելով, որ քրեական այս գործով լսումները կանցկացվեն Կալիֆորնիայի նահանգային դատարանում:
Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ