ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը քաղաքապետարանի մոտ կազմակերպվող բողոքի ակցիաներին գնահատական տալիս վիրավորել է ակտիվիստներին: Նա ասել էր, որ այդ շարժումը «մի խումբ մարդկանց անբավարարվածության դրսեւորում է»:
«Եթե այդ մարդն ինչ-որ բավարարվածության մասին է խոսել, ասեմ, որ մենք բոլորս բավարարված մարդիկ ենք: Միգուցե ինքը խնդիր ունի բավարարված լինելու: Եթե ինչ-որ հարց կա, որ բավարարված չենք, դա մեր ներկայացրած պահանջներն են, որ դեռեւս բավարարված չեն: Ավելի լավ կլինի նա մոտիկից խնդրին ծանոթանա, նոր նման տեսակետ հայտնի»,- Aravot.am-ի հետ զրույցում Մկրտիչ Մինասյանին այսպիսի պատասխան տվեց նստացույց անող ակտիվիստ Գոռ Առաքելյանը:
Նրա դիտարկմամբ՝ «Կարծում եմ, այդ մարդիկ շատ ավելի լավ կլինի նախ մի փոքր էթիկայի կանոններին ծանոթանան, խոսելու կուլտուրա ձեռք բերեն, նոր սկսեն արտահայտվել: Մենք մեր պահանջների մեջ երբեւիցե որեւէ մեկին չենք վիրավորել, իսկ այդ մարդիկ իրենց մեկնաբանություններով ուղղակի կամ անուղղակիորեն վիրավորանքներ են հասցնում ե՛ւ նստացուցավորներին, ե՛ւ նրանց աջակիցներին: Երկրորդը՝ այդ շարժումն ինքնաբուխ է, բավականին շատ մարդիկ են գալիս-գնում, տարբեր մարդիկ են գալիս՝ տարբեր պահանջներով, որոնք մեզ հետ ընդհանրապես կապ չունեն: Կան խմբեր, ովքեր գալիս են, ակցիաներ են անում, մենք՝ նստացուցավորներս, պարտավոր չենք բոլորի փոխարեն պատասխանատվություն կրել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ