Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը կմեծացնի աջակցությունը սոցիալապես անապահով ուսանողներին

Օգոստոս 14,2013 20:03

Օգոստոսի 14-ին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հյուրը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էր։ Նախարարը հանդիպեց հավաքի մասնակիցների հետ և շուրջ 2 ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձավ բազմաթիվ հարցերի։

Երիտասարդներին հետաքրքրում էր բուհերում ուսման վարձերի թանկացման խնդիրը։ Նախարարն ընդգծեց, որ ոչ ոք լավ կյանքից թանկացումների չի գնում։ Ո՜չ բուհերը, որ կայացրել են այս որոշումները, ո՜չ կրթության ոլորտի լիազոր մարմինը՝ ԿԳՆ-ն, ուրախ չեն և չեն կարող ողջունել, որ ուսման վարձ է բարձրանում։ Ըստ պարոն Աշոտյանի՝ այս համատեքստում պետք է գտնել այն կետերը, որոնցով հնարավոր կլինի ուժեղացնել պետության աջակցությունը սոցիալապես անապահով ուսանողներին։ Ուսանողները միշտ եղել են խոցելի խավ, և այսօր թիվ մեկ հարցն այն է, թե ում և ինչպես օգնել, որպեսզի ուսման վարձերի թանկացումները չազդեն կրթության մատչելիության վրա։

Ա. Աշոտյանը ընդգծեց, որ ՀՀ նախագահը հանդիպումներից մեկի ժամանակ բարձրաձայնել է մի բանաձև, որին մենք առաջիկա 4-5 տարիների ընթացքում պետք է հասնենք. ոչ մի լավ սովորող ուսանող չպետք է դուրս մնա բուհից վարձը չմուծելու պատճառով, ոչ մի լավ սովորող ուսանող չպետք է զրկվի բարձրագույն կրթության հնարավորությունից։ ՙԱյս լրջագույն նպատակին հասնելու համար արդեն իսկ կա 2 հստակ ծրագիր, որոնք ընթացքի մեջ կդրվեն սեպտեմբերի 1-ից։ Մասնավորապես, ՙՓարոս՚ համակարգում ընդգրկված սոցիալապես ամենաանապահով ընտանիքների երեխաների համար պետությունը 50-100 տոկոսանոց զեղչեր է նախատեսում։ Այդ ծրագիրը տարածվելու է մոտ 2,5 հազար ուսանողների վրա։ Երկրորդ թիրախը միջին կամ միջինից ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներն են, ում վճարունակությունը թույլ կտա վերցնել արտոնյալ ուսանողական վարկեր։ Դրանք տրվում են ավելի երկար ժամկետով, ավելի ցածր տոկոսադրույքով,  պետությունը գերազանց առաջադիմություն ունեցողների համար փոխհատուցում է վարկի 3 տոկոսը, իսկ լավ առաջադիմություն ունեցողների համար՝ 2 տոկոսը՚,- ասաց ԿԳ նախարարը։

Նախարարն անդրադարձավ նաև ուսանողական զեղչերի համակարգին, որն այսօր այնքան էլ արդյունավետ չէ և օրենքով լավ չի կարգավորվում։ Նա տեղեկացրեց, որ օրինագիծ է նախապատրաստվել, որտեղ հստակ թվարկված են բոլոր այն խավերը, որոնց պետությունը երաշխավորում է ուսման զեղչ 20-50 տոկոսի սահմաններում։ Օրինագծում նշված է, թե բուհերը բյուջեների որ տոկոսը պետք է ուղղեն ուսման վարձերի զեղչմանը։ ՙՄենք օրենքով ցանկանում ենք սահմանել ֆինանսական ծավալի այնպիսի շեմ, որով բուհը պարտավոր է լինելու ուսանողի վճարած գումարից վերադարձնել ուսանողներին՝ 1 և ավելի երեխա ունեցող մայրերին, հաշմանդամ ծնող ունեցողներին, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկներին, զոհված ազատամարտիկների երեխաներին և այլն՚,- նշեց ԿԳ նախարարը։ Նա նաև խոստացավ օրինագիծը քննարկել երիտասարդական ու ուսանողական կազմակերպությունների հետ, դնել հանրային քննարկման։

Անդրադառնալով վերջին օրերին կրթական թեմաների շուրջ շահարկումներին՝ Արմեն Աշոտյանը նշեց, որ որոշ դրսևորումներում քաղաքական ուղղորդումներ կան, և այդ հայտարարությունների հետևում երևում է որոշ մարդկանց ստվերը։ «Միայն առաջին կուրսեցու վրա է տարածվելու թանկացումը, և առաջին կուրսեցու կրթության մատչելիության խնդիրը նախևառաջ պետության խնդիրն է, պարտքն ու հոգսը։ Ես վստահ եմ, որ ոչ մի գիտակից ուսանող թույլ չի տալու, որ ինչ-որ մեկը ձեռքեր տաքացնի իր ընտանեկան, սոցիալական պրոբլեմների վրա։ Վստահաբար պետությունը, կառավարությունն ավելի լուրջ գործընկեր են այս հարցում, քան ինչ-որ քաղաքական շրջանակներ, որոնք փորձում են միավորներ հավաքել մարդկանց դժվարությունների վրա։ Դա անթույլատրելի է»:

Նախարարը նաև հորդորեց ուսանողներից, որպեսզի բուհերից պահանջեն՝ իրենց վարձավճարներից գոյացած գումարների ծախսման գործընթացը լինի ավելի թափանցիկ ու հրապարակային։

Ա. Աշոտյանը պատասխանեց նաև բազեականների այլ հարցերի, որոնք վերաբերում էին դասագրքերին, ընդունելության քննություններին և այլ ոլորտների։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armine G says:

    Ուրեմն նախարարը ինքը չի կարողանում իրեն ենթակա բուհերի գործընթացին հետևել և հորդորում է ուսանողներին որ իրենք պահանջեն բուհերի գործընթացի թափանցիկությունը: Ուսանողին իբր ավելի շատ բանի տեղ կդնեն քան իրեն: Հայ-հա՜աայ, կասեր Ֆրունզը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031