Երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Տիրանայի «Քեմալ Ստաֆա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Ալբանիայի ընտրանու հետ եւ երկու անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը:
Հայաստանի հավաքականը մրցավայր մեկնել էր առանց մի քանի առանցքային խաղացողների, դրա համար էլ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խաղադաշտ էր դուրս բերել, այսպես կոչված, փորձարարական կազմ: Բացի դա, ընկերական հանդիպումները հենց նրա համար են, որպեսզի մարզիչները ֆուտբոլիստների եւ խաղային տակտիկայի փորձարկումներ կատարեն պատասխանատու պաշտոնական հանդիպումներից առաջ: Սակայն մեր թիմն այդ հանդիպումում աչքի ընկավ դժգույն խաղով, պաշտպանությունում, հարձակման գծում վրիպումների առատությամբ եւ փոխանցումների ժամանակ թույլ տրված խոտանի մեծ տոկոսով:
Դժվար է ասել, թե փորձարկումները Վարդան Մինասյանին ինչ տվեցին, սակայն ֆուտբոլասերները մտահոգված են, թե մեր ընտրանին ինչպե՞ս կխաղա սեպտեմբերին Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի շրջանակներում ավելի բարձր կարգ ունեցող Չեխիայի հետ արտագնա հանդիպումում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Armsport.am-ի