Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էին հրավիրել «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամներ Ժիրայր Սեֆիլյանն ու Իտալիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսը: Բանախոսներն անդրադարձան իրենց հետագա անելիքների, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական խնդիրներին:
Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Մենք մեր գործունեության բուռն շրջանում ենք գտնվում, մենք այդ մասին հայտարարել էինք նաեւ, որ ի տարբերություն Հայաստանում չկայացած քաղաքական դաշտի գործիչների, արձակուրդ գնացողը չենք, մենք շատ լավ գիտակցում ենք ամեն մի օրվա նշանակությունը եւ ամեն օր լծված ենք մեր ընդհանուր գործով: Մեր սիրելի ժողովուրդը պետք է գիտակցի, որ անելանելի վիճակում չենք գտնվում մենք`հայերս, կա այս վիճակից դուրս գալու լուծում, մենք այդ լուծումը գտել ենք, ունենք, ունենք հստակ ծրագիր, հստակ քայլերի հաջորդականությամբ եւ ընթանում ենք այդ ուղղությամբ: Այսինքն նախեւառաջ մենք ուզում ենք մեր ժողովրդին հուսադրել, ինչպես ասում են` ամեն ինչ կորած է, բայց այդպես չէ»:
Ժիրայր Սեֆիլյանը քննադատեց նաեւ նախորդ 15-20 տարվա ընթացքում իրենց ընդդիմադիր համարած ուժերի ելույթները` նշելով, որ ամեն անգամ նույն բանն ենք լսում: «Սեպտեմբեր ամիսը մոտենում է, եւ ինչպես ամեն տարի քաղաքական արկածախնդրությամբ զբաղվող կուսակցությունները ու գործիչները նորից իրենք իրենց դերի մեջ են: Այս օրերին դուք հաճախ եք լսում, որ շուտով հեղափոխությունը լինելու է, շուտով փոփոխությունը լինելու է, այսպես ենք անելու, այնպես ենք անելու, լայն հեղափոխություն է լինելու, բայց եթե փորձենք թերթել անցած 15-20 տարիների չակերտավոր ասած ընդդիմադիր ուժերի գործունեությունն ու նրանց ելույթները, կտեսնենք, որ ամեն տարի նույն բանն ենք լսում: Ես այս ամենը ասացի, հիմնականում գալու նրան, որ լուծումը այս համակարգեն ներս չէ, այսինքն` այսօրվա քաղաքական դաշտը, որը ամբողջությամբ վերահսկվում է գործող խանի, խանական կառավարման համակարգի կողմից, ուստի այդտեղ լուծում փնտրելն անիմաստ է», -ասաց բանախոսը:
Ժիրայր Սեֆիլյանը նաեւ ասաց, որ իրենք ազնիվ մղում ունեցող գործիչներին հորդորել են դուրս գալ այդ համակարգի միջից ու ձեւավորել այլընտրանքային իշխանություններ: Ըստ նրա, ընդդիմադիր դաշտում տակավին կան ազնիվ գործիչներ, որոնք կարող են համագործակցել «Նախորհրդարանի» հետ, որը կուսակցություն չէ, սովորական շարժում չէ, այլ այն հարթակն է, որը կողմնակից է արմատական փոփոխության, ըստ էության է մերժում գործող համակարգը:
Կարդացեք նաև
«Նախորհրդարանի» Գյումրու անդամներից Բաբկեն Մկրտչյանն էլ տեղեկացրեց, որ «Նախորհրդարանը» իրականացնում է իր որդեգրած ճանապարհային քարտեզը, հիմա գտնվում է Սահմանադրական ատյան ձեւավորելու փուլում, ու նաեւ Երեւանից դուրս գրասենյակներ է ձեւավորվում. Գյումրիում, Վանաձորում արդեն կան գրասենյակներ, իսկ Կապանում ու Լեռնային Ղարաբաղում ընթացքի մեջ է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ