Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում, ինչպես նախապես հայտարարվել էր, քննարկվելու էր Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում իշխող ՀՀԿ-ի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրելու հարցը:
Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնում փոխարինեց 38 ընտրատարածքից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանն, ինչի արդյունքում էլ սույն ընտրատարածքում լրացուցիչ ընտրությունների անհրաժեշտություն առաջացավ:
Ինչպես նիստի ավարտից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ գործադիր մարմինը միաձայն հաստատել է մարզային կառույցի առաջարկը` 38 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրելով Արմեն Կարապետյանին: Վերջինս Կապանի նախկին քաղաքապետն է եւ տասը տարի ՀՀԿ անդամ է:
Լրագրողների դիտարկումներին, որ թեեւ Սյունիքի մարզպետը Վահե Հակոբյանն է, բայց այնտեղ մեծ է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազդեցությունը, ՀՀԿ մամուլի խոսնակը հակադարձեց, որ ոչ իրավական, եւ ոչ էլ որեւէ այլ առումով Սուրիկ Խաչատրյանի ազդեցությունը Սյունիքում չկա եւ մարզպետն էլ Վահե Հակոբյանն է:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ