«Ընդհանուր առմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրանում է տնտեսության աշխուժացման փուլում, երբ ֆինասական ռեսուրսների հանդեպ պահանջարկը մեծ է: Երբ անկումային միտումներ են գրանցվում տնտեսության մեջ սովորաբար վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրճատվում է»,-Aravot.am –ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` մեկնաբանելով Կենտրոնական բանկի (ԿԲ) երեկվա որոշումը, համաձայն որի ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0,5 տոկոսային կետով՝ հասցնելով մինչեւ 8,5%:
Մատչելի լեզվով ասած` ԿԲ-ն, փողի արժեքը բարձրացրել է: Կենտրոնական բանկի մեկնաբանմամբ, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պայմանավորված է առավելապես էներգակիրների սակագների բարձրացմամբ, ինչի արդյունքում արձանագրվել է 0,4% գնաճ: Մասնագետների ներկայացմամբ, սովորաբար, վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվում է գնաճի դեմ պայքարելու համար:
Տնտեսագետի գնահատմամբ, վերջին 1-2 տարիներին մեր երկրում տնտեսական աշխուժացման միտում է արձանագրվում, ինչը, բնականաբար, պետք է բերեր, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման. «Կես տոկոսը շատ մեծ չէ, տնտեսության վրա բացասական ազդեցություն կունենար, եթե ավելի մեծ լիներ` մեկուկես-երկու տոկոս: Դրա ազդեցությունն ավելի կտրուկ կզգացվեր տնտեսության վրա, ինչը կարող էր խոչընդոտ դառնար տնտեսության զարգացման համար: Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ էներգակիրների գների բարձրացումը բնականաբար իր ազդեցությունը չէր կարող չթողնել ֆինանսական համակարգի վրա, եւ սա եւս բավական օրինաչափ երեւույթ կարելի է համարել»:
Մեր հարցին, թե ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով, նաեւ գնաճի աստիճանական նվազում է ակնկալում, արդյոք դա զսպող գործիք է, պարոն Մանասերյանն ասաց. «Այդպիսի կանխատեսումներ մեր կողմից էլ արվել են եւ պետք է նշեմ, որ դրամավարկային քաղաքականությունը, ինքնին, կարող է լինել արդյունավետ, զսպող գործոն գնաճի, բայց միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ կան նաեւ այլ հանգամանքներ, որոնք ազդում են գնաճի վրա եւ թեեւ ԿԲ-ն պատասխանատվության մասն ունի գների կայունություն ապահովելու առումով, բայց դա չի նշանակում, որ գնաճի մասով ողջ պատասխանատվությունը պետք է թողնել ԿԲ-ի վրա: Այստեղ պետության վերահսկիչ դերը կարեւոր է եւ նաեւ պետական կառույցների` տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, պետեկամուտների մասով պետք է ճկուն քաղաքականություն վարվի եւ, ընդհանուր առմամբ, տնտեսական քաղաքականությունը պետք է նպաստող գործոն լինի, բայց առանց վերահսկիչ գործառույթի իրականացման գնաճը կառավարելի չէ»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ