Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Սանասարյան. «Բնապահպանության նախարարությունը ստելով ո՞ւմ պատվերն է կատարում»

Օգոստոս 15,2013 11:17

Վերջերս մամուլում հրապարակվեց Մեղրի քաղաքի ավագանու ուղերձը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձում, մասնավորապես ասվում է, որ մետաղական հանքավայրերի  շահագործման հետևանքով տարածաշրջանում արդեն աղետալի իրավիճակ է ստեղծվել, այդուհանդերձ  14 նոր հանքավայրերի ուսումնասիրության ու շահագործման արտոնագրեր են տրվել: Ուղերձին կցվել է «Հայաստանի ուրան պարունակող հանքային դաշտերի և հանքային շրջանների քարտեզը», որպեսզի ցույց տրվի ցրված ուրանի առկայությունը նաև իրենց տարածաշրջանում:

Զարմանալի է, որ ՀՀ նախագահին հղած ուղերձին պատասխանել է բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարը, ով համարձակորեն գրում է. «Նախագահին հղած ուղերձում Լիճք, Տաշտուն և Լիճքավազ-Թեյ հանքավայրերը ներկայացված են որպես ուրանի և թորիումի առավել բարձր պարունակությունների օբյեկտներ, ինչպես նաև ներկայացված «Հայաստանի ուրան պարունակող հանքային դաշտերի և հանքային շրջանների քարտեզը» իրականությանը չեն համապատասխանում», միաժամանակ թվարկելով, թե Մեղրու տարածաշրջանում նորանոր ինչ հանքավայրեր են շահագործվելու:

Բնապահպանության նախարարությունը մեղրեցիներին ծայրահեղ հուսահատության մեջ գցող այս պատասխանով, փաստորեն ժխտում է Հայաստանի Հանրապետությունում ուրանի և թորիումի առկայությունը, այն դեպքում, երբ բազում են դրանց տարածվածությունն ապացուցող փաստերը:

Խորհրդային տարիներին Հայաստանը դիտարկվել է որպես ռադիոակտիվ հումքի հեռանկարային շրջան: Ահա թե ինչու 1948-ից այստեղ գործել են Խորհրդային միության Մինգեոյի մասնագիտացված Գրոմովյան, իսկ 1965-1975թթ.՝ Կոլցովյան արշավախմբերը: Ուրանի և ռադիոակտիվ այլ տարրերի որոնման այդ աշխատանքներին մասնակցել են նաև հայ գիտնականներ ու տարբեր բնագավառների մասնագետներ: Արդյունքում ձևավորված փաստաթղթերը, որպես հույժ գաղտնի նյութեր, հիմնականում տեղափոխվել են Ռուսաստան:

Երկրաբանական գիտությունների դոկտոր Պ.Գ. Ալոյանը «Ураноносность геологических формаций Армении» (Ереван, ГЕОИД, 2010) գրքում գրում է, որ իր այդ աշխատությունում օգտագործել է հրապարակված և գլխավորապես Ա.Ե. Քոչարյանի, Բ.Ի. Պիգուլսկու, Վ.Վ. Շելխովսկու, Մ.Դ. Զագայնովի, Ա.Պ. Պանչենկոյի, Վ.Ա. Մարկովիչի, Մ.Ա. Ենգոյանի, Լ.Ս. Ռուդիցկայի, Գ.Ե. Քոչինյանի, Ա.Մ. Անտրոպցևի, Է.Լ. Սարուխանյանի, Ի.Բ. Խառատովայի, Գ.Կ. Պետոյանի, Բ.Կ. Արխիպովի ֆոնդային նյութերը:

Այս գրքից բերենք որոշ քաղվածքներ՝

«Ըստ կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների, Հայաստանի տարածքում պայմանականորեն կարելի է եզրագծել ռադիոակտիվ էլեմենտների հեռանկար ունեցող 4 խոշոր շրջաններ՝ 1. Սյունիքյան՝ Զանգեզուրի խորքային խզվածքի գոտում՝ Որոտան-Ողջի-Արաքս գետերի միջագետք, 2. Վանաձոր-Դիլիջանյան՝ Սևան-Շիրակյան խորքային խզվածք, 3.Արզական-Փարաքարյան՝ Հրազդան գետի հյուսիս-արևելյան տարածք, 4. Վեդի-Վայքյան՝ Արաքսի ձախ ափ և Արփայի ներքին միջնահոսք:Դրանցից բացի. Շամլուղյան և Ջերմուկյան ոչ մեծ գոտիներ»(էջ 13-14):

«Փխրուտյան երևակումը գտնվում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից 5-6 կմ արևելք, Մեղրու խորքային մագմայական մարմնի (պլուտոնի) հյուսիս-արևելյան գոտում, Ողջի գետի կիրճի լանջերում: Հետախուզված է Ողջի, Լեռնաձոր և Փխրուտ տեղամասերը: Այս տեղամասերում, ավելի քան 300 մ խորությամբ, որոնվել են ուրան-մոլիբդենայինավելի քան 20 հանքային մարմիններ՝ 0,2% ուրանի միջին պարունակությամբ (էջ 20-21):   Փխրուտ-Լեռնաձորյան հանքային դաշտին հարող Անդյան երևակումում առկա 22 հանքային մարմիններից համեմատաբար մանրազնին ուսումնասիրված է Առաջին հանքային մարմինը՝  ուրանի միջին պարունակությունը 0,2-0,3%: 1968 թվին Առաջինի հանքաքարից 2,5 տոննա վերամշակվել է» (էջ 22-23):

«Ուրան-ոսկի-բազմամետաղ հանքերևակումներից են Կայատեղի (ք. Վայք, Արփա գետի աջ ափին, ուրանի միջին պարունակությունը 0,06 %) և Ատդարի տեղամասերը…» (էջ 29):

«Ուրան-մոլիբդենային հանքերևակումներից է Անտառայինի (Աղվերան գետի ձախ ափին՝ ուրանի պարունակությունը 0,03-0,14%)… Ուրան-թորիում-հազվագյուտ հողեր հանքերևակումներից է Ուլյաշիկ գետի վերին հոսանքում գտնվող Թեժսարի տեղամասը (Փամբակի լեռնաշղթա). ուրանի պարունակությունը հասնում է մինչև 0,086 %» (էջ 30-33):

«Նոր փաստացի նյութերը և մետալուրգիական հատուկ փորձերի արդյունքները գրականության և ֆոնդային նյութերի հետ մեկտեղ մեզ հիմք են տալիս Մեղրու խզվածքը …, դրա տակ փռված Մեղրու խորքային մագմայական մարմնի (պլուտոնի) գրանիտոիդների հետ մեկտեղ, դիտարկել որպես ոսկի-ուրան-հազվագյուտ մետաղների հանքայնացման կանխատեսումային հեռանկարային խոշոր հանքավայր» (էջ 65):

«Ներկայումս տնտեսապես նպատակահարմար է համարվում 0,05-0,07 % ուրանի օքսիդ պարունակող հանքանյութի վերամշակումը: Խորհրդային շրջանում տարրալվացվել են 0,012-0,02% ուրան պարունակող հանքանյութերը, որը կարող է լավ կողմնորոշիչ լինել այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է»(էջ 126):

«Փաստացի նյութը վկայում է, որ մոտակա տարիներին, հանրապետությունում կարելի է ստեղծել հանքավառելիքային հումքի պաշարներ ատոմային էներգետիկայի համար, որոնք կապահովեն ոլորտի զարգացումն ապագայում: Այս պարագայում անհրաժեշտ է առանձնացնել ռադիոակտիվ հումքի տեսակետից հեռանկարային հանքային դաշտերը, հանքավայրերը և դրանց տեղամասերը: Ուսումնասիրվածության արդի վիճակով Հայաստանի համար առավել հեռանկարային են ուրան-մոլիբդենային, ուրան-ոսկի-բազմամետաղային, ուրան-մկնդեղային հանքավայրերն և ուրանինիտ-ֆլյուորիտ-բիոտիտային տեսակի հազվագյուտ հողային հանքայնացմամբ.ուրանի պարունակությունը տատանվում է  լայն սահմաններում, միջինը՝ 0,2-0,5%: Առավել հեռանկարային են Քաջարանի պղինձ-մոլիբդենային և Ազատեկի ոսկի-բազմամետաղային (ոսկի-ծարիր-մկնդեղային) հանքավայրերը և Մարմարիկ գետի ավազանի հանքային դաշտը: Որոշակի հեռանկարներ կապված են Փխրուտ և Անդ հանքավայրերի մոլիբդեն-ուրանային ենթաֆորմացիայի հետ, որոնք տեղայնացված են Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի թևերում և կապված են Լեռնաձորի խորքային խախտման հետ՝ Մեղրու խորքային մագմայական մարմնի կոնտակտային մասերում: Արդյունաբերական հետաքրքրություն են ներկայացնում Փամբակի խմբի Թեժսարի և Անտառայինի ուրան-հազվագյուտհողային հանքերևակումները, որոնք գտնվում են Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթանների բլոկների միջև ձգվող Մարմարիկի խախտման գոտում և որոնց յուրացումը կարող է ապահովվել Մարմարիկ գետի ավազանի արագ զարգացող լեռնահանքային ինֆրակառույցների շնորհիվ, հաշվի առնելով ոսկեբեր, պղինձ-մոլիբդենային և ոսկի-երկաթային ու տիտանամագնետիտային հանքաքարերի խոշոր պաշարները: Ոսկին և ուրանը ավելի հաճախ գտնվում են նուրբ-դիսպերս  վիճակում ու հաճախ սերտաճած են լինում պիրիտի և, հազվադեպ, տուխոլիտի հետ, ինչն էլ հանքաքարին տալիս է դժվարամշակ բնույթ, որի հետևանքով սովորական մեթոդներով դրանք դժվար են հայտնաբերվում ու դժվար են կորզվում» (էջ 157-165):

Նույն հեղինակի մեկ այլ աշխատությունից տեղեկանում ենք Հայաստանում ուրանի կանխատեսումային պաշարների մասին, օրինակ, Փխրուտում՝ 20 հազար տոննա, Վայքում՝ 20-30 հազար տոննա, Վեդիում՝ 10-15 հազար տոննա, Անտառայինում՝ 30-40 հազար տոննա… (Г. П. Алоян, Ресурсный потенциал радиоактивного сырья Армении и перспективы его освоения, Горный журнал, 2007, № 635).

Պրոֆեսոր Հ.Ս. Ավագյանը իր «Լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» (Երևան, «Գիտություն», 2011 թ., էջ 260) գրքում գրում է, որ Ամուլսարի հանքաքարի 40 նմուշների տվյալներով այդտեղ առկա է 195 տոննա ուրան:

Հայաստանի Հանրապետությունում ցրված ուրանի և ուրանայինի հանքերևակումների առկայության հետ կապված, բերեմ մի քաղվածք վերջերս կատարված գիտական աշխատանքից. «Ուրանային հանքայնացումը ձգվում է Պիրամսարյան լեռնաշղթայի հարավային լանջհորիզոնականով՝ մոտ 700 մետր, որը ուրանային  հանքավայրերի համար խոշոր բացվածք է: Կվարցիտներում ուրանի հանքայնացումը կրում է ցրված բնույթ» (Երևանի Պետական համալսարանի գիտական տեղեկագիր, 2010 թ., թիվ 3, էջ 18-24):

Բացի վերը նշվածներից, Հայաստանում ուրանի առկայությունը հաստատվում է նաև այն փաստով, որ 2007 թվին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի դաշնության կառավարությունների միջև համաձայնագիր է կնքվել՝ ՀՀ-ում ուրանի և թորիումի հանքավայրերի համատեղ ուսումնասիրության և շահագործման վերաբերյալ: Այդ նպատակով ստեղծված «Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպության» կազմած՝«ՀՀ Սյունիքի մարզում ուրանի և ուղեկցող օգտակար հանածոնների երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման 2009-2012թթ.»Նախագծում (հետայսու՝ նախագիծ)  գրված է,որ 2008 թ.«Ռուսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի, Ռուսաստանի Դաշնության և ՀՀ բնապահպանության նախարարության միջև ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման, արդյունահանման և վերամշակման ոլորտում համագործակցության մասին»Հուշագիր է ստորագրվել:

Նույն Նախագծի 17-րդ էջում կարդում ենք. «Տաշտունի խզվածքի… ծայրամասային հատվածներում կենտրոնացված են դայկաձև մարմիններ և հապլիտների ու պեգմատիտների երակներ, որոնք ուրան և թորիում պարունակող միներալի հաշվին բնորոշվում են բարձր՝ մինչև 800 մկռ/ժ ռադիոակտիվությամբ»: Իսկ 18-19 էջերում գրված է. «Հյուսիս-արևմտյան խախտումները գլխավորապես զարգացած են հրապարակի արևմտյան և արևելյան մասում, որտեղ դրանք կազմում են Տաշտունի, Քիրսի և Լեռնաձորի բեկվածքների համակարգերը: Շրջանի հիմնական կառուցվածքն է հանդիսանում Տաշտունի բեկվածքը, որը բաժանում է երկրորդ կարգի բլոկները և վերահսկում բազմամետաղների, պղնձի, մոլիբդենի , ներառյալ` ուրանային) բոլոր հիմնական հանքերի և հանքերևակումների տեղադրումը: Այն արտահայտված է անընդհատ՝ Մեղրու խորքային մագմայական մարմնի (պլուտոնի) հարավային սահմաններից մինչև Գեղի գետի գետաբերանը… Տաշտունի բեկվածքը իրենից ներկայացնում է 100 մետրից մինչև 2 կմ լայնությամբ շերտ, որը կազմված է մանրացված, տրորված և ճեղքավորված ապարների մոտեցված տեկտոնական կարերի և գոտիների համակարգից, որոնք մեծ մասամբ ինտենսիվորեն հիդրոջերմային վերափոխված են սուլֆիդային, հազվադեպ ուրանային հանքայնացում կրող քվարցային և կարբոնատային երակներով:Զանգեզուրի հանքային շրջանում խիստ գերակշռող հանքայնացումը պղնձամոլիբդենայինն է… Հանքերևակումների հանդիպող հաճախականության աստիճանով երկրորդը ուրանային հանքայնացումն է»:

Մասնագիտական գրականությունից վերը բերված քաղվածքները, ինչպես նաև 2008թ. Հայաստանում ուրանի և թորիումի հանքավայրերի համատեղ ուսումնասիրության ու շահագործման վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագիրն ու դրա արդյունքում կազմած Նախագիծը ցույց են տալիս, որ ՀՀ-ում ցրված ուրանը և ուրանային հանքերևակումները մեծ տարածք են զբաղեցնում, ինչպես նաև «Հայաստանի ուրան պարունակող հանքային դաշտերի և հանքային շրջանների քարտեզը» բացարձակորեն համապատասխանում է իրականությանը:

Պարզից էլ պարզ  է, որ ցրված և արդյունաբերական հեռանկար ունեցող ուրանի ներկայությունը ծածուկ պահելը հատուկ նպատակ է հետապնդում: Ցրված ուրան ասելով պետք է հասկացվի տարբեր հանքավայրերում օգտակար տարրերին ուղեկցող ուրանի այնպիսի ցածր խտություններ, որոնց կորզումը գործնականում հնարավոր չէ և ուրանն ամբողջությամբ մնալու է պոչանքում: Հետևաբար, ցրված ուրան պարունակող հանքավայրերի շահագործումը Հայաստանի նման փոքր տարածք ունեցող երկրում ուղղակի հանցագործություն է: Վստահ եմ, որ հանքարդյունաբերական մաֆիային դա շատ լավ գիտի: Ցրված ուրանի գոյության կոծկումը նրան հնարավորություն է տալիս անաղմուկ, առանց խոչընդոտների շահագործել ցրված ուրան պարունակող հանքավայրերը, իսկ դա նշանակում է Հայաստանի Հանրապետության տարածքի թունավորում՝ հայ ժողովրդի կյանքի ընթացքի կասեցում:

Դժբախտաբար, լավատեսության համար ոչինչ չի երևում, հակառակը՝ Հայ-Ռուսական վերը բերված Նախագծում ասվում է, որ նախատեսվող աշխատանքները թույլ կտան նախորդ տարիներին կատարված աշխատանքների  արդյունքների նորագույն մեթոդներով վերամեկնաբանմամբ՝ «խոտանել» արդյունաբերական նշանակություն չունեցող ցրված ուրանային  հանքայնացման բազմաթիվ գոտիներ, ինչպես նաև երկրաքիմիական անոմալիաներ, որոնք ներկայացված են որպես ըստ խորության անհեռանկարային (էջ 11): Այստեղից կարելի է ենթադրել, որ Խորհրդային իշխանության տարիներին շահագործման համար անթույլատրելի համարվող հանքավայրերը կարող են շահագործվել, եթե, իհարկե, հայ մարդը քնից չարթնանա և չսթափվի:

Այսօր հանքարդյունաբերական մաֆիայի հետ բանակցելը. Նրան մահաբեր ծրագրերի իրականացնելուց հեռու պահելը համարյա անհնար է դարձել: Նրա «թուրը կտրում է» բոլոր ուղղություններով: Հանքարդյունաբերական մաֆիայի թիկունքում է կանգնած ոչ միայն բնապահպանության նախարարությունը, այլև իշխանական բոլոր համակարգերն ու նրանց ձեռքում գտնվող տեղեկատվության միջոցները:

Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ներմուծված է: Հանքարդյունաբերության թափոնները հարկային դաշտից հանելը, հանքատերերին՝ երկրի տնտեսությանը հասցրած վնասը հատուցելուց ազատելը և բազում այլ արտոնություններ, բխում են մեր երկրում վավերացված Միջազգային կոնվենցիաներից, որոնց հիման վրա էլ ստեղծվել են Հայաստանի Հանրապետության օրենքներն ու իրավական դաշտը: Հենց այդ հարկային արտոնություններն են, որ շահագործելի են դարձնում մետաղների շատ ցածր պարունակությամբ հանքավայրերը, որոնք հարկման դեպքում անգամ ծախսածածկող չեն լինի, իսկ երկրում բազում են այդպիսի հանքավայրերը: Պարզ է, որ այդպիսի հանքավայրերի համատարած շահագործումը, նշանակում է հարյուրամյակ առաջ գործը կիսատ թողած յաթաղանը փոխարինել գիշատչական եղանակով իրականացվող հանքարդյունաբերությամբ:

Ցանկանում եմ նաև ասել, որ չնայած ուրանի տարածվածությանը Հայաստանի Հանրապետությունը կյանքի համար խիստ նպաստավոր պայմաններ ունի. կարծր մարմիններում քողարկված ուրանը կյանքին վտանգ չի սպառնում, ուրիշ հարց է, երբ այդ կարծր մարմինները՝ հանքաքարերը ընդերքից հանում, մանրացնում ու փոշի են դարձնում:

  Հակոբ Արբակի Սանասարյան                                                    

Հայաստանի Կանաչների միության նախագահ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գրետա Գաբրիելյան says:

    Շնորհակալություն պարոն Սանասարյանին, շատ կարևոր տեղեկատվության և ռադիոկտիվ երևակումների տեղանունների համակողմանի վերլուծության համար :
    Այո խաբում է, ոչ միայն Բնապահպանության Նախարարությունը, այլև իշխանական հանքարդյունաբերող մաֆիային մոտ կանգնած երկրաբանները,շատ պարզ բառախաղով` ուրանի հանք չկա Հայաստանում ասելով ի նկատի ուեն հաստատված պաշարներ, իսկ այդ նկարագրվածը քանի դեռ չի հաստատված որպես հանքի պաշար, կարող են կոչել երևակում:
    Այսինքն ընդամենը խորամանկ բառախաղի միջոցով
    հերքում են ռադիոակտիվ ցրված ուրանի և թորիումի առկայությունը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031