Կապանի եւ Մեղրու տարածաշրջանների բնակիչները սեպտեմբերի 29-ին կայանալիք ընտրության մասին տարբեր կարծիքներ ունեն: Ոմանք մտածում են, որ առաջիկա ընտրությունը չի տարբերվի մյուս ընտրություններից եւ կլինի հերթական անարդար ու ընտրակեղծիքներով լեցուն ընտրությունը, իսկ ոմանք համոզված են, որ այս անգամ համեմատաբար արդար ընտրություն կանցկացվի եւ ընտրակաշառքը դերակատարություն չի ունենա ընտրությունների արդյունքի վրա, որոշ բնակիչներ էլ կարծում են, որ ընտրություն, որպես այդպիսին, վաղուց գոյություն չունի:
«Ես միշտ ասել եմ, ու էլի ասում եմ, քանի մենք մասնակցում ենք իշխանությունների կողմից կազմակերպված ցանկացած միջոցառման, որքան էլ որ վեհ լինեն այդ մասնակցությունը հիմնավորող նպատակները, մենք լեգիտիմացնում ենք ավազակապետությունը: Ու ոչ մի կերպ քրեական դաշտից քաղաքական դաշտ ընտրությունները չենք տեղափոխում: Ընդհակառակը, լայն հնարավորություններ ենք ընձեռում կրիմինալին իր ողջ պոտենցիալը ռեալիզացնելու համար: Իշխանության հիմքերից մեկը հենց բռնի ուժն է ու բոլորին մշտապես ապացուցելը, որ իրենք ինչ ուզում են՝ անում են ու եթե պետք է սարից մի հատ ոչխար, բառիս բուն իմաստով, կբռնեն, կբերեն ու դեպուտատ կսարքեն, բայց ոչ մի ձև չեն թողնի, որ ընդդիմությունը ընտրություններում հաղթի: Վախեցեք, հույս մի ունեցեք, ենթարկվեք: Այ էս երեք սկզբունքների վրա է կառուցված հիմիկվա իշխանությունը ու իրենք այդ սկզբունքներից ոչ մի քայլ հետ չեն կանգնի, քանի որ կասկածի տակ կդնեն իրենց իշխանության ամրությունը: Ընտրությունները վաղուց վերածված են ֆարսի: Իշխանությունն էլ տոկոս «խփելու» մեծ սիրահար է», – ասաց Կապանի բնակիչ Մհեր Միրզոյանը եւ ընդդիմադիր ուժերին առաջարկեց թեկնածու չառաջադրել, փոխարենը՝ բոյկոտել ընտրությունը, քանի որ համոզված է՝ ՀՀԿ-ն, ինչպես միշտ, իր սև գործը կանի՝ ընտրակաշառք բաժանելով, լծակներն օգտագործելով եւ այլն:
Կապանի բնակչուհի Սվետլանա Գեւորգյանը լավատես է եւ համոզված է, որ սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունը որակական առումով կտարբերվի մինչ այժմ կազմակերպված ընտրություններից եւ արդար ընտրություն կանցկացվի: «Կարծում եմ `այս ընտրություններն արդար կլինեն, որովհետև արդեն նախավերջին և վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ նույնպես հնարամիտ են դարձել. ասել է թե` ընտրակաշառքը այլևս ոչ միայն իր դերակատարությունը կորցրեց, այլև` ուժը: Մարդիկ կարծես թե ավելի անկաշկանդ են դարձել ու կարողանում են ճիշտ կողմնորոշվել. նրանք, նույնիսկ եթե կաշառվեն էլ, միևնույն է ` իրենց «քվեատուփ նետած» ձայնը անկաշառ է լինելու», – նշեց նա:
Մեղրի քաղաքի բնակչուհի Լուսինե Մկրտչյանը չի հավատում, որ ընտրությունները կանցկացվեն արդար ձեւով եւ նշում, որ այդպես կարծելու իր պատճառն ունի:
«Ես չեմ սպասում արդար ընտրությունների, ոչ միայն նրա համար, որ իրենց գործը վերևից կանեն հետո, այլ կարծում եմ՝ մարդիկ իրենք էլ չգիտեն՝ ինչ են ուզում: Խառնում են քաղաքականությունը բարեգործության հետ եւ հետո մեր ՀՀ-ն էլ մեր Մեղրիի նման փոքր տեղ է, ծանոթ-բարեկամ-խնամի-ընկեր կապը դերակատարում ունի այս հարցում»,- ասաց Լուսինեն:
Կապանցի Էդգար Հովհաննիսյանը կարծում է՝ որակական առումով քիչ տարբերություն կլինի առաջիկա եւ ավելի քան մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրության միջեւ, քանի որ առաջին հերթին ընտրական տեխնոլոգիաները նույնն են մնացել, ու որքան էլ ցավալի է, ընտրողների սպասելիքներն էլ շատ չեն փոխվել մինչեւ օրս: «Հիմնական զանգվածը, բողոքելով ներկայիս կյանքի դժվարություններից, միևնույն է՝ ակնկալելու է հավանական թեկնածուների «պարգևավճարներ»: Շատ մեծ ակնկալիք չունեմ առաջադրվելիք թեկնածուներից, ընտրվողը կլրացնի ԱԺ-ում գրեթե անգործության մատնվածների շարքերը: Մեկ բան ևս. մինչ այժմ, որքան գիտեմ, առաջադրումներ չեն եղել, ինչն ապացուցում է այն հանգամանքը, որ դա էլ է արժեզրկվել, և հավանական թեկնածուներն էլ իրենց առաջադրումը պայմանավորում են ավելի շատ ինչ-որ անհատներից «դաբրոներ» ստանալու, քան իրական ժողովրդի ընտրյալ լինելու հանգամանքով: Կապանցին վերջին հինգ, վեց տարում ցույց է տվել, որ ունի իր կարծիքն արտահայտելու համարձակություն, մնում է միայն նրան չզրկեն ընտրելու իրավունքից, ինչպես դա տեղի ունեցավ վերջերս, երբ թիվ 38 ԸԸՀ-ն նրան զրկեց տեղական հանրաքվեի մասնակցելու և առանձին վերցրած հարցի շուրջ իր կարծիքը հայտնելու հնարավորությունից….», – իր կարծիքը հայտնեց Էդգար Հովհաննիսյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ