Այսօր այս մասին Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում պատմեց «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Վերջինս, նշելով, որ Հայաստանի քաղաքական դաշտը ամբողջապես սպառվել է, որպես ապացույց իր խոսքի, մեջբերեց քաղաքացիների կողմից երևանյան տրանսպորտի թանկացման դեմ սկսված պայքարը:
«Մենք ականատես եղանք երթուղային վարձավճարի բարձրացման դեմ տեղի ունեցած ըմբոստությանը` ի մասնավորե Երևանում: Ոչ ոք չէր սպասի այդպիսի ըմբոստացման, բոլորը կարծում էին, որ մեր երկրում երիտասարդություն չի մնացել, երիտասարդությանը չի հետաքրքրում, որ միավորվեն, գան: Խնդրեմ, բոլորս ականատես եղանք, թե ինչպես մի քանի օրվա մեջ երիտասարդական տարբեր խմբավորումներ, շրջանակներ, ինքնակազմակերպվելով, առանց այսպես ասած փորձելու էդ ամբողջը լուրջ կոորդինացնելու, ոտքի ելան: Անշուշտ, այստեղ կոորդինացման գործիք ծառայեց Ֆեյսբուքը, շատ լավ միջոց է, շատ լավ զենք է, որը մենք բոլորս պետք է կարողանանք լավ օգտագործենք: Այս ըմբոստացմանը սկզբից մինչև վերջ մենք եղել ենք մասնակից և հնարավորինս աջակցել ենք, հորդորել ենք: Ես հիշում եմ վերջին երկու օրերը ոստիկանության վիճակը, թե ինչպես առավոտից գիշեր թևաթափ եղած, հոգնած, չեմ ուզում պիտակավորեմ մեր գործող ոստիկանությանը, չգիտեին ինչ անեին, վերջին երկու օրը առավոտից գիշեր վազվզում էին, դեպի ուր, չգիտեին: Որ շրջանակին պետք է փորձեին վախեցնել, չգիտեին, մի դեպք եմ նաև ուզում պատմել. ակտիվ երիտասարդներից մեկին Օպերայի մոտակայքում ինչ-որ ոստիկան փորձում է սաստել`ասելով, որ հետ կանգնի, մի արա այս քայլը, թե չէ քեզ բերման կենթարկեմ ոստիկանություն: Երիտասարդը պտտվում է` ասելով, որ նոր եմ եկել այնտեղից: Ոստիկանը կարմրեց, ինչ ասի՝ չգիտի: Վերջին օրերին ականատես եղան, թե ինչպես մի քանի հազար երիտասարդ, արդեն առանց ոստիկանների ուղեկցությամբ, փողոցներում ազատ ճեմում են, այսինքն` իշխանությունները սարսափից նահանջեցին», ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ եթե համարձակվեն տրանսպորտի գինը թանկացնել, շատ ավելի ուժեղ է լինելու հակադարձ ալիքը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ