«Ես ըմբռնումով եմ մոտենում այն բուհերի որոշմանը, որոնք թանկացրել են ուսման վարձը»,- այսօր «Բազե» երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով բազեական երիտասարդներից մեկի բարձրացրած հարցին, որը վերաբերում էր բուհերում վարձավճարների թանկացմանը:
Շարունակելով թեման՝ նախարարն ասաց. «Մենք ունենք հարաբերականորեն բարձր վարձավճարներ: Բայց երբ համեմատում ենք ուսման վարձը հարևան երկրների հետ, տեսնում ենք, որ նոմինալ արժեքով դրանք բարձր չեն»:
Պարոն Աշոտյանը բազեականներին ասաց, թե ազնիվ է լինելու, քանի որ անազնիվ լինելը լավ բան չէ, հատկապես քաղաքական գործիչների համար:
Անկեղծության շարքից պարոն Աշոտյանը, օրինակ, նշեց, թե ժամանակին վերջին զանգերի սցենարներ է գրել և այլն:
Կարդացեք նաև
Անդրադառնալով վերջին օրերին ուսանողների բարձրացրած ընդվզմանը՝ կապված բուհերի վարձավճարների թանկացման հետ նշեց, որ այդ հայտարարություններում երևում են որոշ մարդկանց «երկար ականջները, երկար պոչերն ու մազերը» ու շեշտեց. «Առաջին կուրսեցու սոցիալական պրոբլեմը ձեր ու մեր՝ կառավարության խնդիրն է, և ով փորձի մտնել մատի ու մատանու արանքը, նրա դիմակը երկար չի դիմանա»:
Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ ոչ մի լավ սովորող ուսանող բուհից դուրս չպիտի մնա վարձավճարը վճարել չկարողանալու պատճառով՝ մատնանշելով ուսանողական վարկերի, ուսման վարձի զեղչման համակարգը:
Պարոն Աշոտյանը նշեց, որ օրենսդրորեն պետք է ֆիքսել, թե բուհերը իրենց բյուջեների որ տոկոսն են ուղղում զեղչային համակարգին:
Այնուհետև նախարարը մանրամասնեց. «Ուսանողները վճարում են վարձեր, բայց բուհերում չեն կարողանում սոցիալական օգնություն ստանալ: Մենք օրինագծով ուզում ենք ֆիքսել այնպիսի շեմ, որ դրան համապատասխան զեղչային համակարգն ուղղեն միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ, մեկ և ավելի երեխա ունեցող ուսանող- մայրերի, զոհված ազատամարտիկների երեխաներին: Օրենքի նախագիծը կքննարկվի նաև երիտասարդական ու ուսանողական հաստատությունների հետ: Ուստի կսպասեմ ձեր առաջարկություններին»:
ԿԳ նախարարը փաստեց, որ այս տարի հարյուր անվճար ուսուցման տեղ է թափուր մնացել ու շեշտեց. «Բայց անգամ անվճար սովորելու խաթր, տղաներն անգամ տարկետման իրավունքի համար չեն գնում այդ մասնագիտություններով սովորելու: Գուցե այսօր դրանք ճռճռան ու բոհեմային մասնագիտություններ չեն, բայց պետության համար կարևոր են»:
Ուսանողներից մեկն էլ առաջարկեց, թե լավ կլինի, որ բուհերի բոլոր ֆակուլտետները նույն վարձավճարն ունենան: ԿԳ նախարարը դա անիրատեսական համարեց ու մանրամասնեց. «Մեկ տնտեսագետ պատրաստելու համար պետության մակարդակով պահանջվում է վեց անգամ ավելի քիչ գումար, քան մեկ դաշնակահար պատրաստելու համար: Կենսաբան պատրաստելը երեք անգամ ավելի թանկ է, քան իրավաբան պատրաստելը»:
Արմեն Աշոտյանի կարծիքով՝ այսօր մեր կրթության թիվ մեկ պրոբլեմը փողը չէ, այլ իր և բոլորի մտածելակերպը: Այն հարցին, թե ինչու մեխանիզմներ չեն ստեղծվում, որ արտերկրում կրթություն ստացող ուսանողները վերադառնան հայրենիք, Արմեն Աշոտյանն ասաց, որ այդ հարցում կարոտախտի տարրեր կան ու դա անհնար է անել շուկայական հարաբերությունների պարագայում:
Նախարարը բազեականների հետ քննարկեց նաև ընդունելության քննություններին, քոլեջներին, կրթական ոլորտում սերնդափոխությանը վերաբերող հարցեր:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Եթե որոշել է որ նոր է ազնիվ լինելու, գոնե որ որոշել է դա լավ , բայց դե գիտենք որ չի կարող, ու չենք էլ հավատում: ՀՀ-ում կրթությունը ավերակ դարձնողը ոնց կարող է ազնիվ լինել: