Այսօր քաղաքապետարանի մոտ նստացույցի մասնակիցների հետ ընդամենը մի քանի րոպեով հանդիպեց քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության վարչության պետ Արթուր Գեւորգյանը, մինչդեռ նախապես լրատվամիջոցներին տեղեկացվել էր, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն է հանդիպելու:
Նստացույցի մասնակիցներն այս առնչությամբ ասացին, որ իրենք ընդամենը պատասխան են ստացել, որ քաղաքապետը մեկ անգամ եւս վերահաստատում է, որ պատրաստ է հանդիպել եւ զրուցել ակցիայի մասնակիցների հետ, սակայն քաղաքապետի անուն չեն նշել:
Հիշեցնենք, որ երեկ ակցիայի մասնակիցները գրավոր դիմել էին քաղաքապետին`հովանոց տեղադրելու թույլտվության համար:
Կարդացեք նաև
Aravot.am-ի այն հարցին, թե Արթուր Գեւորգյանի հետ ի՞նչ են զրուցել եւ ինչ հարցեր են քննարկել, Գոռ Առաքելյանն ասաց. «Ես չեմ կարծում դա քննարկում էր, Արթուր Գեւորգյանը եւս մեկ անգամ փորձում էր իրազեկել, որ մերժում են հովանոցի տեղադրումը, նույնիսկ իրար լսելու խնդիր առաջացավ: Իսկ հովանոցի մերժման հիմնավորումները օրենքի ոչ մի կետով նշված չէ, միայն նշված է, որ ըստ ավագանու որոշման գազոնի վրա չի կարելի հովանոց տեղադրել, փողոցում երթեւեկությունն ու մայթին անցորդների ազատ տեղաշարժն է խաթարվում: Առաջարկեց այլ միջոցներից օգտվել, թե ինչ նկատի ուներ այլ միջոցներ ասելով, պատասխան չստացա»:
Այլ միջոցներն էլ, ըստ նստացույցի մեկ այլ մասնակցի` Վահագն Մինասյանի մեկնաբանմամբ, հետեւյալն են. «Քաղաքապետարանը փորձում է մեր կյանքի եւ առողջության խնդիրներն օգտագործել որպես շանտաժի գործիք: Մենք չենք տրվելու շանտաժներին, հայտարարում ենք, որ մեզ հովանոց էլ անհրաժեշտ չէ, քանի որ այս պահանջը շատ ավելի էական է, հանրային պահանջ է եւ վճռական ենք տրամադրված եւ որեւէ շանտաժի գործիք չի կարող ազդել մեր հետեւողականության վրա: Այսինքն` եթե քաղաքապետարանը մեր առողջական հարցերն օգտագործում է որպես շանտաժի գործիք, այնքան ձգձգի այս հարցը, որ մենք առողջական խնդիրներից ելնելով դուրս գանք, սխալվում են, այսպես առանց հովանոցների էլ, փորձել ենք 20 օր շարունակ ինչ-որ կերպ անց կացնել տապն ու անձրեւը, կշարունակենք նախկինի պես»:
Aravot.am-ի այն հարցին, արդյոք փորձել են Արթուր Գեւորգյանի հետ հովանոցի խնդրից բացի, այլ հարցեր էլ շոշափել, Գոռ Առաքելյանն ասաց, որ փորձել են հիշեցնել, որ քաղաքապետարանի` կլոր սեղանի շուրջ 3 ակտիվիստների հետ քննարկելու առաջարկը չեն ընդունի, քանի որ նման քննարկումը պետք է լինի հանրության մի ստվար զանգվածի հետ.«Որովհետեւ մեր պահանջ 3 հոգու պահանջ չէ: Մենք որեւէ բանակցությունների շուրջ չենք նստելու այնքան ժամանակ, քանի դեռ մեր պահանջները չեն բավարարվել»:
Հիշեցնենք, որ նստացույցի միջոցով երեք երիտասարդները պահանջում են քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի եւ «Երեւան-տրանս» ընկերության ղեկավար Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունը` նրանց անպարկեշտ պահվածքի համար:
Aravot.am-ը երիտասարդներից հետաքրքրվեց, արդյոք չե՞ն պատրաստվում բողոքի այլ մեթոդների դիմել, եւ որքանով են հավանական հավանում հաջողության հասնելը նստացույցի միջոցով, Գոռ Առաքելյանն ու Վահագն Մինասյանն ասացին, պայքարելու են այնքան, մինչեւ իրենց պահանջը բավարարվի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ